ԼԳԲՏԻ+ ՄԻՖԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԼԳԲՏԻ+-ը հապավում է, որը կազմված է սեռական փոքրամասնությունների անվանումների առաջին տառերից՝ լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանս*, ինտերսեքս և սեռական բազմազանությանը պատկանող այլ անձինք։
Պայքարն իրենց իրավունքների համար ԼԳԲՏԻ+ անձինք սկսել են դեռևս 20-րդ դարի սկզբից։ Դրանից անցել է ավելին քան մեկ դար, բայց «ոչ ավանդական» սեռական կողմնորոշվածություն ունեցող անձինք դեռևս շարունակում են առերեսվել խտրականության և բռնության։ Իսկ ինչու՞ են այդքան շատ մարդիկ դեմ ԼԳԲՏԻ+ անձանց և ինչո՞վ է դա վնասում «ավանդական» ընտանիքներին։ Պատճառը միֆերն են․
ՄԻՖ 1. Այս ամենը քարոզ է։ Սորոսի վկաներն ուզում են վերացնել հայ ազգը, հետևաբար գրանտներ են ուղարկում տեղական ՀԿ-ներին, որպեսզի վերջիններս ԼԳԲՏ քարոզով զբաղվեն, իսկ երեխաները տեսնեն նույնասեռ զույգերին և իրենք էլ դառնան ԼԳԲՏ
Հնարավո՞ր է արդյոք քարոզի արդյունքում փոխել սեռական կողմնորոշվածությունը։ Ցավոք, Հայաստանում նման հետազոտություն դեռևս չի արվել։ Ասեմ ավելին՝ մինչև վերջին տարիները հասարակության մեծամասնությունն առանձնապես չէր հիշում «այլ» կողմնորշում ունեցողներին։ Բայց արի ու տես, որ նրանք գոյություն ունեին և ունեն։ Ոմանք անգամ տասնամյակներ շարունակ ամուսնացած են իրենց կողմից չսիրված մարդկանց հետ և ստի մեջ խեղդելով իրենց ու իրենց կողակցի առօրյան՝ հասարակության աչքին թոզ են փչում, որ չարժանանան դաժան քննադատությունների կամ չարդարանան իրենք իրենց տեսակի համար։ Բայց, այո, նրանք գոյություն ունեն։ Նրանք այն տարիների սերունդն են, երբ այսօրվա «քարոզ» պիտակվող երևույթը անգամ գոյություն էլ չի ունեցել։ Մարդիկ բախման մեջ են եղել իրենց սեռի, ցանկությունների ու ինքնության հետ, ու հաճախ գաղափար չեն ունեցել, որ իրենք մենակ չեն, ու իրենց նմանները կարող են գոյություն ունենալ։ Իսկ հիմա, երբ 90-ականների ու 2000-ականների սերունդներն իրենց համեմատաբար ավելի ազատ են պահում, մարդկանց թվում է, թե «գեյրոպաներն» են էստեղ քարոզ անում ու ջահելությանը «փչացնում»։
Ու մինչդեռ Հայաստանում այս վիճակն է, աշխարհում արդեն վաղուց արվել ու արվում են հետազոտություններ (օրինակ 1, օրինակ 2) այս բնագավառում։ Հոմոսեքսուալությունն այսօր համարվում է նորմայի մի տեսակ, այլ ոչ թե շեղում կամ հիվանդություն կամ ֆետիշ, որով կարելի է վարակվել քարոզի կամ համբուրվող հոմոսեքսուալ զույգ դրսում տեսնելու արդյունքում։
Այս միֆի շրջանակում հարկ է նաև նշել, որ բնության մեջ հանդիպում են հոմոսեքսուալ կենդանիներ։ Նրանց որոշ տեսակներ մոնոգամ են, հետևաբար՝ հավատարիմ են մնում իրենց նույնասեռ զուգընկերոջը մինչև կյանքի վերջ։ Բայց նրանց մեծամասնությունը ավելի հաճախ բիսեքսուալ է։ Դժվար թե ինչ-որ մեկը կարողանա բնության այսպիսի երևույթն անվանել քարոզի արդյունք կամ «մոդայի հետևից ընկնել»։
Այնպես որ էդ «քարոզ» կոչվածը ընդհանրապես կապ չունի նույնասեռականներ լինել կամ չլինելու, առավել ևս՝ նրանց ստեղծելու և բազմացնելու հետ։
Միֆ 2․ Ինձ համար մեկ ա, թե իրենք ինչ են անում մեզնից հեռու իրենց տներում, բայց թող իրենց այլասերվածությունները հասարակական վայրերում ցույց չտան
Էս պարագայում ոնց որ ասեն «в Советском Союзе секса не было»։ Բայց, ախր, երեխաները ինչ-որ տեղից հայտնվել են, չէ՞։
Մեր հասարակությունը հիմնված է հետաքրքիր սկզբունքների վրա, ըստ որոնց, օրինակ, սեռական կյանքի մասին ուղիղ ու բաց չի խոսվում, երեխաներին ծնողների մեծամասնությունը չեն նախապատրաստում սեռահասունացմանը ու չեն պատմում սեռականի մասին, հաճախ ամուսիններն անգամ իրար հետ բացեիբաց իրենց անկողնային կյանքը չեն քննարկում։ ԲԱՅՑ ամենքն իրեն իրավունք է վերապահում դիմացինին հարցնել՝ արդյո՞ք նա ամուսնացած է կամ ունի երեխաներ կամ, երբ հերթը հասնում է մի բաժակ սուրճի շուրջ ամենօրյա բամբասանքներին, արդեն կարելի էհերթով լվալ բոլոր հարևանների ոսկորները սկսած ու ավարտած նրանց սեռականի մանրամասներով։
Արտամուսնական սեքսը ինքնին տաբու լինելու արդյունքում համարվում է «այլասերվածություն»։ Նույնասեռ սեքսը՝ առավել ևս։ Իսկ թե ինչու են այդքան շատ մարդիկ իրենց երևակայությունը լարում նույնասեռ սեքս պատկերացնելու ու իբրև թե դրանից զզվելու համար կամ ինչու է հայաստանից 18+ ինտերներային որոնումների հայտնի վիճակագրությունն ամեն տարի զարմացնում, արդեն երևի այլ հարց է:
Այժմ մտածեք ու ձեռքներդ խղճին դնելով պատասխանեք՝ հիմա ո՛ր դարն է, որպեսզի համբուրվելը դրսում համբուրվող զույգից սովորեք, եթե ցանկության դեպքում ձեր բաղնիքներում ու ննջարաններում թաքնված կարող եք անվերջ սովորել։
Եվ մի մոռացեք, որ սեռականը այսպես թե այնպես կա ու իր ուրույն տեղն ունի բոլորիս կյանքում։ Ինչքան ավելի փակ է լինում այդ թեման, այդքան ավելի ենք ձգտում թաքուն ճանապարհներով շատ բան իմանալուն դրա մասին։ Ու ինչքան քիչ է ստույգ ինֆորմացիայի հասանելիությունը, այդքան ավելի մեծ է դրսից անորոշ ծագում ունեցող ինֆորմացիա լսելու և դա որպես հիմք ընդունելու հավանականությունը։
Միֆ 3. Գեյ տղամարդիկ մանկապիղծ են
Այս տարօրինակ միֆին առնչվել հնարավոր է գրեթե բոլոր հոմոֆոբների հետ ԼԳԲՏԻ թեմայով երկխոսություն ունենալիս։ Սա գլխավոր զենքն է նրանց, ովքեր նպատակ ունեն հասարակությանը տրամադրել նորարարությունների, նոր իշխանությունների կամ մեկ այլ փոփոխության դեմ՝ կապելով դրանք «եվրոպաների» հետ ու «եվրոպաներն» էլ կապելով գեյերի հետ։
Ընդհանրապես, երեխաները, լինելով հասարակության ամենաթույլ ու պաշտպանության կարիք ունեցող օղակներից մեկը, հաճախ են դառնում նման մանիպուլյացիաների գործիք։ Քանի որ բոլորն էլ, անկախ այն հանգամանքից՝ անձամբ ունեն երեխա, թե ոչ, հոգատարության մարդկային բնազդից ելնելով՝ մտահոգվում են անպաշտպան փոքրիկների համար։
Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Գրեգորի Հերեքը, ով փոքրամասնությունների հանդեպ նախապաշարմունքների գծով ԱՄՆ-ի գլխավոր մասնագետներից մեկն է, մի շարք ուսումնասիրություններ է կատարել և չի գտել անգամ մի փաստ, ըստ որի՝ գեյ տղամարդիկ երեխաների հանդեպ ավելի շատ սեռական բնույթի բռնություն են գործադրում, քան հետերոսեքսուալ տղամարդիկ։
Հակա-ԼԳԲՏԻ ակտիվիստներն ամեն ինչ անում են, որպեսզի մարդկանց մոտ մանկապղծությունն ասոցացվի գեյ լինելու հետ։ Բայց անչափահասների հանդեպ սեռական բռնության փորձագետ ամերիկացի Նիկոլաս Գրոֆը իր վերջին աշխատություններում հերքում է բոլոր այդ կեղծ պնդումները։ Ըստ նրա՝ մանկահասակ երեխաների հանդեպ բռնի սեռական գործողություններ կատարողները բաժանվում են երկու տեսակի՝ հաստատուն և ռեգրեսիվ։ Հաստատուն տեսակի բռնարարներին՝ նույն մանկապիղծներին, չի կարելի անվանել հետերոսեքսուալ կամ հոմոսեքսուալ, քանի որ նրանց սեռական ցանկություններում հաճախ չափահասների հանդեպ ցանկությունը արդեն իսկ բացակայում է, և բռնանում են նրանք երեխաներին՝ անկախ սեռից։ Ռեգրեսիվ խմբին պատկանող բռնարարները ընդհանուր առմամբ այլ մեծահասակների հանդեպ սեռական գրավչություն զգում են, բայց սթրեսային իրավիճակներում հայտնվելիս նրանք կարող են հոգեբանական «հետընթաց» ապրել և կենտրոնոնալ երեխաների վրա։ Գրոֆը իր ուսումնասիրությունների արդյունքում պարզել է, ինչպես Հերեքն է նշում, որ ռեգրեսիվ խմբին պատկանող բռնարարների բացարձակ մեծամասնությունն իրենց հասուն հարաբերություններում հետերոսեքսուալ են։
Child Molestation Research & Prevention ամերիկյան ինստիտուտը նշում է, որ երեխաների հանդեպ բռնություն իրականացնողների 90%-ը գտնում են իրենց թիրախ հանդիսացող երեխաներին իրենց բարեկամների ու ընկերների շրջանում և մեծամասամբ տղամարդիկ են՝ ամուսնացած կանանց հետ։
Այնպես որ այս միֆը գեյ տղամարդկանց հետ կապելը ոչ այլ ինչ է, քան նողկալի մանիպուլյացիա ընդդեմ այն նույնասեռական անձանց, ովքեր առանց այդ էլ տասնամյակներ ու դարեր շարունակ ապրել են չհասկացված ու ճնշված։
Միֆ 4. Մարդիկ դառնում են նույնասեռական, որովհետև երեխա ժամանակ բռնության զոհ են դարձել կամ ծնողները լավ չեն բաշխել իրենց սեռով պայմանավորված պարտավորությունները.
Հաճախ մարդիկ պնդում են, որ հոմոսեքսուալությունը հոգեկան խանգարում է՝ պայմանավորված մանկահասակ տարիքում ունեցած ու արմատացած տրավմաներով։
Այս միֆի ամենասարսափելի հետևանքն այն է, որ դեմոնիզացվում են նույնասեռ անձանց ծնողները, ովքեր պիտի ստիպված լինեն իրենց հետևից քարշ տալ չստացված ծնողների, երեխային բռնությունից չպաշտպանած ծնողների, սեռով պայմանավորված պարտականությունները սխալ բաշխած ծնողների պիտակները։
Փաստն այն է, որ աշխարհում չկա որևէ գիտական հետազոտություն, որ կապի նույնասեռականությունը վերը նշվածների հետ։
Ամերիկյան Հոգեբանական ասոցիացիան 2000 թ.-ին հրապարակած փաստերի շրջանում նշել է, որ մանկահասակ տարիքում սեռական բռնությանը առերեսված լինելը այն անձանց շրջանում, ովքեր մեծացել են և նույնականացնում են իրենց որպես գեյ, բիսեքսուալ կամ լեսբի, տարածվածությամբ ավելի շատ չէ, քան այն անձանց շրջանում, ովքեր չափահաս են դարձել ու նույնականացնում են իրենց որպես հետերոսեքսուալ։
Նման կերպով «Արական սեռական բռնությունների մասին» ամերիկյան կազմակերպությունն իր կայքում նշում է. «Սեռականության փորձագետները չեն գտնում, որ վաղաժամ սեռական փորձառությունը կարող է էական դեր խաղալ ավելի հասուն տարիքում սեռական կողմնորոշման ձևավորման գործընթացի մեջ» և ավելացնում է, որ քիչ հավանական է, որ որևէ մեկը կարողանա մեկ այլ անձին դարձնել գեյ կամ հետերոսեքսուալ:
Բացի այս ամենից՝ շատ ԼԳԲՏԻ+ անձինք իրենց առաջին սեռական հարաբերություններն ունեցել են հետերոսեքսուալ նորմաներով, իսկ շատ հետերոսեքսուալ անձինք իրենց առաջին սեռական հարաբերություններն ունեցել են իրենց նույն սեռի հետ, բայց դա բացարձակ չի փոխել իրենց կողմնորոշվածությունը։
Միֆ 5. Ոչ ոք չի ծնվում գեյ
Եթե ռասիզմի դեմ պայքարելիս փաստում ենք, որ ոչ ոք ծնվելիս չի ընտրում իր մաշկի գույնը, և դա արդարացնում է հակառասիստական շարժումները, ապա հակա-ԼԳԲՏԻ ակտիվիստներն ամեն ինչ անում են, որպեսզի կարծենք, թե գեյ կամ լեսբի կամ բիսեքսուալ լինելը ընտրում ենք մենք։
Ի տարբերություն մաշկի գույնի՝ սեռական կողմնորոշվածությունն արտաքնապես կարող է ոչ մի տարբերակիչ նշան չունենալ, բայց դա չի նշանակում, որ մարդիկ պետք է թաքցնեն իրենց ինքնությունն ու զոհաբերեն իրենց կյանքը։
Ինքներդ մտածեք, ո՞վ կցանկանար սեռական փոքրամասնության մաս լինել մի հասարակության մեջ, որտեղ ամեն քայլափոխի դրա պատճառով քեզ կարող է վտանգ սպառնալ։
Միֆ 6. Գեյերը կարող են պարզապես թողնել իրենց գեյ լինելը ու դառնալ հետերոսեքսուալ
Սա նախորդ միֆի շարունակությունն է։ «Եթե գեյ չեն ծնվում, ապա կարող են ընտրություն կատարել և փոխել իրենց սեռական կողմնորոշվածությունը», — փաստում են հոմոֆոբները։ Այս պնդումն ավելի շատ կիրառում են այն հոմոֆոբները, ովքեր իրենց ատելությունն արտահայտում են կրոնի միջոցով։ Ասել է, թե՝ «ավանդական» սեռական կողմնորոշումից շեղվելը մեղք է, և մարդիկ ազատ կամք ու ընտրություն ունեն մեղքերից զերծ մնալու համար։
Սրա հետևանքով շատ հոգևորականներ առաջարկում են այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են «անցանկալի հոմոսեքսուալությունից ազատվելու» թերապիա կամ «հոմոսեքսուալությունը մարմնից դուրս հանելու» ծեսեր և այլն։
Այսպիսի թերապիաները ոչ այլ ինչ են, քան պսևդոգիտական հիմարություններ, որոնք ավելի շատ տարածում էին գտել անցյալ դարի առաջին գեյ-շարժումների ժամանակաշրջանում, և որոնց արդյունավետությունը այդ ժամանակվանից ի վեր տարբեր հոգեբանական ուսումնասիրությունների արդյունքում բազմաթիվ անգամներ հերքվել է։ Անգամ 1993 թ․-ին American Academy of Pediatrics-ը առաջ է բերել այն պնդումը որ նման թերապիաները հակացուցվում են, քանի որ դրանք կարող են առաջացնել մեղքի ու անհանգստության զգացումներ՝ միաժամանակ չազդելով կամ քիչ ազդեցություն ունենալով սեռական կողմնորոշվածության վրա։
Համաամերիկյան առողջապահական կազմակերպությունը՝ աշխարհի ամենահին միջազգային առողջապահական կառույցը, 2012 թ․-ին հանդես եկավ հայտարարությամբ, որի մի մասում ասվում է, որ ոչ հետերոսեքսուալ սեռական կողմնորոշվածություն ունեցող մարդկանց վրա նման թերապիաների կիրառումը ազդում է մարդկանց առողջության և բարեկեցության վրա, և շարունակում. «Իր անհատական դրսևորումներից ոչ մեկի դեպքում նույնասեռականությունը չի հանդիսանում անկարգություն կամ հիվանդություն, և հետևաբար այն բուժում չի պահանջում»:
Միֆ 7. ԼԳԲՏԻ անձանց կարելի է տարբերակել պահվածքի ու արտաքինի որոշակի առանձնահատկություններով. բոլոր գեյ տղամարդիկ կանացի են, բոլոր լեսբի կանայք՝ առնական
Իրականում սեռական բազմազանությունը կարող է հանդես գալ այնքան տարբեր մարդկանց տեսակներով, ինչքանով կարող է հանդես գալ հետերոսեքսուալ հասարակությունը։
Այս կարծրատիպերը շփոթեցնում են սեռական կողմնորոշվածություն տերմինը գենդերային ինքնության հետ։ Եկեք պարզաբանենք․
- գենդերային ինքնությունը մարդու ինքն իրեն որպես արական կամ իգական սեռի, կամ էլ երկուսի կամ ոչ մեկի ընկալումը և անվանումն է։ Այն կարող է արտացոլել մարդուն ի ծնե տրված սեռը կամ լիովին տարբերվել։ Արական ու իգականից բացի կան բազմաթիվ գենդերներ, որոնց հետ մարդիկ կարող են իրենք իրենց նույնականացնել։
- սեռական կողմնորոշումը տվյալ մարդու՝ այլ մարդկանց հանդեպ բնածին հուզական, ռոմանտիկ և սեռական գրավչություն ունենալն է։ Կարճ ասած՝ թե ում հետ է մեկին հետաքրքրում հանդիպել և հարաբերություններ ստեղծել։ Այդ մեկը կարող է տրանսգենդեր լինել ու միաժամանակ նաև գեյ կամ հետերո կամ լեսբի։
Կան շատ հոմոսեքսուալ տղամարդիկ, ովքեր մասկուլին են (առնական), և շատ հոմոսեքսուալ կանայք, ովքեր ֆեմինին են (կանացի)։ Ինչպես նաև կան շատ հետերոսեքսուալ տղամարդիկ, ովքեր օժտված են ֆեմինին հատկանիշներով, և կան շատ հետերոսեքսուալ կանայք, ովքեր օժտված են մասկուլին հատկանիշներով։
Տրանս* տղամարդիկ նրանք են, ովքեր ծնվել են որպես կին, սակայն գենդերային ինքնությամբ և արտահայտմամբ տղամարդ են։ Նրանք նախընտրում են, որ իրենց վերաբերվեն և ընկալեն որպես տղամարդու։ Մի պարզ պատճառով՝ որովհետև նրանք տղամարդ են։ Ինչ վերաբերում է նրանց սեռական կողմնորոշմանը, նրանց կարող են դուր գալ կանայք կամ, նույն սկզբունքով, նրանց կարող են դուր գալ տղամարդիկ։ Նման կերպով տրանս* կանայք այն մարդիկ են, ովքեր ծնվել են որպես տղամարդ, սակայն գենդերային ինքնությամբ ու արտահայտմամբ կանայք են։ Եվ նրանք նախընտրում են, որ իրենց վերաբերվեն որպես կանանց։ Եվս մի պարզ պատճառով․ նրանք կանայք են։ Եվ նրանք կարող են գրավչություն զգալ և՛ կանանց հանդեպ, և՛ տղամարդկանց։
Մարդ արարածները լինում են տարբեր տեսքի, չափսերի, գույների և ունենում են տարբեր նախապատվություններ։ Չկա ինչ-որ պարզ ճանապարհ՝ հասկանալու, թե ով ում է հավանում։ Օրինակ՝ իմանալու համար, թե տվյալ անձը ինչ ֆիլմեր կամ ինչ ուտելիք է նախընտրում, նախ անհրաժեշտ է, որ տվյալ անձը կիսի մեզ հետ այդ ինֆորմացիան։ Նույն կերպ չկա ինչ-որ ճշգրիտ մեթոդ տվյալ անձի սեռական ցանկությունները պարզելու համար, քանի դեռ նա չի կիսել մեզ հետ այդ ինֆորմացիան։
Այնուամենայնիվ, այժմյան հոմոֆոբիայի պատճառով ոչ բոլոր գեյերը, լեսբիները, բիսեքսուալներն ու սեռական բազմազանությանը պատկանող այլ անձինք են իրենց սեռական կողմնորոշվածության մասին բացահայտ արտահայտվում։
Բացի այդ, ԼԳԲՏԻ+ չհանդիսացող շատ անձինք, ինչպես նշվեց վերևում, կարող են ընտրել հագնվել կամ իրենց պահել այնպես, ինչպես հասարակության գերակա զանգվածի համար «նորմալ» չէ։
Սրանք շատ փոքր, բայց, թերևս, հիմնական մասն են բոլոր այն միֆերի, որոնք շրջանառվում և հասարակության մեջ թյուրըմբռնում են առաջացնում ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ։ Պատճառը դրանք տարածելու հիմնականում մարդկանց քաղաքական մանիպուլյացիաների ենթարկելն է։ Սակայն ինչքանո՞վ է արդար մարդկանց կյանքի որակի գնով սեփական քաղաքական հայացքներն արդարացնելու փորձեր անելը։
Անյա
Այս նյութի կազմումը և հրապարակումը հնարավոր է դարձել Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի ֆինանսական աջակցությամբ՝ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Կարողությունների զարգացում և հզորացում հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է հեղինակը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի և Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի տեսակետները: