Տեղի ունեցավ հայ-գերմանական փոխանակման երիտասարդական ծրագիրը
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն սեպտեմբերի 22-27-ը Երևանում էր հյուրընկալել 10 մասնակիցների Երևանից և մարզերից ժողովրդավարության վերաբերյալ փոխանակման երիտասարդական ծրագրի շրջանակներում: Ծրագիրը ունենալու է նաև շարունակականություն՝ երկրորդ փուլ, որից հետո մասնակիցները հնարավորություն են ունենալու դիմել փոքր դրամաշնորհների և ծրագրեր իրականացնել իրենց համայնքներում։
«Փոխանակման ծրագիրը կազմակերպվել էր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի և Բավարիայի երիտասարդական խորհրդի (BJR) համագործակցությամբ, վերջինիս ֆինանսական աջակցությամբ և նպատակ ունի զարգացնելու մասնակիցների գիտելիքները և հմտությունները ժողովրդավարության վերաբերյալ, փոխանակելու փորձը գերմանացի մասնակիցների հետ և զարգացնելու միջմշակութային հաղորդակցությունը»,- նշում է ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը:
Փոխանակման ծրագիրը պետք է իրականացվեր Գերմանիայի Մյունխեն քաղաքում, բայց պայմանավորված համաճարակային իրավիճակով՝ մասնակիցները միմյանց հետ կապ հաստատեցին առցանց եղանակով յուրաքանչյուրը իրենց երկրներից։
Փոխանակման ծրագրի հայաստանյան համակարգող Հմայակ Ավետիսյանը ասում է, որ տվյալ պարագայում կարևորվել է համագործակցությունը․ «Մենք Երևանից ուղիղ կապի մեջ ենք եղել մեր գերմանացի գործընկերների հետ: Իհարկե շատ լավ կլիներ, որ մենք այս կազմով նույն օրերին լինեինք Մյունխենում, դեմ առ դեմ հանդիպեինք մեր ընկերներին, խոսեինք ժոովրդավարության լեզվով և փոխանակեինք մեր փորձը, բայց նոր հնարավորությունները դեռ առջևում են»:
Դասընթացի առաջին օրը անցավ երկների առանձին խմբերով։ Ծրագրի հայաստանյան համակարգողներ Հմայակ Ավետիսյանը և Աննա Զաքարյանը հայկական խմբի համար ծանոթացման վարժություններ արեցին և թիմի կառուցման փոքրիկ վարժանքներ։ Երկրորդ օրը թիմերը անցկացրին միասին առցանց կապի մեջ լինելով։ Ծրագրի բացման խոսքով հանդես եկան «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը և Բավարիայի երիտասարդական խորհուրդի նախագահ Մաթիաս Ֆաքը։ Գործընկերները կարևորեցին միմյանց միջև եղած բարձր համագործակցությունը, հույս հայտնեցին, որ ավելի կամրապնդվի և կտա իր պտուղները։ Բացման խոսքերից հետո երկու երկրների մասնակիցները ներկայացրեցին իրենց սպասելիքները և նպատակները։ Օրվա երկրորդ կեսին էքսկուրսիաներ անցկացվեցին Երևանում և Մյունխենում։ Հայաստանյան թիմը ներկայացրեցին հեղափոխական Երևանը, իսկ գերմանացիները նկարների միջոցով պատմեցին Մյունխենի ԼԳԲՏ պատմությունը։
Դասընթացի մյուս օրերին մասնակիցների հետ դասընթացներ, խմբային վարժանքներ և կիրառական աշխատարաններ անցկացրին գերմանացի երկու փորձագետներ Սաբին Զոմերի և Թոմ Մուրի հետ։
Փոխանակման ծրագիրը անցկացվեց առցանց հարթակների միջոցով, որտեղ մասնակիցները ինչպես միասնական, այնպես էլ փոքր խմբերով ունեցել են քննարկումներ տարբեր թեմաների շուրջ, կազմակերպվել են խմբային խաղեր և աշխատանքներ:
«Մեծ սպասումներով մասնակցեցի ծրագրին, քանի որ, ինչպես գիտեք, համագործակցում էինք Գերմանիայի հետ, իսկ այնտեղ ժողովրդավարությունը մեծ տեղ է զբաղեցնում: Ծրագրից գոհ եմ, շատ գիտելիքներ ստացա: Շատ հետաքրքիր էին գործնական հատվածները, քանի որ դրանք թույլ էին տալիս գործնականում կիրառել ստացած գիտելիքները»,- պատմում է ծրագրի մասնակից Ինգա Ասատրյանը:
Ծրագրի երկրորդ փուլը կայանալու է նոյեմբեր ամսին:
Նյութը պատրաստեց դասընթացի մասնակից, լրագրող Սվետլանա Դավթյանը։