ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՏԱԼԻՍ Է ԱՐԴՅՈՒՆՔ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ են դիմել օտարերկրյա քաղաքացիներ Ա․Ս․-ն (անունը փոխված է) և Ա․Մ․-ն (անունը փոխված է), որոնց մոտ լնդային տրանսուդատի հետազոտման արդյունքում հայտնաբերվել է ՄԻԱՎ դրական կարգավիճակ։ Վերջիններս ուղորդվել են ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ (ԻՀԱԿ)՝ հետագա հետազոտությունների և ՄԻԱՎ-ի հաստատման դեպքում դիսպանսերային հսկողության անցնելու և բուժում ստանալու համար։ Հետազոտության արդյունքում ՄԻԱՎ դրական կարգավիճակը հաստատվել է, սակայն շահառուներին անհրաժեշտ դեղորայքը չի տրամադրվել, քանի որ չեն ունեցել ՀՀ կացության քարտ։ 

 

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն գրությամբ դիմել էր ՀՀ Առողջապահության նախարարություն, այնուհետև ԻՀԱԿ, խնդրելով տրամադրել բժշկական օգնություն ու սպասարկում՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով։ 

Համագործակցության արդյունքում օտարերկրյա քաղաքացիները ընդգրկվել են  բուժման և խնամքի ծառայություններում։ 

 

 «Նոր Սերունդ» Մարդասիրական  ՀԿ-ն շնորհակալություն է հայտնում ՀՀ Առողջապահության նախարարությանը և «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ին արդյունավետ համագործակցության համար։ 

 

 

Պարզաբանում 

«Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքի հոդված 8 

  • ՀՀ տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց օրգանիզմում ՄԻԱՎ-ի հայտնաբերման դեպքում նրանց բուժումը կազմակերպվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:  

 

ՀՀ առողջապահության նախարարի 22.11.2013 թվականի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման եւ բուժման կազմակերպման չափորոշիչը հաստատելու մասին» № 75-Ն որոշման 13-րդ կետ 

  • ՀՌՎ բուժումն անվճար է և տրամադրվում է ցուցում ունեցող բոլոր հիվանդներին, որոնք տվել են իրենց համաձայնությունը բուժման վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ստանալուց հետո: