ԳԲՏ ԱՆՁԻՆՔ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ

«Հայրենասիրությունը բացարձակ կապ չունի սեռական կողմնորոշման հետ»,- նշում է ԳԲՏ համայնքի ներկայացուցիչ Նարեկը (անունն իր կամքով փոխված է), ով պատերազմի առաջին իսկ օրից Արցախում է:

 

Արմատներով արցախցի 24-ամյա երիտասարդը չորս տարի առաջ ավարտել է ժամկետային զինվորական ծառայությունը, իսկ վերջին պատերազմին ռազմաճակատ կամավոր է գնացել: Նարեկի խոսքով՝ բանակում զինվորը լուրջ  դժվարությունների է բախվում, երբ բացահայտվում է վերջինիս ԳԲՏ համայնքի ներկայացուցիչ լինելը: Նարեկը, վախենալով հասարակության կողմից խտրականացվելուց, թաքցրել է սեռական կողմնորոշումը՝ համարելով, որ բանակում գաղտնի պահելն է անվտանգության միակ երաշխիքը. «Ծառայակից ընկերներիցս մեկի սեռական կողմնորոշումը բացահայտվել էր, որից հետո ողջ զորամասը թիրախավորել էր նրան: Անձնական բնույթի վիրավորանքներ էին հասցնում, ծնողներին վիրավորում, ֆիզիկական բռնության ենթարկում, որովհետև բանակում ամեն ինչ ավելի կոշտ է»:

 

Նարեկի խոսքով՝ զինված ուժերում ԳԲՏ բոլոր անձինք էլ նույն ճակատագիրն են ունենում՝ վիրավորանք, ֆիզիկական բռնություն, ենթարկվում են հոգեբանական ճնշումների. «Ապրել մի շրջապատում ու փորձել ինչ-որ ձևով պայքարել իրավունքներիդ համար, որտեղ կարող են անգամ ինքնասպանության հասցնել, անիմաստ է»:

 

ՀՀ կառավարության 404-Ն որոշման 8-րդ հոդվածով և պաշտպանության նախարարի 410-Ն հրամանով նույնասեռականությունը համարվում է անձի վարքային խանգարում և ԳԲՏ անձինք օրենքի այս կետերով ազատվում են զինվորական ծառայությունից:

 

 «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանի խոսքով՝  այս որոշումը նախորդ իշխանություններից ժառանգած տխրահռչակ որոշումն է, որն այս իշխանության օրոք էլ շարունակվում է. «Մի նժարին դրվում է անձի անվտանգ, ապահով ծառայելը, մյուսին՝ անձին իր սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության պատճառով պարտադիր զինվորական ծառայությունից ազատելը»։

 

Նշենք նաև, որ 1990 թ․-ի մայիսի 17-ին ԱՀԿ-ն (Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը) նույնասեռականություն ախտորոշումը հանել է հոգեկան հիվանդությունների շարքից:

 

Իրավաբան Շուշան Խնկոյանի խոսքով՝ եթե ԳԲՏ անձինք զորակոչվելուց առաջ հայտնում են իրենց սեռական կողմնորոշման մասին, հոգեբանը նրանց տրամադրում է ուղեգիր, որից հետո գնում են որևէ հոգեկան առողջության կենտրոն, զրուցում հոգեբույժի հետ, այնուհետ նրանց առաջարկվում է մնալ հոգեբուժարանում, սակայն շատերը հրաժարվում են. «Հետագայում ԳԲՏ անձինք, ծառայած չլինելու արդյունքում, կանգնում են մի շարք սահմանափակումների առջև, օրինակ՝ չեն կարող ունենալ վարորդական իրավունքի վկայական, զբաղեցել պետական բարձր պաշտոններ, ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություններ, քանզի ՀՀ-ում նույնասեռականությունը համարվում է անձի վարքային խանգարում»:

 

Իրավաբանը նշում է, որ շատ հաճախ ԳԲՏ անձինք զորակոչվելուց առաջ չեն խոստովանում իրենց նույնասեռական լինելու հանգամանքը, որովհետև վախենում են խարանից, խտրականությունից, բռնությունից, նաև անձնական տվյալների արտահոսքից, քանի որ դեպքեր են եղել, որ զինկոմիսարիատներից նորակոչիկների անձնական տվյալները փոխանցել են հարազատներին. «Երբ բանակում բացահայտվում են ԳԲՏ անձինք, թե՛ զինծառայողների, թե՛ հրամանատարների կողմից վերջիններս ենթարկվում են բռնության, անգամ ինքնավնասումներ են կատարում, որպեսզի դուրս գան այդ խայտառակ  իրավիճակից։ Իհարկե կան նաև  բացառություններ»:

 

Սերգեյ Գաբրիելյանը նշում է, որ բանակում ԳԲՏ անձինք հիմնականում մեկուսանում են, ինչը կատարվում է ոչ թե իրենց ցանկությամբ, այլ ծառայողների և սպայական կազմի անմիջական իմացության պայմաններում. «Նույն սպասքից հաց չեն ուտում, բաժանվում է սպասքը։ Մաքրման աշխատանքներին ներգրավված են բացառապես ԳԲՏ-ները և նրանց հավասարեցված մարդիկ: Նրանք ընդհանուր զորքի հետ չեն լողանում: Բաղնիքի և զուգարանի մաքրությունը բացառապես իրականացվում է նրանց կողմից, եթե զորամասը չունի համապատասխան աշխատակիցներ»: 

 

Իրավաբան Շուշան Խնկոյանը նշում է, որ դեպք են ունեցել, երբ զինված ուժերում ԳԲՏ անձին բժշկական օգնություն չեն ցուցաբերել, այն պատճառով, որ նույնասեռական է. «Մենք դիմեցինք ՀՀ պաշտպանության նախարարություն, որից հետո միայն քայլեր ձեռնարկվեցին, և անձը ստացավ բուժօգնություն»:

 

Իրավաբանի խոսքով՝ նման դեպքերը բավականին շատ են, մի քանի ամիս առաջ էլ դեպք են ունեցել, երբ ԳԲՏ համայնքի ներկայացուցչի սեռական կողմնորոշումը բացահայտվել էր ծառայության վերջին ամիսներին, որից հետո զինակից ընկերների կողմից ենթարկվել էր հոգեբանական ճնշումների, բռնության, այնուհետ ինքնասպանության փորձ էր կատարել, բարեբախտաբար կյանքը հաջողվել էր փրկել. «Իրենց սեռական կողմնորոշումը խարան է դառնում ողջ կյանքի համար, քանի որ նույնասեռական անձինք օրենքով զրկված են պաշտպանության մեխանիզմներից: ՀՀ-ում իրավահավասարության ապահովման մասին օրենք չկա, որով մարդիկ կկարողանան պաշտպանվել»:

 

Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքի հոդված 4-ի 6-րդ կետը սահմանում է զինծառայողների պատվի և արժանապատվության նկատմամբ հարգանքն ու խտրականության արգելումը:

 

Իրավաբան Շուշան Խնկոյանը նշում է, որ այս պարագայում օրենքը գործնականում չի կիրառվում. «Բանակում, երբ իմանում են անձի սեռական կողմնորոշման մասին, նրան տեղափոխում են այլ զորամաս, որտեղ հիմնականում բոլորը լինում են նույն տեսակի մարդիկ»:

 

Նարեկի խոսքով՝ թեպետ այլ զորամաս տեղափոխելիս ապահովվում է զինծառայողի անվտանգությունը, բայց հոմոֆոբիան մարտունակության անկման պատճառ է դառնում՝ ազդելով նաև ռազմական պատրաստվածության վրա:

 

«Նոր սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի նախագահ Սերգեյ Գաբրիելյանը նշում է, որ երկրում համատարած հոմոֆոբիայի պատասխանատուն բոլորն են. «Պետական մարմինները պետք է ընդունեն օրենքներ և համապատասխան ենթաօրենսդրական ակտեր, որոնցով պետք է պայքարել ՀՀ-ում խարանի և խտրականության դեմ, ինչպես նաև վերացնել ատելությունը և ամեն տեսակի խոշտանգումները։ ժողովուրդը պետք է ունենա կամք ընդունելու ԼԳԲՏԻ մարդկանց որպես հասարակության լիիրավ անդամ»:

 

Սերգեյ Գաբրիելյանի խոսքով՝ ԳԲՏ համայնքը պատերազմական իրավիճակում ևս մեկ անգամ ցույց տվեց իր սերն առ հայրենիք՝ մասնակցելով վերջին Արցախյան պատերազմին. «Ինչը չեմ կարող փաստել մեր ժողովդրի մի զանգվածի մասին ու հատկապես այն մարդկանց, ովքեր օրհասական այս պահերին շարունակում են իրենց ատելությունն ու խտրականությունը, ինչպես նաև սպառնալիքները ուղղել ԳԲՏ մարդկանց, ովքեր ծառայել են, փորձում են բացահայտել նրանց ինքնությունը և ներգրավվել սեռական կյանքի մեջ, և այդ մարդիկ դեռ խոսում են «նամուսից» ու բարոյականությունից»:

 

Իրավաբան Շուշան Խնկոյանի խոսքով՝ ԳԲՏ անձանց չծառայելը մի կողմից զինծառայողների թվի կրճատման պատճառ է դառնում, մյուս կողմից կանխարգելում է բռնությունը. «Հոմոֆոբիայի արդյունքում, նաև երիտասարդ ԳԲՏ անձանց արտագաղթ է տեղի ունենում Հայաստանից. միգրացիան շատ է, քանի որ ԳԲՏ անձինք իրենց պաշտպանված չեն զգում մեր երկրում»:

 

ԳԲՏ համայնքի ներկայացուցիչ Նարեկը նշում է՝ եթե հայրենիքում իրեն ապահով չզգա, սիրելով հանդերձ, կհեռանա, բայց ամեն դեպքում ցանկանում է ապրել իր երկրում և հավատալ, որ այնուամենայնիվ մարդը բարձրագույն արժեք է Հայաստանում:

 

Անհրաժեշտ հասկացություններ/ հապավումներ

ԼԳԲՏԻ — լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, ինտերսեքս

ԳԲՏգեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր

Հոմոֆոբիա նույնասեռական մարդկանց հանդեպ ատելության ու անվստահության զգացում, նաև նույնասեռականության նկատմամբ իռացիոնալ վախ

 

 

Շուշանիկ Միսկարյան

 

Այս նյութի կազմումը և հրապարակումը հնարավոր է դարձել Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի ֆինանսական աջակցությամբ՝ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Կարողությունների զարգացում և հզորացում հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է հեղինակը,  և այն պարտադիր չէ, որ արտահայտի «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի և Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի տեսակետները: