ԼԳԲՏԻ միգրացիան ԵՎ դրա հակառակ կողմը

Հայաստանի ԼԳԲՏԻ+ համայնքի ներկայացուցիչների մի ստվար հատվածը Եվրոպա և այլ աշխարհամասեր է տեղափոխվում կամ փորձում տեղափոխվել։ 

 

Ինչի՞ց են  նրանք հեռանում, և որո՞նք են պատճառները։

 

Ինչպե՞ս են Հայաստանից հեռացած ԼԳԲՏԻ+ անձինք գոյատևում և փորձում դասավորել իրենց կյանքն արտերկրում։ 

 

Թերևս, չկան այնպիսի աղբյուրներ, որոնք խորը ուսումնասիրություն են անցկացրել ԼԳԲՏԻ+ միգրացիայի պատմության շուրջ, կան միայն մոտավոր տվյալներ, այն էլ` սկսած 1900-ականներից։ Շատ երկրներում այդ թվերին հոմոսեքսուալությունը հոգեկան շեղում կամ մեղք է համարվել, ինչի արդյունքում այն վավեր պատճառ է հանդիսացել մարդկանց երկրից վտարելու համար (օրինակ՝ ԱՄՆ-ում, Ավստրալիայում և այլն

 

Հայաստանում 1961 թ․-ին հոմոսեքսուալությունն ընդգրկվել է քրեական օրենսգրքում որպես հանցագործություն, իսկ 2003 թ․-ին այն վերջապես նոր օրենսգրքի ընդունմամբ ապաքրեականացվել է (աղբյուր 1, աղբյուր 2): Սակայն հասարակության կարծիքն ու վերաբերմունքը «ոչ ավանդական» սեռական կողմնորոշվածություն ունեցող անձանց հանդեպ շարունակում է մնալ վատ։

 

Թե ինչ մարտահրավերների են բախվում ԼԳԲՏԻ+ անձինք Հայաստանում, շատ ծավալուն թեմա է, բայց փաստ է այն, որ այդ մարտահրավերների արդյունքում նրանք հեռանում են Հայաստանից՝ փնտրելով ավելի ապահով ու անվտանգ ապագա իրենց և իրենց սերունդների համար։ 

 

«Հայաստանից գնալուս պատճառը սեռական կողմնորոշմանս հիմքով առաջացած լուրջ խնդիրներն էին»,- հարցազրույցն այս նախադասությամբ է սկսում Արթուրը (անունն իր կամքով փոխված է), ով այժմ ապրում է  Նիդերլանդներում, — «Առաջին և ամենակարևորը՝ պետությունից որևէ պաշտպանություն ստանալու անհնարինությունն էր։ Եկավ մի պահ, երբ տարբեր շրջանակներ իմացան կողմնորոշմանս մասին, և ես այլևս ինձ անվտանգ չէի զգում։ Վախենում էի հաշվեհարդարից, այդ թվում՝ ֆիզիկական, և վստահ էի, որ պետությունից ոչ մի պաշտպանություն չեմ կարող ստանալ։ Երկրորդը՝ վախենում էի, որ այլևս չեմ կարողանա իմ ոլորտում կարիերա անել։ Ես այնպիսի մրցակցային ոլորտում էի աշխատում, որ սեռական կողմնորոշումս որոշ մարդիկ իմ դեմ էին օգտագործում ինձ վնասելու համար։ Եվ երրորդը՝ մի պահ հասկացա, որ չեմ կարողանում նորմալ անձնական կյանք ունենալ Հայաստանում։ Խոսքը երկարաժամկետ հարաբերությունների ու սիրած մարդու հետ ապրելու մասին է։ Ես մի քանի գեյ զույգերի գիտեի, ովքեր ապրում էին միասին, բայց ընդհանուր առմամբ իրավիճակը Հայաստանում այնպիսին է, որ շատ դժվար կամ անհնար է հարաբերություններ կառուցելը։» 

 

Ընդհանրապես, նույնասեռ ամուսնությունները թույլատրված են աշխարհի 29 երկրներում, որոնցից 16-ը գտնվում են Եվրոպա աշխարհամասում, և որոնց բնակչության ընդհանուր թիվը հատում է մեկ միլիարդը։ Այդ շարքի երկրներից մեկում է ապրում նաև Էվան։

 

Էվան Հայաստանից հեռացել է 2017 թ․-ին։ Մեր հարցազրույցի ընթացքում այն հարցին, թե ինչը դրդեց իրեն լքել Հայաստանը, Էվան պատասխանում է․ «Ամեն ինչը, ինչ տեղի է ունենում Հայաստանում, մարդկանց վերաբերմունքը ու վտանգի մեջ ապրելը։ Բայց առաջին ու ամենամեծ դրդապատճառն այն էր, որ Հայաստանում պետք էր սեքս աշխատանքով զբաղվել, քանի որ այդտեղ տրանս կանանց մեծամասնության համար սեքս աշխատանքը գոյատևելու միակ միջոցն է։ Չէի կարողանում դա տանել ու մտածում էի, որ առաջին իսկ հնարավորության դեպքում պետք է հեռանալ։ Ու նույնիսկ հետո ինչ-որ դժվարություններ, ծանր պահեր ունենալիս երբեք հետ չեմ նայել, որովհետև երբեք չեմ ցանկացել այդ ամենի միջով նորից անցնել։»

 

Վերջին սեքս աշխատանքը Էվան ունեցել է Հայաստանում։ Իսկ այժմ իր կյանքը դասավորում է Բելգիայում․ բուժքույրական գործ է սովորում համալսարանում, երաժշտական ակադեմիայում ջազ-փոփ-ռոք երգչուհի է։ «Հայաստանում էլ եմ սովորել բուժքույրություն։ Ու չնայած նրան, որ ավարտել եմ, միևնույն է, ամեն ինչ ահավոր էր․ վերջին տարում մարդիկ ինձ «բացահայտել» էին, իմ «աշխատանքային» համարին էին բարձրախոսով զանգել դասախոսների ներկայությամբ ու պայմաններ, գին էին հարցրել, ինչի արդյունքում ինձ հետո ուզում էին հանել քոլեջից։ Բայց բախտս բերել էր այնքանով, որ իրենց լավագույն ուսանողներից էի, ու ինչ-որ մեկը այդ պատճառով թույլ չէր տվել, որ ինձ հեռացնեն։ Սակայն, ամեն դեպքում, աշխատանք գտնելը կամ ուսումը շարունակելն այդտեղ անհնար կլիներ, քանի որ վերջին տարում արդեն իսկ վտանգից ելնելով դասի նորմալ չէի գնում։ Հետո պարզվեց, որ այստեղ Հայաստանի բժշկական դիպլոմը չի էլ անցնում։ Դրա համար որոշեցի նորից զրոյից սովորել։» 

 

Իսկ այն հարցին, թե կոնկրետ ինչպես, երբ ու ինչ խտրականության է ենթարկվել, Էվան ժպտում ու պատասխանում է․«Ամեն օր ու գրեթե ամեն տեղ։ Ամենավառ ու ծանր դեպքերը երևի ֆիզիկական հարձակումներն են եղել։ Իմ վրա շատ են հարձակվել, խփել, քիթ ջարդել, պիվայի շիշ գլխիս ջարդել, 20 հոգով հարձակվել ու ծեծել։ Մի դեպք չի, շատ-շատ են եղել։ Կամ տուն եմ վարձել, հետո տանտիրոջ հանցագործ տղան, ով դանակահարության հոդվածով նախկինում նստած է եղել, եկել ու հարձակվել է իմ ու ընկերուհուս վրա, ընկերուհուս աստիճաններից գլորել ներքև։ Մենք փախել ենք էդտեղից։»

 

Էվան նշում է, որ Բելգիայում սեռական կրթության առկայության շնորհիվ մարդկանց համար ԼԳԲՏ թեման անծանոթ չէ, ինչը նպաստում է մթնոլորտի ավելի հանդուրժող լինելուն․ «Հայաստանի հետ տարբերությունը նախ նրանում է կայանում, որ օրենք կա ու մարդիկ գիտակցում են, որ իրենք իրավունք չունեն քեզ տրանս լինելու պատճառով դիսկրիմինացիայի ենթարկել։ Կարող են նայել, փսփսալ, կամ այլ երկրներից եկած միգրանտները կարող են ինչ-որ տարօրինակ քոմենթներ թողնել, բայց գործը բռնության չի հասնում, էստեղ վախի մեջ չես ապրում։»

 

Իսկ ըստ Eurostat-ի վիճակագրության 2019 թ․-ին փախստականներին ապաստան տրամադրած երկրների շարքում Բելգիան զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով միայն Գերմանիային։

 

Ընդհանրապես, ԼԳԲՏԻ փախստականների դեպի Եվրոպա հոսքը տարբեր երկրներից, այդ թվում՝ նաև Հայաստանից, շատանալ սկսեց 2013 թվականից՝ պայմանավորված այն հանգամանքով, որ հենց այդ ժամանակ Եվրոպական դատարանը սեռական և գենդերային փոքրամասնություններին ճանաչեց որպես սոցիալական խումբ, որի անդամները իրավունք ունեն դիմել Եվրամիության երկրներ՝ ապաստան ստանալու նպատակով։ 

