ԱՆՁԱՆՑ ԾԵԾԻ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ ՎԵՐՋԻՆՆԵՐԻՍ ԵՆԹԱԴՐՅԱԼ ՍԵՌԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

2021թ-ի հունիսի 15-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ (ՆՍՀԿ) է դիմել տրանս անձ, ՆՍՀԿ շահառու Դ․Մ․-ն (անունը փոխված է)։ Վերջինս հայտնել է, որ  իր ընկերների հետ զբոսնելիս է եղել, երբ մի խումբ անձինք՝ ենթադրություններ անելով վերջիններիս սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության վերաբերյալ նրանց հետևից վիրավորական արտահայտություններ են արել և հայհոյել։ Դ․Մ․-ն ու նրա ընկերները, հասկանալով պահի լրջությունը, անտեսել են այդ ամենը և շարունակել իրենց զբոսանքը։ Սակայն այդ անձինք, հետապնդելով  Դ․Մ․-ին ու նրա ընկերներին, հարձակվել են վերջիններիս վրա, ոտքերով խփել և ձեռքերով քաշքշել են։  Դ․Մ․-ն և նրա ընկերները վնասվածքներ չեն ստացել, միայն հագուստներն են պատռվել։ 

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ իրավաբանի կողմից տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն, առաջարկվել է դեպքի առթիվ հանցագործության մասին հաղորդում ներկայացնել։ Սակայն վերջիններս հրաժարվել են։ 

 

Համաձայն ՆՍՀԿ-ի դեպքերի վերլուծության՝ Հայաստանում 2020-2021թթ-ին սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականության, բռնության և խոշտանգման դեպքերի աճ է արձանագրվել ։ Այս դեպքը գալիս է ևս մեկ անգամ վկայելու, որ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության պատճառով անձանց նկատմամբ հասարակության խտրական և անհանդուրժող վերաբերմունքն առավել խորն է և բռնկուն։