
Հայաստանի խումբը մեկնեց Գերմանիա՝ մասնակցելու երիտասարդական ամառային ճամբարին
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի աջակցությամբ Հայաստանից 12 երիտասարդներ մեկնեցին Գերմանիա՝ մասնակցելու միջազգային երիտասարդական ամառային ճամբարին, որը կանցկացվի Բահրետալ քաղաքում։
Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի JunOst կազմակերպության հետ համատեղ, որի հետ «Նոր Սերունդը» տարիներ շարունակ կառուցում է համագործակցության կամուրջներ՝ միավորելով Հայաստանի և Եվրոպայի երիտասարդներին։
Մասնակիցներից մեկն ասում է.
«Սա իմ առաջին միջազգային փորձն է, և ես անչափ ոգևորված եմ։ Սպասում եմ նոր ընկերների, նոր հմտությունների ու փորձի, որը հետս Հայաստան կբերեմ՝ կիսելու ուրիշների հետ»։
Ամառային ճամբարը հարթակ է, որտեղ երիտասարդները սովորում են համատեղ ապրելու, բազմազանության հանդեպ հարգանքի, համագործակցության և համաշխարհային քաղաքացի լինելու հմտություններ։ Ծրագրում ներառված են ինտերակտիվ սեմինարներ, մշակութային և թիմային ակտիվ միջոցառումներ, սպորտային խաղեր։
Մեր համագործակցությունն JunOst կազմակերպության հետ շարունակական է, և մենք հաստատակամ ենք ընդլայնել հնարավորությունները՝ ավելի շատ երիտասարդների ներգրավելով նման միջազգային նախաձեռնությունների մեջ։
Հաջողություն ենք մաղթում մեր երիտասարդներին։ Մնացե՛ք կապի մեջ՝ ծրագրից թարմ լուրերի, լուսանկարների և պատմությունների համար։