ԴԱՍԸՆԹԱՑ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ
2021 թվականի մարտի 16-ին ՀՀ Ոստիկանության կրթահամալիրում վերապատրաստում անցնող սպաների համար տեղի ունեցավ վերապատրաստման հերթական դասընթացը, որը կազմակերպվել էր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի հետ համագործակցությամբ և Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի ֆինանսական աջակցությամբ։
Դասընթացի սկզբում ծրագրի համակարգող Ալինա Միրզոյանը ողջունեց բոլոր մասնակիցներին, ներկայացրեց կազմակերպությունը և գործունեության ոլորտները, դասընթացի նպատակը, թեմաները, փորձագետներին, նաև շնորհակալություն հայտնեց կրթահամալիրին շարունակական համագործակցության ապահովման համար։
Առաջին փորձագետ, իրավաբան Լուսինե Գասպարյանը ներկայացրեց «Մարդու իրավունքներ» թեման, խոսեց մարդու իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային օրենսդրությունից, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից, ինչպես նաև անդրադարձավ «Խտրականություն» թեմային։
Դասընթացը շարունակեց մյուս փորձագետ, իրավաբան Շուշան Խնկոյանը, ով խոսեց «Գենդերային հավասարություն» թեմայից՝ ներկայացնելով վիճակագրություն, ոլորտում առկա բացերը, կարգավորման մեխանիզմները։ Դասընթացավարը ներկայացրեց միջազգային փաստաթղթեր, որոնք առնչվում են թեմային՝ հատկապես առանձնացնելով «Ստամբուլյան կոնվենցիան», «Լանզարոտի կոնվենցիան», իրական նպատակները և նրա շուրջ ձևավորված միֆերը։
Դասընթացը ամփոփվեց հարց ու պատասխանով, ակտիվ քննարկումներով։
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի հետ համագործակցությամբ նման ձևաչափով դասընթացներ է կազմակերպում դեռևս 2019 թվականից և այս համագործակցությունը լինելու է շարունակական։