ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ ՏՐԱՆՍԳԵՆԴԵՐ ԿՆՈՋ ՆԿԱՏՄԱՄԲ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԳՈՐԾՈՎ ՆՍՀԿ ՓԱՍՏԱԲԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԲՈՂՈՔԸ

2021թ-ի մայիսի 26-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում (Դատարան) դատավորներ Անդրանիկ Մնացականյանի, Մհեր Արղամանյանի և Մխիթար Պապոյանի մասնակցությամբ տեղի ունեցավ տրանսգենդեր անձ Է․Ա․-ի նկատմամբ սպանության փորձի գործով  «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանի ներկայացրած բողոքի քննությունը։ Փաստաբանը վերաքննիչ բողոքով խնդրել էր Դատարանից բեկանել և փոփոխել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021թ-ի փետրվարի 3-ի վճիռը և գործն ուղարկել ստորադաս դատարան նոր ծավալով քննության։ 

Բողոքի քննությանը չէր ներկայացել գործով դատախազը։ 

Նույն օրը հրապարակվեց որոշումը, որի համաձայն  Դատարանը մերժեց Արա Ղարագյոզյանի ներկայացրած բողոքը։  

 

Գործի նախապատմությունը`    

  

Տրանս անձ Է. Ա.ի ծառայություններից օգտվելու նպատակով նրա բնակարան այցելած անձը, իմանալով վերջինիս գենդերային ինքնության մասին,  այրել է բնակարանն ու հեռացել։ Է.Ա.-ն ստացել է ծանր մարմնական վնասվածքներ  և այրվածքներ։ Է. Ա.-ն հրաժարվել է իր նախկին փաստաբանից և դիմել «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ, որը տուժողին տրամադրել է փաստաբանի ծառայություններ՝ ի դեմս Արա Ղարագյոզյանի։  

Մինչ օրս տվյալ գործով 3 անգամ փոխվել է գործով նախագահող դատավորը, ինչի հետևանքով գործի քննությունը ամեն 

անգամ սկսվում էր սկզբից և ավարտին չէր մոտենում։   

  

Ամբաստանյալը միջնորդություն է ներկայացրել արագացված դատաքննություն անցկացնելու վերաբերյալ։ Մեղադրողի 

կողմից դատական քննության արագացված կարգ կիրառելու դեմ առարկություն չի ներկայացվել։ Չնայած տուժողի փաստաբանի կողմից ներկայացված առարկությունը և ներկայացրած հիմքերին Դատարանը 2021թ-ի հունվարի 21-ին որոշում է կայացրել արագացված դատաքննության անցկացնելու մասին։  

  

2021թ․-ի փետվարի 3-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճռով ամբաստանյալը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտվել է ազատազրկման։ Վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 3 տարի, 5 ամիս, 28 օր ժամկետով։    

«Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի կիրառմամբ ամբաստանյալը ազատվել է հանցագործության համար նշանակված պատիժը կրելուց։  

 

2021թ-ի մարտի 17-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք, խնդրելով բեկանել և փոփոխել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և գործն ուղարկել ստորադաս դատարան նոր ծավալով քննության։  

Վերաքննիչ դատարանի կողմից 2021թ-ի մարտի 26-ին փաստաբանի կողմից ներկայացված բողոքը ընդունվել է վարույթ։