ՎԻՐԱՎՈՐՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԵՎ ԳԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԸ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է
2020թ․-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում ժամկետային զինծառայող Ս․Մ-ն ստացել է հրազենային և բեկորային վնասվածք, այնուհետև մի քանի օր անց գերի է ընկել։ Գերության մեջ գտնվելու ընթացքում զինվորին առաջին բուժօգնություն է տրամադրվել Կարմիչ խաչի միջազգային կոմիտեի կողմից։ 2020թ-ի դեկտեմբեր ամսին մի շարք գերիների հետ Ս․Մ․-ն ևս վերադարձել է Հայաստանի Հանրապետություն (ՀՀ)։ Վերջինիս հետ անհատական հոգեբանական աշխատանք է իրականացվել, սակայն վնասվածնքների համար բուժում չի արվել։
ՀՀ կառավարության կողմից 2021 թվականի հունվարի 27-ի N 90-Լ որոշմամբ հաստատվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի հանրապետության կողմից Արցախի հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների սոցիալական աջակցության տրամադրման կարգը։ Սակայն գերությունից վերադարձած զինվորին աջակցությունը չի տրամադրվել։
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ իրավաբան Շուշան Խնկոյանը կապ է հաստատել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ճշտելու խնդիրը։ Նախարարության կողմից պարզաբանել են, որ աջակցության տրամադրման դիմում մերժվել է, քանի որ զինծառայողը բուժումը ՀՀ-ում չի ստացել: Միաժամանակ հաղորդել են, որ զինծառայողը կարող է փաստաթուղթ ներկայացնել, որ Ադրբեջանի Հանարապետությունում է բուժումը ստացել, որպեսզի դիմումը հաստատվի։
Վերոգրյալի առթիվ դիմում է ներկայացվել Կարմիր խաչի կոմիտեին՝ զինծառայողին առաջին բուժօգնություն տրամադրելու վերաբերյալ փաստաթուղթ ստանալու համար։
Միաժամանակ Կազմակերպության իրավաբանի աջակցությամբ դիմումներ են ուղարկվել նաև ՀՀ վարչապետին, Պաշտպանության նախարարություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ պատշաճ բուժզննում իրականացնելու և աջակցության ծրագրից օգտվելու համար։
Արդյունքում զինծառայողը անցել է բուժզննում և 2021թ-ի ապրիլի 21-ին աջակցության տրամադրման դիմումը հաստատվել է։