 

Իսկ ինչու՞ հենց սոցիալական խումբ, ու ինչու՞ էր մինչ այդ ապաստան ստանալը համարվում շատ ավելի բարդ։

 

Որոշումը կայացվեց ՄԱԿ-ի 1951 թ․-ի փախստականի կարգավիճակի մասին կոնվենցիայի հիման վրա, որտեղ խոսքը գնում է այն անձանց մասին, ովքեր հայրենիքում հետապնդվում են ռասայի, հավատքի, քաղաքացիության, տվյալ սոցիալական խմբին պատկանելության կամ քաղաքական հայացքների պատճառով։ 

 

ԼԳԲՏԻ համայնքը ճանաչվեց որպես սոցիալական խումբ այն բանից հետո, երբ քննվում էին Աֆրիկայի երեք տարբեր երկրներից՝ Սիեռա-Լեոնեից, Սենեգալից և Ուգանդայից Նիդերլանդներ ժամանած և փախստականի կարգավիճակ խնդրող երեք անձանց գործերը։ Նրանց հայրենիքներում իրենց սեռական կողմնորոշման, մասնավորապես՝ նույնասեռական լինելու համար ցմահ դատապարտություն էր սպասվում։ Հիմնվելով վերոնշյալ կոնվենցիայի վրա՝ Նիդերլանդների Վերին ատյանի դատարանը այդպես էլ չկարողացավ որոշել՝ արդյոք այդ անձինք հանդիսանում են կոնվենցիայում նշված խմբերից մեկի անդամ, թե՝ ոչ։ Այդ ժամանակ էլ հարցը հասավ մինչև ՄԻԵԴ (Մարդու իրավունքների եվրոպական դատարան) և կոնվենցիայում կատարվեց փոփոխություն․ ԼԳԲՏԻ համայնքը ճանաչվեց որպես սոցիալական խումբ։ Այս մասին հայտնում է Եվրոպական միության արդարադատության դատարանը իր հետևյալ մամլո հաղորդագրությունում։ 

 

Եվ, ահա, սկսվեց հոսքը։

 

Բայց երկրից դուրս նույնպես դժվարությամբ է հաջողվում հաղթահարել անցյալի հոգեբանական տրավմաներն ու նոր կյանք սկսել։ Ստիպված արտագաղթի դիմած մարդկանց զգալի մասը ոչ միայն պատրաստ չի լինում ուրիշ երկրում ուրիշ մշակույթի մեջ ապրել ու ուրիշ լեզվով խոսել, այլ նաև կրկին բախվում է նույն խտրականությանը այլ փախստականների ու նույնիսկ պետական աշխատողների կողմից։

  

Էվան արտագաղթելու որոշումը կայացրել ու հեռացել է ընդամենը մեկ ամսում․ — «Բացարձակ տեղյակ չէի, թե ինչ է ինձ սպասվում։ Հայտնվել էի նոր վայրում, որտեղ սկսած խանութների գրաֆիկից մինչև տաքսի կանչելը այլ կերպ էր արվում։ Շատ դժվար էր, որովհետև փորձում էի նախ հասկանալ՝ ինչ է կատարվում ու ինչ է լինելու։ Ու ես մոտավորապես մեկ տարի փախստականների ճամբարում եմ ապրել մոտ 3-400 հոգու հետ, ովքեր նույնպես նոր էին եկել՝ բերելով իրենց մշակույթն ու խնդիրները, որոնց պատճառով լքել էին իրենց երկրները։ Ու իրենք էլ, բնականաբար, շատ խտրական վերաբերմունք ունեին։ Ու ես այստեղ ու անգամ կողքի երկրներում ընդհանրապես ծանոթ չունեի։ Առաջին տարում լրիվ մենակ էի։ 

 

Հայաստանում անդադար ծեծուջարդի մեջ սեփական տրավմաների վրա աշխատելու ժամանակ չէր մնում, անընդհատ իրար հետևից ինչ-որ վատ բաներ էին պատահում․ պետք էր ուղղակի փորձել անընդհատ զգոն մնալ ու գլխիդ ճարը տեսնել, հաջորդ ծեծից խուսափել, ինչ-որ հարցեր լուծել, ոստիկանություն դիմել, որտեղ ոչինչ էդպես էլ չէին անում։ Իսկ երբ մնացի մենակ, ու էդ խնդիրները հեռու էին արդեն թվում, ունեցա ժամանակ՝ մտածելու, հասկանալու, թե ինչեր են հետս կատարվել, դրա հետևանքով տրավմաներս միանգամից ջրի երես դուրս եկան։ Դա նույնպես շատ դժվար է եղել՝ ինքս իմ վրա աշխատելը, անցյալի հետ համակերպվելն ու փորձել նոր կյանք սկսելը․․․ Ու հետո՝ լրիվ նոր մշակույթ, նոր մարդիկ, նոր լեզու, նոր կանոններ․ պետք էր կյանքը զրոյից ստեղծել։»

 

Հին ու նոր մշակութային նորմերի բախումը միգրանտների կյանքում անխուսափելի է։ Բարդությունների շղթան կապված նոր երկիր տեղափոխվելու հետ կարող է տևել մի քանի ամսից մինչև մի քանի տարի: Սակայն ապագայի հանդեպ հույսը ստիպում է հաղթահարել ամենը․

 

«Ես այնպիսի վատ հոգեբանական վիճակում էի Հայաստանից հեռանալիս,- պատմում է Արթուրը,- որ այստեղ ամեն ինչ էլ տանելի ու հաղթահարելի էր ինձ թվում՝ Հայաստանի համեմատ։ Առաջին դժվարությունը կապված է փախստականների ճամբարում ապրելու ու կեցության կարգավիճակ ստանալու սպասողական վիճակի հետ։ Ճամբարի կենցաղային պայմանները լավն են, բայց մենակության զգացողությունից ու ճամբարի որոշ այլ բնակիչների հետ կոնֆլիկտներից միշտ չէ, որ կարողանում էի խուսափել։ Կարգավիճակ ու բնակարան ստանալուց հետո բախվում ես խնդիրների երկրորդ խմբին՝ մշակութային շոկ, լեզու սովորելու ու  այս հասարակության դրվածքը հասկանալու անհրաժեշտություն և այլն։ Դրա լուծումն էլ տարիներ է պահանջում։ Ի վերջո, ինչպես իմ դեպքում, այնպես էլ Հայաստանից եկած իմ իմացած նույնասեռականների ճնշող մեծամասնության  դեպքում կյանքը այստեղ հաջող է դասավորվում։ Իմ համար ամենակարևորն այստեղ այն անվտանգության ու հանգստության զգացողությունն է, որը Հայաստանում 14-15 տարեկանից հետո չեմ ունեցել։ Այստեղ հայաստանցի նույնասեռական փախստականները, որպես կանոն, կարողանում են լուծել ոչ միայն նոր հասարակությանը ինտեգրվելու հետ կապված խնդիրները, այլև Հայաստանից իրենց հետ բերած հոգեբանական խնդիրները. խնդիրներ, որոնց պատճառը հայաստանյան համատարած հոմոֆոբիան է։ Կոնկրետ ես 4-5 տարում հաջողացրի ոչ միայն լավ կրթություն ստանալ ու իմ երազած կարիերան սկսել այստեղ, այլև երկարաժամկետ հարաբերությունների մեջ մտնել ու նույնիսկ կարգավորել լարված հարաբերություններս Հայաստանում մնացած ծնողներիս հետ։»

 
Հայրենիքում մարդը բախվում է կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգներին, իսկ տեղափոխության ժամանակ փոփոխություններից ծագող խնդիրներին, որոնց ի սկզբանե դժվար է պատրաստվել։ Միգրացիայի դիմելը նման չէ կյանքի այլ կարևոր որոշումներին, այն բեկումնային դեր է կատարում ու նման է թռիչքի դեպի անհայտություն։  Անհայտություն, որը, թերևս, մի կողմ է դնում ամենօրյա վախի զգացումն ու տալիս է ապրելու հնարավորություն։

 

  

Անյա

 

 

Եթե Դուք նույնպես արտագաղթել եք սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով առաջացած խոչընդոտների պատճառով կամ բախվել եք խարանի ու խտրականության, ապա Ձեր պատմությունը կարող է շատ օգտակար լինել բազում այլ անձանց համար։ Մենք շատ շնորհակալ կլինենք, եթե կիսվեք մեզ հետ Ձեր պատմությամբ։ Կապ կարող եք հաստատել [email protected] էլ․ հասցեով։

 

Այս նյութի կազմումը և հրապարակումը հնարավոր է դարձել Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի ֆինանսական աջակցությամբ՝ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Կարողությունների զարգացում և հզորացում հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է հեղինակը,  և այն պարտադիր չէ, որ արտահայտի «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի և Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի տեսակետները: