ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ LIFE-15 ԱՐՏԱԳՆԱ ԴԱՍԸՆԹԱՑԸ

2020 թվականի նոյմեբերի 26-28-ը տեղի ունեցավ «Խտրականության դեմ պայքար» ծրագրի շրջանակներում իրականացվող ԼԱՅՖ-15 արտագնա դասընթացը, որը այս անգամ նախատեսված էր ԿՍԿ սկսնակ ակտիվիստների համար:

 

ԼԱՅՖ-15 արտագնա դասընթացի նպատակն է ԿՍԿ համայնքի ներկայացուցիչների շրջանում բարձրացնել ակտիվիզմի և մարդու իրավունքների վերաբերյալ գիտելիքների մակարդակը, նպաստել իրավագիտակցության բարձրացմանը, ծանոթացնել իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային մեխանիզմներին:

 

Արտագնա դասընթացին միացել էին նաև Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը և  «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը, ովքեր հանդես եկան ողջույնի խոսքով։ Սերգեյ Գաբրիելյանը իր ուրախությունը հայտնեց՝ մասնակիցների ակտիվությունը տեսնելով, ներկայացրեց կազմակերպության պատմությունը, գործունեության ոլորտները և առաջնահերթությունները, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց պարոն դեսպանին հրավերը ընդունելու համար։

Դասընթացի սկզբում մասնակիցները ներկայացան՝ նշելով, թե որ մարզն են ներկայացնում։ Սերգեյ Գաբրիելյանի ֆասիլիտացմամբ մասնակիցները խոսեցին համայնքի խնդիրներից և կարիքներից, դրանք լուծելու և հասցեավորելու իրենց տեսլականից։  Պարոն դեսպանը նշեց, որ չափազանց ակտիվ քննարկում էր, որի ընթացքում նա կարողացավ առանձնացնել համայնքի հիմնական խնդիրները և կարիքները։ Նա հայտնեց, որ Նիդերլանդները մարդու իրավունքների պաշտպանության առաջնագծում է և մշտապես պատրաստ է օգնել ու աջակցել Հայաստանին և խոցելի խմբերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին։

 

Դասընթացի առաջին օրը մասնակիցները ծանոթացան «Առաջնորդություն և ակտիվիզմ» թեմային։ Դասընթացավար-փորձագետ Հմայակ Ավետիսյանը մասնակիցներին ներկայացրեց առաջնորդություն հասկացությունը, առաջնորդության բնութագիրը, առաջնորդի հատկանիշները, ինչպես նաև տեսակները։ Ներկայացվեց նաև ակտիվիզմի պատմությունը, տարբեր շարժումների նախադեպերը և ակտիվիստների կարևորությունը խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության ոլորտում։ Փորձագետը խոսեց նաև Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի աշխատանքներին և որոշումների կայացման գործընթացում համայնքների ներգրավվածության կարևորության մասին։

 

Դասընթացի երկրորդ օրվա առաջին մասը նվիրված էր «Մարդու իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային մեխանիզմները, ՄԻԵԴ» թեմային, որը ներկայացրեց իրավաբան, դասընթացավար Շուշան Խնկոյանը՝  խոսելով մարդու իրավունքներ հասկացությունից, ներկայացնելով մարդու իրավունքները տարբեր ժամանակահատվածներում, մարդու իրավունքների սերունդները, պաշտպանության ներպետական և միջազգային համակարգերը, մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, ՄԻԵԴ դիմելու ընթացակարգը։ Դասընթացի ավարտին ներկայացվեցին խոսքի ազատության, ատելության խոսքի և խոշտանգումների սահամանումները, իրավական կարգավորումները։ 

 

Երրորդ օրը նվիրված էր «Խարանի և խտրականության արգելք» թեմային, որի շրջանակներում իրավաբան, դասընթացավար Լուսինե Գասպարյանը ներկայացրեց խտրականության սահմանումը, խտրականության տեսակներն ու հիմքերը, խտրական տերմինները և դրանց անխտրական տարբերակները։

 

  

 

 

 

 

 

«Խտրականության դեմ պայքար Հայաստանում» ծրագիրն իրականացվում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից Շվեդիայի ֆինանսական աջակցությամբ։