ԳԵՅ ԱՆՁԱՆՑ ԿՅԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ․ ՄԱՍ 3
Նյութի երկրորդ մասը կարդացեք այստեղ։
Ունենալ ընտանիքի աջակցությունը և վստահությունը, երբ ամենաշատը կա դրա կարիքը, անգնահատելի է: Դրան հասնել հնարավոր է, երբեմն էլ, գուցե՝ ոչ:
«Այդ օրը ես քնած էի, երբ եղբայրս թաքուն կարդում է հեռախոսիս նամակագրությունը ու պատմում մամայիս, նա էլ՝ հորս։ Բոլորով գալիս են ինձ արթնացնում, հարցեր տալիս, հետո ասում՝ քնի առավոտը կխոսենք, էնպես, որ առավոտյան զարթնելս չէր գալիս»,-պատմում է Ռուդոլֆը:
Այդ օրվանից նա մշտապես փակված է եղել տանը, հոր պահանջով դադարել է շփվել ընկերների հետ ու մշտական վերահսկողության տակ է եղել, իսկ փախուստի փորձերը եղել են ապարդյուն. «Ես ասում էի, որ կփախնեմ տնից, հայրս ասում էր՝ ուր ուզում ես գնա, մեկ ա քեզ էլ եմ գտնելու, ընկերներիդ էլ, բայց, որ գտնեմ, լավ չի լինելու»,-ասում է Ռուդոլֆը:
Ստեղծված իրավիճակից դուրս գալու մի ելք կար՝ հավատացնել ընտանիքին, որ ինքը փոխվել է: Ստացվեց:
«Իմ մայրը շատ հավատացյալ կին է, ես, երբ քնած էի լինում, ինքը իր աղոթագրքերը բերում էր, աղոթում էր, որ ես փոխվեմ, դևերը միջիցս դուրս գան, ու ես ձևացնում էի, որ դա ազդում է: Ի վերջո, ինձ սկսեցին հավատալ, հայրս նույնիսկ ասաց, որ չէր պատկերացնում, որ նորից կսիրի որդուն, միայն եղբայրս է, որ չի հավատում, բայց վերջերս ինձ ասեց, որ քո կյանքն ա՝ ոնց ուզում ես ապրի»,- պատմում է Ռուդոլֆը:
Որոշակի վստահություն ձեռք բերելուց հետո պահեստում աշխատանքի անցավ, բայց էնտեղ ոչ մեկը չգիտի իր սեռական կողմնորոշման մասին, իր խոսքով բոլոր աշխատողները տղաներ են. ավելորդ կոնֆլիկտի կարիք չկա: Պահեստի աշխատանքից զատ, երբ ժամանակ է ունենում, զբաղվում է նաև գրաֆիկ դիզայնով, ու հիմա, քանի որ ազատ ժամանակ շատ կա, կատարելագործում է հմտությունները:
«Ինձ համար հիմա համեմատաբար վատ չի, բայց հետագայում ես հաստատ արտասահման եմ մեկնելու, որպեսզի լիարժեք երջանիկ ինձ զգամ: Ես էլ կուզեի չխաբել ընտանիքիս, պատմել իրականությունը, բայց դրանից հետո հնարավոր է հայրս դանակը վերցնի ու մտցնի փորս, հետո էլ իրեն վնասի, դրա համար էս վիճակն ավելի գերադասելի ա»,-եզրափակում է Ռուդոլֆը:
Հանրապետության և նույնիսկ քաղաքի տարբեր շրջաներով պայմանավորված՝ մասնակիորեն փոխվում է նաև մարդկանց վերաբերմունքի շրջանակը այս կամ այն թեմայի վերաբերյալ:
Կարենը (անունն իր կամքով փոխված է) գնացքով Գյումրիից գալիս է Երևան, Գյումրի ընկերոջը տեսության էր գնացել, իսկ գործողությունները այնտեղ մի փոքր այլ ընթացք էին ստացել:
«Քաղաքի ոչ կենտրոնական հատվածում սովորական նստած էինք, երևի մեր հագուստն էր մի քիչ անսովոր իրենց համար, երբ մի մարդ մոտեցավ մեզ, սկսեց վիրավորել՝ հայհոյում էր ու մեղադրում Գյումրի վատ բաներ բերելու մեջ: Որոշեցինք ուղղակի հեռանալ, ինքը շարունակում էր մեզ հետապնդել՝ ընթացքում էլ սպառնալով, որ բոլորին պատմելու է՝ մենք ով ենք ու, եթե ճանապարհին իր ծանոթին չհանդիպեր, մեր հետևից գալու էր: Սրա մասին մենք պատմեցինք ընկերոջս ծնողներին, որպեսզի լսելու դեպքում չհավատան, բայց ես հիմա շատ անհանգստացած եմ իր համար»,- կատարվածը պատմում է Կարենը:
Իսկ ինչ վերաբերում է առհասարակ Հայաստանում ապրելուն, ինքը այստեղ իրեն հարմարավետ է զգում, չնայած, իր խոսքով, գուցե նրանից է, որ ապրում է Երևանի կենտրոնում և չի բացառում, որ ավելի ծայրամասային հատվածներում բնակվող ԼԳԲՏ համայնքի անդամների համար այնքան էլ հեշտ չէ։
«Այնուամենայնիվ, առաջընթաց ես տեսնում եմ․ թեկուզ այն, որ Գյումրիում կատարվածը քիչ է հավանական, որ Երևանում տեղի կունենար այսօր, արդեն վկայում է որոշակի փոփոխության մասին»,-ասում է Կարենը։
Կարդացեք վերջին մասն այստեղ
Ռիմա Գրիգորյան
Այս նյութի կազմումը և հրապարակումը հնարավոր է դարձել Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի ֆինանսական աջակցությամբ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Կարողությունների զարգացում և հզորացում հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է հեղինակը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի և Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի տեսակետները: