2021 թվականի մարտի 26-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն կազմակերպել էր «ՄԻԱՎ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» խորագրով հանդիպում-քննարկումը։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ Առողջապահության նախարարության, ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ի, տեղական հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև համայնքահեն ՀԿ-ների և համայնքի
ներկայացուցիչներ, ովքեր բարձրաձայնեցին իրենց անհանգստացնող հարցերը և ստանալ դրանց սպառիչ պատասխանները ոլորտային փորձագետների և մասնագետների կողմից։ Հանդիպման սկզբում բացման խոսքով հանդես եկավ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի նախագահ Սերգեյ Գաբրիելյանը, ով ողջունեց ներկաներին և մաղթեց արդյունավետ քննարկում։
Ներկայացան զեկուցողներ Անահիտ Հարությունյանը և ՀԿ-ի իրավաբան Լուսինե Գալստյանը։
Անահիտ Հարությունյանը սկզբում ներկայացրեց «ՄԻԱՎ-ի նախակոնտակտային և հետկոնտակտային կանխարգելման, ՄԻԱՎ-ի վերաբերյալ արյան արագ հետազոտության ծառայությունների տրամադրումը կարգավորող ՀՀ օրենսդրության վերաբերյալ զեկույցը, այնուհետև ՀՀ ազգային բյուջեում ՏՍՏ և տրանս* անձանց տրամադրվող սոցիալական և առողջապահական ծառայությունների բացերը հասցեավորող ադվոկացիոն ճանապարհային
քարտեզը, որը մշակվել էր «Բյուջետային անալիզը որոշումների կայացման գործընթացում թիրախ խմբերի ներգրավվածության համար» ծրագրի շրջանակներում Եվրասիական տարածաշրջանային կոնսորցիումի մաս կազմող Վնասի նվազեցման եվրասիական ասոցիացիայի (EHRA) ֆինանսական աջակցությամբ, քաղաքացիական հասարակության ցանցերի Ռոբերտ Կարրի հիմնադրամի (RCF) ֆոնդերի հաշվին։
Իրավաբան Լուսինե Գասպարյանը ներկայացրեց ՄԻԱՎ-ի նախակոնտակտային և հետկոնտակտային կանխարգելման (PrEP, PEP) միջոցների վերաբերյալ տեղական և միջազգային ուղեցույցների համեմատական զեկույցը։
Խոսվեց ՄԻԱՎ-ի նախակոնտակտային և հետկոնտակտային միջոցների, դրանց ֆինանսավորման, տարիքային սահմանափակման և հնարավոր ազդեցությունների մասին։ Բանախոսների կողմից ներկայացրած նյութերից հետո տրվեցին համապատասխան հարցեր, որոնք ստացան պատասխաններ։ Քննարկման ընթացքում մասնագետները փոխանակեցին իրենց ունեցած փորձը, ինչպես նաև կիսեցին քննարկումից ստացած իրենց տպավորությունները։
Առողջապահության նախարարությունը նշեց, որ աշխատում է բարձրաձայնված խնդիրների լուծման ուղղությամբ և արդեն իսկ որոշակի առաջընթաց է գրանցվել այդ ոլորտում։
Քննարկման ընթացքում շեշտվեց նաև ՄԻԱՎ-ի նախակոնտակտային և հետկոնտակտային կանխարգելման միջոցների մասին իրազեկվածության բացը Հայաստանում։
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն նշեց, որ այս բացը լրացնելու նպատակով տպագրվել և բաժանվել են կրթատեղեկատվական նյութեր և նկարահանվել իրազեկությունը բարձրացնող սոցհոլովակներ, որոնք ցուցադրվեցին նաև հանդիպման ավարտին։
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն արդեն երկար տարիներ հանդիսանում է իրազեկող աղբյուր ՄԻԱՎ-ի, դրա նախակոնտակտային և հետկոնտակտային կանխարգելման աղբյուրների վերաբերյալ և տարեցտարի փորձում է բարձրացնել իրազեկության մակարդակը առավել խոցելի անձանց շրջանում։ Այս հանդիպման իրականացումը ևս հանդիսանում է ՀԿ-ի նպատակների արտացոլում և արտահայտում է դրա գաղափարախոսությունը։
Հանդիպման ավարտին մասնակիցները շնորհակալություն հայտնեցին միմյանց ձևավորած համագործակցությունների համար և պայմանավորվածություն ձեռք բերեցին հետագա զարգացումները միասնական իրականացնելու նպատակով։
Հանդիպում-քննարկումը կազմակերպվել էր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Շահերի պաշտպանություն և իրազեկության բարձրացում՝ ՀՀ հասարակության խոցելի խմբերի առողջության իրավունքի իրականացումն ապահովելու համար» ծրագրի շրջանակներում, Gilead Sciences կազմակերպության ֆինանսական աջակցությամբ: