
Խտրական վերաբերմունքի և վտարման դեպք՝ սեռական կողմնորոշման հիմքով
2025թ.-ի մայիսի 7-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ին (ՆՍՀԿ) է դիմել Ա․Ա․-ն։ Վերջինս հայտնել է, որ 2025թ.-ի մարտ-ապրիլ ամիսներին Երևան քաղաքի հոսթելներից մեկում վարձակալել է սենյակ։ 2025թ.-ի մայիսի 5-ին Ա․Ա․-ն հեռախոսազրույց է ունեցել իր զուգընկերոջ հետ, ով գտնվել է արտերկրում։ Վերջիններիս հեռախոսազրույցը լսելով ևպարզելով, որ Ա․Ա․-ն նույնասեռական է՝ հոսթելի տնօրենը միանգամից սենյակ է մտել և բռնի ուժով Ա․Ա․-ին դուրս հանել հոսթելից՝ օգտագործելով խտրական և վիրավորական արտահայտություններ՝ մասնավորապես՝ նշելով, որ «արվամոլին տեղ չի տալու»։
Ա․Ա․-ն փորձել է իր անձնական իրերը վերցնել, սակայն տնօրենը արգելել է մուտք գործել հոսթելի տարածք։ Ա․Ա․-ն, հոսթելի իր սենյակում ունենալով արժեքավոր իրեր, նույն օրը դիմել է ոստիկանություն։ Ոստիկանության հերթապահ բաժնի աշխատակիցները, տեղեկանալով, թե ինչու են անձին դուրս հանել հոսթելից, նրան հայտնել են, որ գործով հնարավոր կլինի զբաղվել հաջորդ օրը՝ աշխատանքային ժամերին։
Հաջորդ օրը՝ 2025թ.-ի մայիսի 7-ին Ա․Ա․-ն դիմել է ՆՍՀԿ։ Կազմակերպության աջակցությամբ կազմվել է գրավոր հաղորդում իրավասու մարմիններին ներկայացնելու նպատակով։
ՆՍՀԿ-ն հիշեցնում է, որ անձի սեռական կողմնորոշումը չի կարող հիմք հանդիսանալ իրավունքների սահմանափակման համար։ Նման գործելաոճը խախտում է ոչ միայն ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները, այլ նաև հակասում է միջազգային մարդու իրավունքների ստանդարտներին։