ՏՐԱՆՍԳԵՆԴԵՐ ՏՂԱՄԱՐԴԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
«Փոքր ժամանակվանից՝ հավանաբար 4-5 տարեկանից, երբ ինձ հարցրել են՝ մեծանաս, ի՞նչ ես դառնալու, ասել եմ՝ տղա,» -ասում է տրանսգենդեր տղամարդ Արմանը (անունը փոխվել է իր ցանկությամբ)։
ԼԳԲՏ հապավման մեջ Տ տառը հենց տրանս* անձինք են, ներառյալ՝ տրանս* տղամարդիկ։
Տրանս*-ը հովանոց տերմին է, որը կապ չունի սեռական կողմնորոշման հետ։ Տրանս* են այն անձինք, ում գենդերային ինքնությունը և սեփական գենդերի զգացումը այսպես, թե այնպես չի համընկնում ծննդյան պահին վերագրված սեռին։ Այն օգտագործվում է ավելի լայն իմաստով, որպեսզի ներառվեն հագուստափոխները (քրոսսդեսսերները), անկախ իրենց գենդերային ինքնությունից ու սեռական կողմնորոշումից։ Որոշ տրանս* անձինք իրենց նույնականացնում են հակառակ սեռի հետ, իսկ որոշները՝ բինար համակարգի սահմաններից դուրս են նույնականանում։ Լատիներեն տրանս նախդիրը նշանակում է «դեպի դուրս», այսպիսով՝ տրանս* անձինք «դուրս» են գալիս ծննդյան պահին իրենց վերագրված սեռից։
Տրանսգենդերը հավաքական տերմին է այն անձանց համար, ում ծննդյան պահին վերագրված սեռը չի համապատասխանում նորմաներին ու սպասումներին, որոնք ավանդաբար ասոցացվում են ծննդյան պահի սեռի հետ։ Տրանսգենդերներ տերմինը ներառում է նաև անձանց, ովքեր սեռափոխության վիրահատություն են անցել կամ գենդերի ոչ վիրահատական շտկման բժշկական միջամտություն են ունեցել (օրինակ՝ հորմոնաթերապիա):
Իսկ ո՞վ է տրանսգենդեր տղամարդը․․
Կենսաբանորեն իգական սեռի անհատն իրեն կարող է նույնականացնել որպես տղամարդ, ապրել որպես տղամարդ և արտահայտել իր գենդերը՝ ըստ տվյալ մշակույթում տղամարդուն բնորոշ արտահայտչամիջոցների: Այս դեպքում տվյալ անձն իրեն կարող է բնորոշել որպես տրանսգենդեր տղամարդ:
Սա միայն Օքսֆորդի բառարանի կողմից սահմանված նկարագիրն է։ Իսկ թե ի՞նչ են զգում տրանս* տղամարդիկ, ինչպիսի հարաբերություններ ունեն ընտանիքի հետ, ի՞նչ խնդիրների են բախվում հասարակության մեջ, քչերին է հայտնի։
Հայաստանում տրանս* տղամարդու կյանքից զրուցել ենք համայնքի ներկայացուցիչ Արմանի հետ, նա պատմում է սեփական փորձի ու զգացողությունների մասին ։
Գենդերային ընկալումների և զգացողությունների մասին
«Փոքր ժամանակվանից էլ իմ կենսաբանական սեռին սովորաբար վերագրվող վարքագիծ չեմ ունեցել. ակտիվ էի, բացարձակ նուրբ չէի,կոշտ, կոպիտ խաղեր էի սիրում,բոլոր նախընտրություններս տղաներին վերագրվողներին էին համապատասխանում: Բայց դրանք զուտ պայմանականություններ են: Ավելի կարևոր ա էն,որ ես միշտ էլ զգացել եմ,որ ես «պիտի տղա ծնված լինեի», ամեն դեպքում լուծումը էն ժամանակ տենց էի տեսնում,ու ըստ էության դա փակուղի էր. նորից ծնվելու հնարավորություն չունեի․․․ մինչև 20-21 տարեկան․․․մինչև որ «հայտնաբերեցի», որ ես միակը չեմ էտ իրավիճակում,որ եթե էտ իսկապես էն ա, ինչ ես ուզում եմ իմ կյանքում,տրանզիցիան կարա դրա լուծումը լինի»:
Տրանս* տղամարդիկանց բազում խնդիրներից է նաև ընտանիքում հասկացված լինելը, երբեմն ընտանիքը այդպես էլ չի իմանում նրանց կարգավիճակի մասին, երբեմն իմանալուց հետո սկսում է չընդունել. ինչքան մարդիկ, այնքան մարդկային պատմություններ։
Ընտանիքի և ես-ի բախումը
«Էս թեման երևի ամենացավոտներից ա, որովհետև ներկայիս իրականությունը ինձ ցույց տվեց, թե ինչքան փխրուն են մեր էտքան քարոզված ընտանիք, ծնողական աննախապայման սեր և նման ոճի ամպագոռգոռ հայտարարություններով քարոզված փուչ արժեքները: Որովհետև ամեն ինչ գործում ա ճիշտ էնքան ժամանակ,քանի դեռ դու՝ որպես զավակ, համապատասխանում ես ծնողիդ/ծնողներիդ ակնկալիքներին, ու հերիք ա ընդամենը մի քայլ դուրս դնել էտ նախապես գծված ճամփից, որ իրական պատկերն երևա: Որպես վերաջնարդյունք՝ բացարձակ ոչ մի կապ չունեմ ընտանիքիս արական թևի հետ: Ու շնորհակալություն աշխարհի ամենաամենամամայիս (որովհետև տենց աննախապայման սիրո,հավանաբար,մենակ մամաներն են ունակ),ով առաջին իսկ օրից թիկունքս պահել ա, ՉՆԱՅԱԾ ԱՄԵՆ ԻՆՉԻՆ»։
Խորհուրդներ տրանս* անձից
«Շատ բան չեմ կարա խորհուրդ տամ: Ամեն մեկը յուրովի ու յուրատեսակ ա անցնում էտ պրոցեսը: Ուղղակի պետք ա միշտ ինքդ քո հետ անկեղծ լինես, ինչքանով որ հնարավոր ա: Էտ հեշտ չի, էտ ահռելի աշխատանք ա ինքդ քո հետ՝ ինքդ քեզ բացահայտելու, ճանաչելու,հասկանալու, ընդունելու: Ճիշտ նույն կերպ,ոնց ուրիշներն են մեզ բացահայտում,փորձում ճանաչել, հասկանալ, ընդունել: Երբ գիտես,թե ինչ ես իսկապես ուզում, ճանապարհներն ու միջոցները սկսում են հայտնվել: Ու ի վերջո ամեն ինչ անցնում ա, եթե հիմա վատ ա, միշտ չի տենց լինելու: Ամեն ինչ փոխվում ա, մեր օրերում՝ կատաստրոֆիկ արագությամբ: It gets better.»:
Հասարակության մեջ տրանս* տղամարդիկ հաճախ են ենթարկվում տարբեր տեսակի խտրական վերաբերմունքի, դրանց արտահայտումները շատ են և անհատական։ Երբեմն խտրական վերաբերմունքը առաջացնում է բազմաթիվ խնդիրներ։
Խնդիրների մասին
«Շատ խնդիրներ կան,որոնց բախվում են ամբողջ աշխարհում թե՛ տրանս* անձինք, թե՛ համայնքի մյուս ներկայացուցիչները, թե՛ ըստ էության առհասարակ բոլոր փոքրամասնությունները. խարան, մատնանշումներ, բամբասանք, հարազատ մարդկանց, դաս/կուրս/-ընկերների, ծանոթ մարդկանց վատ վերաբերմունք և այլն,որոնք մենակ առաջին հայացքից են փոքր թվում,իրականում դրանք կաթիլ-կաթիլ թունավորում են կյանքը: Միջանձնային խնդիրներից բացի առաջանում են նաև իրավաբանական հարցեր՝ բանկում հաշիվ բացել, ապառիկով գնումներ կատարել, վարորդական իրավունք ձեռք բերել և այլն։ Անձնագրում սեռի նշումը փոխելու գործընթացի բարդությունը կամ նույնիսկ անհնարինությունը Հայաստանում բավականին մեծ խնդիր ա: Անուն փոխելը դեռ որոշ վերապահումներով ավելի իրականանալի երազանք ա»։
Խտրական վերաբերմունքի մասին
«Անկեղծ ասեմ տրանզիցիայից հետո կյանքը գոնե իմ համար մի քանի անգամ թեթևացել ա, բայց ամեն ինչ հարաբերականորեն խաղաղ ա էնքան ժամանակ,քանի դեռ չես «բացահայտվել»: Էտ նման ա վառոդի տակառի,որի վրա նստած ես,իսկ շուրջդ լիքը ծխող մարդ կա: Ամեն պահի մեկի՝ քո կողմ անփութորեն գցած ծխախոտի գլանակից տակառը կարա պայթի՝ իրա հետ հօդս ցնդացնելով քո աշխարհը: Խտրական վերաբերմունքն ավելի շատ հիշում եմ էն ժամանակ, երբ հասարակության համար դեռ «աղջիկ» կերպարանքի մեջ էի ու բացարձակ չէի համապատասխանում էտ դերին: Հասարակության ստանդարտների մեջ չէի տեղավորվում,հետևաբար խտրական վերաբերմունքն ավելի շատ էր»։
