Հայաստանում ՏՍՏ անձանց տրամադրվող ՄԻԱՎ-ին առնչվող ծառայությունների վերլուծության ներկայացում

2021 թվականի հուլիս 23-ին տեղի ունեցավ «Հայաստանում ՏՍՏ անձանց տրամադրվող ՄԻԱՎ-ին առնչվող ծառայությունների վերլուծության ներկայացում» հանդիպում-քննարկումը, որը կազմակերպվել էր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից Եվրասիական տարածաշրջանային կոնսորցիումի մաս կազմող Առողջության, իրավունքի, սեռական և գենդերային բազմազանության եվրասիական կոալիցիայի (ԵԿՈՄ) դրամաշնորհի շրջանակներում  քաղաքացիական հասարակության ցանցերի Ռոբերտ Կարրի հիմնադրամի (RCF) ֆոնդերի հաշվին։

 

Հանդիպմանը մասնակցում էին ՏՍՏ և տրանս* անձանց հիմնախնդիրներով զբաղվող ոլորտային հասարակական կազմակերպությունների, ՀՀ Առողջապահության նախարարության, ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի, ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համարգող հանձնաժողովի (ՄՀՀ), ինչպես նաև ՏՍՏ համայնքի ներկայացուցիչներ։

 

Հանդիպման սկզբում բացման խոսքով հանդես եկավ ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը՝ շնորհակալություն հայտնելով հյուրերին հրավերը ընդունելու և հանդիպմանը ներկա գտնվելու համար։ Նա նաև հյուրերին ծանոթացրեց հանդիպման օրակարգին։

 

Հանդիպման խոսնակներից առաջինը ԵԿՈՄ-ի կարողությունների զարգացման համակարգող Օլենա Գերմանն էր, որը ներկայացրեց «ՄԻԱՎ-ի ծառայությունների հայաստանյան կասկադի և տարածաշրջանային այլ կասկադների համեմատությունը»՝ խոսելով ՄԻԱՎ-ի կանխարգելման ՄԱԿ-ի ցուցանիշներից, այդ ցուցանիշներին հասնելու ուղղությամբ իրականացված և նախատեսվելիք աշխատանքներից, ինչպես նաև ՏՍՏ անձանց շրջանում ՄԻԱՎ-ի և ՍՃՓՎ-ի կանխարգելմանն ուղղված  համակարգային ծառայությունների իրականացման գործիքից՝ MSMIT։

 

Մյուս խոսնակը ազգային փորձագետ Հմայակ Ավետիսյանն էր, որը ներկայացրեց ««Հայաստանում ՏՍՏ անձանց տրամադրվող ՄԻԱՎ-ին առնչվող ծառայությունների վերլուծությունը»՝ խոսելով հետազոտության նպատակի, խնդիրների, կառուցվածքի և մեթոդների, ինչպես նաև ըստ 5 բաժինների («Համայնքային զարգացում», «ՏՍՏ անձանց նկատմամբ բռնության հասցեավորում», «Պահպանակների և լուբրիկանտների ծրագիր», «Առողջապահական ծառայությունների մատակարարում», «Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների օգտագործում»)` վերլուծության ընթացքում դիտարկված խնդիրների, բացերի մասին։ Ելույթի վերջում  ներկայացվեցին առաջարկություններ և եզրակացություն, որոնք հետագայում ամփոփվելու են ադվոկացիոն պլանի մեջ։

 

Հանդիպման մասնակիցները ակտիվ քննարկում ունեցան վերլուծությունների վերաբերյալ, հանդես եկան առաջարկություններով և դիտարկումներով, որոնք հաշվի կառնվեն հետագայում ադվոկացիոն պլանի մշակման գործընթացներում։

 

 Հանդիպումն անցավ ակտիվ հարց ու պատասխանի, քննարկումների մթնոլորտում։