ՆՍՀԿ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԱԾ ԱՐԳԵԼԱՆՔԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է

2021թ․-ի մարտի 29-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ (ՆՍՀԿ) է դիմել ՆՍՀԿ շահառու Հ․Բ․-ն։ Վերջինս հայտնել է, որ 2020թ.-ին «Յուքոմ» ՓԲԸ ընկերության կողմից COVID-19-ով պայմանավորված ՀՀ կառավարության կողմից հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում ինտերնետից օգտվելու համար հավելյալ ծավալ է տրամադրվել, որի պարտքը կազմել է 20,000 ՀՀ դրամ։ Ժամանակին վճարումը չկատարելու համար հաշվարկվել է տոկոսներ։ Դիմողը պարտքը մարել է մաս-մաս և վերջին վճարումը կատարել  2021թ-ի փետրվարի 18-ին։   

 

«Յուքոմ» ՓԲԸ-ի կողմից վճարումը չկատարելու համար գործը ուղարկվել է դատարան և 2021թ-ի մարտի 4-ին միջնորդություն է ներկայացվել՝ կատարողական թերթի  տրամադրման վերաբերյալ։ 2021թ-ի մարտի 24-ին Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության կողմից արգելանք է կիրառվել Հ․Բ․-ի նկատմամբ։ 

 

ՆՍՀԿ-ի կողմից տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն։ Կազմակերպության իրավաբանի աջակցությամբ դիմումներ են ուղարկվել «Յուքոմ» ՓԲԸ-ին և ԴԱՀԿ ծառայությանը՝ արգելանքը վերացնելու և հարկադիր կատարման ծառայության համար գանձված գումարը վերադարձնելու պահանջով։ 

 

Արդյունքում Հ․Բ․-ի նկատմամբ կիրառված արգելանքը վերացվել է և հարկադիր կատարման ծառայության համար գանձված գումարը վերադարձվել։