Գենդերային ինքնությունից կախված լինում են նաև հումորային պատմություններ:
Զավեշտալի դեպքերից
«Մի օր խանութի դրամարկղի հերթում սպասում էի,աչքս ընկավ կանացի բաժնի շարֆերի ցուցանակին: Սենց շատ վառ,գույնզգույն, հավես, ուշադրություն գրավող շարֆեր էին ու տենց մտքովս անցավ «որ աղջիկ լինեի, կարելի էր սրանցից գնել»: Հաջորդ պահին գիտակցությունս միացավ ու սկսեցի ծիծաղել: Չգիտեմ ինչքանով հիմա զավեշտալի կթվա կարդացողին,բայց էտ պահին իմ համար էնքան զավեշտալի էր,որ մենակով կանգնած բարձր ծիծաղում էի»:
Աշխարհը փոփոխելու հնարավորության մասին
«Շատ չէի խառնվի աշխարհի հարցերին, որովհետև ամեն փոփոխություն տարբեր ու բազմապիսի անկանխատեսելի հետևանքներ կարա ունենա: Ուղղակի մարդկանց մեջ չարությունը կուզեի ավելի քիչ լիներ, դրա տեղը հոգատար, ապրումակից լինելու պահանջմունքը կավելացնեի: Երևի ակնկալվում էր որ պիտի պատասխան լինի «արական սեռով ծնված լինեի» տրամաբանության մեջ,բայց իրականում հիմա ինձ ավելի շատ խանգարում ա ոչ թե արական սեռով ծնված չլինելը, այլ ի հեճուկս էտ հանգամանքի գենդերային ինքնությունս հաստատելու,հասարակությունում էտ «դերում» ինքնահաստատվելու պարտադրվածությունը,որը ներսից չի գալիս. ես վաղուց դրան էկել եմ իմ ներսում,ապացուցելու ոչ մի կարիք չունեմ,բայց հասարակությանը մի տեսակ պիտի դեռ համոզես, ապացուցես, թե ինչքանով ես էս կամ էն գենդերի մարդ:Ու դա դեռ էն դեպքում,երբ իմ ինքնության փաստը քչերին հայտնի ինֆորմացիա ա: Խնդիրն էն ա,որ ինձ հենց էտ սպեցիֆիկ նյուանսը՝ շատ պրիմիտիվ կերպով ասած մարմնամասը չունենալը,չի խանգարում իմ կյանքը կառուցել, (չնայած,եթե ես ընտրելու լինեի, դժվար թե ուզեի էսքան դժվար ու խոչընդոտներով լի ճամփա անցնել էտ բազալ պահանջմունքս բավարարելու համար,ավելի հեշտ կլիներ ուղղակի արական սեռով ծնվելը) այլ հասարակությունում ու առհասարակ աշխարհի կառուցվածքում տիրող կարծրատիպերն ու բարքերն են խանգարում»։
Արմանի հետ զրույցը մեկն է տրանսգենդեր տղամարդկանց բազում պատմություններից, որոնք գոյություն ունեն Հայաստանում, բայց թաքնված են կարծրատիպերի և հասարակության կողմից ես-ին տրված «նորմերի» ետևում։
Պատմությունները տարբեր են, հերոսները՝ նույնպես, սակայն սեփական ես-ին գտնելու ճանապարհը շարունակում է մնալ դժվար հաղթահարելի։
Սոսե Զաքարյան
Այս նյութի կազմումը և հրապարակումը հնարավոր է դարձել Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի ֆինանսական աջակցությամբ՝ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Կարողությունների զարգացում և հզորացում հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է հեղինակը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի և Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի տեսակետները: