IDAHOBIT-2021 «ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ, ԱՌԱՋԸՆԹԱՑԸ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Ամեն տարի մայիսի 17-ն աշխարհում նշվում է որպես հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր:

1990թ․-ի մայիսի 17-ին նույնասեռականությունը հանվեց ԱՀԿ հիվանդությունների միջազգային դասակարգչի հոգեկան խանգարումների ցանկից։

Ահա թե ինչու է մայիսի 17-ը նշվում որպես հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր:

Այժմ՝ տասնյակ տարիներ անց, աշխարհի շատ պետություններ կատարելագործել են հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի մեխանիզմները և ստեղծել են անվտանգ, ատելությունից ու բռնությունից զերծ միջավայր ԼԳԲՏԻ անձանց համար:

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն յուրաքանչյուր տարի անդրադարձ է կատարում օրվա խորհրդին և կազմակերպում միջոցառումներ՝ ակցիաների, քննարկումների և ասուլիսների տեսքով՝ ԼԳԲՏԻ մարդկանց հիմնախնդիրների վրա հանրային ուշադրություն հրավիրելու նպատակով։

Այս տարի՝ մայիսի 17-ին, միջոցառումն անցկացվեց «ԼԳԲՏԻ համայնքը Հայաստանում․ հիմնախնդիրները, առաջընթացը և հնարավորությունները» խորագրով հանդիպում-քննարկման միջոցով: Քննարկմանը մասնակցում էին Հայաստանում դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների, ՀՀ պետական մարմինների, տեղական ՀԿ-երի, համայնքահեն ՀԿ-երի և համայնքների ներկայացուցիչներ, լրագրողներ, իրավապաշտպաններ և ակտիվիստներ։ 

Քննարկման սկզբում բացման խոսքով ելույթ ունեցավ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը, ով շնորհակալություն հայտնեց միջոցառման մասնակիցներին հրավերը ընդունելու և ներկա գտնվելու համար, կարևորեց երկխոսությունը շահագրգիռ բոլոր կողմերի հետ։  

 

Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկան օտարերկրյա դիվանագիտական կառույցների ներկայացուցիչները՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի դեսպան Ջոն Գալագերը, Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխդեսպան Էլիզաբեթ Քուզին, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը,  Նիդերլանդների Թագավորության փոխդեսպան Ջորջ Մոնսանտան, Շվեյցարիայի Համադաշնության փոխդեսպան Վերներ Թյութը, Շվեդիայի Թագավորության Թագավորության փոխդեսպան Իզաբելլա Էրիկսոնը, Արգենտինայի դեսպանության ներկայացուցիչ Լաուրա Ֆրակասսան, ովքեր վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը` հնարավորինս օգնելու, որպեսզի Հայաստանում խարանը և խտրականությունը դուրս մղվեն հասարակությունից: Նրանք նաև անդրադարձան այն հնարավորություններին և ծրագրերին, որոնք իրենց կառույցները իրականացնում են կամ նախատեսում են ԼԳԲՏԻ անձանց և նրանց հիմնախնդիրների լուծման համար։ Հանդիպմանը հյուրերը, համայնքի ներկայացուցիչները հնարավորություն ունեցան հղելու իրենց հարցերը դիվանագիտական մարմինների ներկայացուցիչներին և ստանալու պատասխաններ։

Ողջույնի խոսքերից հետո հարթակը այն անձանցն էր, որոնք հպարտության պատմություններ ունեին կիսելու լսարանի հետ։ Քննարկման մասնակիցները նշեցին, որ հպարտ են իրենց ինքնությամբ և գործունեությամբ։ Ճիշտ է, եղել են ժամանակներ, երբ տարատեսակ ճնշումները զրկել են նրանց հպարտության զգացողությունից, սակայն հաղթահարել են դժվարությունները։ Հպարտ իրավապաշտպան Արման Սահակյանը նշեց, որ իր համար կարևոր է Հայաստանում ամենախոցելի մարդկանց իրավունքների պաշտպանությունը։ 

 

 Հպարտ տրանսգենդեր կին Սեդա Ղազարյանը նշեց, որ տրանս* անձինք անգամ ընտանիքիների կողմից չեն ընդունվում, այնինչ չափազանց կարևոր է ընտանիքի աջակցությունը։ Նա բազում դժվարություններ է անցել, մինչև հասել է այն բանին, որ հպարտորեն ընդունի ինքն իրեն և բոլորի առջև խոսի իր պատմության մասին։ ԼԳԲՏԻ անձանց խնդիրների մասին հպարտորեն իրազեկող Նորա Աղազարյանը նշեց, որ ինքը օգտագործում է իրական և առցանց բոլոր հարթակները հասարակության իրազեկվածության մակարդակը բարձրացնելու համար։ Ճիշտ է, ազատորեն խոսելը իր անձի նկատմամբ ատելության և բռնության կոչերի է բերում, բայց դա նրան չի կանգնեցնում։ Քննարկման մյուս մասնակից Հմայակ Ավետիսյանը հպարտորեն ջատագովում է ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանությունը։ Ճիշտ է, Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների մասին խոսելը խիզախություն է պահանջում, սակայն անարդարության դեմ և հանուն հավասարության պայքարը նրան դարձրել է համարձակ ու անկոտրում։

 

Քննարկման վերջում մասնակիցները կիսեցին իրենց խորհուրդները բոլոր նրանց հետ, ովքեր կյանքի որևէ փուլում հուսահատ են, ընկճված, չեն ընդունում իրենց սեռականությունը և ինքնությունը։

 Միջոցառումը շարունակեցին ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանությամբ և ջատագովությամբ զբաղվող ՀԿ ներկայացուցիչները, որոնք պատմեցին իրենց կազմակերպությունների գործունեության, իրականացրած ծրագրերի և ԼԳԲՏԻ անձանց տրամադրվող ծառայությունների մասին։ Շնորհանդեսներով հանդես եկան «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը, «Իրավունքի կողմ» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը, «Ֆիռլես» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նորա Աղազարյանը և «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ ծրագրերի համակարգող Հմայակ Ավետիսյանը։

Միջոցառման ավարտին տեղի ունեցավ «Հավասարության հասնելու ճանապարհին» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը:

 

 


Միջոցառումն իրականացվել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի ֆինանսական աջակցությամբ: