Առաջնորդվենք իրավունքներով. ՁԻԱՀ-Ի ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ-2024

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը, որը նշվում է ամեն տարի դեկտեմբերի 1-ին,  համաշխարհային մեծ շարժում է՝ ուղղված մարդկանց միավորելուն ՄԻԱՎ-ին և ՁԻԱՀ-ին հակազդմանը։

1988 թվականից նշվող ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը դարձել է կարևոր առիթ իրավապաշտպան և առողջապահական հանրության համար՝ համախմբվելու, անդրադառնալու ՄԻԱՎ-ի կանխարգելման և բուժման ընթացիկ մարտահրավերներին և աջակցելու այնպիսի քաղաքականություններին  ու պրակտիկաներին, որոնք առաջնային տեղ են հատկացնում մարդկանց արժանապատվությանը և հավասար իրավունքներին:

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն (ՆՍՀԿ) յուրաքանչյուր տարի անդրադարձ է կատարում օրվա խորհուրդին՝ տարբեր միջոցառումների, հանդիպում-քննարկումների, տեղեկատվական արշավների և այլ գործողությունների միջոցով։

Այսպիսով, ՆՍՀԿ-ի՝ 2024 թվականի ՁԻԱՀ-ի դեմ պայքարին նվիրված օրվա միջոցառումների շարքում էին ամենամյա ֆոտո-ուղերձներով տեղեկատվական արշավը և հանդիպում-քննարկումը ՀՀ պետական կառույցների, դիվանագիտական առաքելությունների, տեղական ու միջազգային կազմակերպությունների, բժշկական հաստատությունների, համայնքի ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

Հանդիպումը կարևոր հարթակ էր՝ անդրադառնալու Հայաստանում ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի դեմ պայքարում արձանագրված առաջընթացին, քննարկելու առկա մարտահրավերները և անհրաժեշտ հետագա քայլերը:

Այս տարվա միջոցառման պատվավոր հյուրերի շարքում էին ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը,Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Լուկաս Ռոզենկրանցը, Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Էնդրյու Թըրները, ԱՄՆ փոխդեսպան Դեյվիդ Ալլենը, ԱՀԿ ներկայացուցիչ և Հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդարթա Սանկար Դատտան,  Հայաստանում ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի ղեկավար  Ռոզա Բաբայանը, ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ներկայացուցիչները, ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Սպարտակ Պետրոսյանը և կենտրոնի աշխատակիցները, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի, ՀՀ-ում Ֆրանսիայի, ԱՄՆ, Շվեյցարիայի դեսպանատան, ԵՄ պատվիրակության, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի, ՄԱԿ-ի ՓԳՀ-ի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Բժիշկներ առանց սահմանների, Աշխարհի բժիշկներ-Ֆրանսիա ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության, Հայկական Կարմիր խաչի ընկերության, Թոքաբանության ազգային կենտրոնի, Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի, Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի ներկայացուցիչները, ինչպես նաև այլ պետական, դիվանագիտական ու միջազգային կառույցների, շահառու համայնքների, բուժհաստատությունների և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ։

 

Միջոցառումը մեկնարկեց ՆՍՀԿ նախագահ Սերգեյ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ բացման խոսքով, որին հաջորդեցին ողջույնի խոսքերը ՀՀ պետական, դիվանագիտական և միջազգային կառույցների ներկայացուցիչների կողմից՝

  • Ֆղանսուազ ԺԱԿՈԲ, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող
  • Սիդարթա ՍԱՆԿԱՐ ԴԱՏՏԱ, ԱՀԿ ներկայացուցիչ և Հայաստանյան գրասենյակի ղեկավար
  • Փոլ ՄՈՐԻՍ, Հայաստանում Բրիտանիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար
  • Դեյվիդ ԱԼԼԵՆ, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան
  • Սիդարթա ՍԱՆԿԱՐ ԴԱՏՏԱ, ԱՀԿ ներկայացուցիչ և Հայաստանյան գրասենյակի ղեկավար
  • Ռոզա ԲԱԲԱՅԱՆ, Հայաստանում ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի ղեկավար

Ողջույնի խոսքերը ամփոփվեցին ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի տարածաշրջանային ղեկավար Էյմոն ՄԵՐՖԻԻ տեսաուղերձով։

Միջոցառումը ներառում էր՝

—  Հայաստանի ՄԻԱՎ-ի կանխարգելման և բուժման հետ կապված իրավիճակի վերջին թարմացումները՝ կենտրոնանալով առանցքային բնակչության խմբերի շրջանում ՄԻԱՎ-ի կանխարգելման և այլ հարակից ծառայությունների հասանելիության վրա:

—  ՄԻԱՎ-ի կանխարգելման, խնամքի և բուժման ոլորտում 2021-2024 թվականների ձեռքբերումները, ներառյալ առանցքային խմբերի համար բուժման հասանելիությունը բարձրացնելու նպատակով իրականացված հաջողված նախաձեռնությունները և ծրագրերը:

—  Ակտիվ քննարկում՝ առկա բացթողումների, մարտահրավերների և շարունակական ուշադրություն պահանջող ոլորտների վերաբերյալ, այդ թվում՝ խարանի և խտրականության դեմ պայքարի, կենսական ծառայություններին ընդլայնված հասանելիության ապահովման համար անհրաժեշտ գործողությունների և միջոցառումների վերաբերյալ:

Մասնավորապես ներկայացվեցին հետևյալ թեմաները՝

  • ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելման պետական նպատակային ծրագիրը․ 2021-2024թթ․ կատարված աշխատանքը,  առկա բացերը ու մարտահրավերները՝ ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի մոնիթորինգի և գնահատման մասնագետ Նաիրա Սերգեևայի կողմից,
  • ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելման, խնամքի և աջակցության ոլորտում 2021-2024թթ․ կատարված աշխատանքը, ցուցանիշները, առկա բացերը ու մարտահրավերները՝ ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի համաճարակաբանական հսկողության և խորհրդատվության բաժնի վարիչ Վարդան Արզաքանյանի կողմից։

Կենտրոնանալով մարդու իրավունքների, հավասարության, առողջապահական ծառայությունների հասանելիության վրա՝ մասնակիցները ակտիվ և արդյունավետ քննարկումներ ունեցան Հայաստանում ՄԻԱՎ-ի կանխարգելման, բուժման և խնամքի վերաբերյալ՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության կարևոր դերը՝ ապահովելու համար, որ բոլոր անձինք՝ անկախ իրենց սոցիալական խմբից կամ ՄԻԱՎ կարգավիճակից, կարողանան օգտվել անհրաժեշտ ծառայություններից:

Ներկայացվեցին և քննարկվեցին ոլորտում իրականացված ծրագրերը, գրանցված առաջընթացները և հաջողությունները, միևնույն ժամանակ, նշվեց, որ մարտահրավերները դեռ բազմաթիվ են, մասնավորապես խոցելի խմբերի համար առողջապահական ծառայություններին շարունակական հասանելիության ապահովման հարցում։

 

Ընդգծվեց նաև, որ ՄԻԱՎ-ին հակազդմանն ուղղված Գլոբալ Հիմնադրամի ֆինանսավորումը 2025-2027 թվականների համար, ամենայն հավանականությամբ, կլինի վերջին` անցումային փուլը։ Այնուամենայնիվ, առկա են բազմաթիվ բացեր և խնդիրներ, որին ավելացել է նաև միգրանտների ու փախստականների զգալի ներհոսքը դեպի Հայաստան, ինչի արդյունքում մեծացրել է նաև ՄԻԱՎ-ի ծառայությունների պահանջարկը։ Այս պայմաններում, Գլոբալ Հիմնադրամի ֆինանսավորման ավարտից հետո Հայաստանը կարող է կանգնել լուրջ մարտահրավերների առաջ, հատկապես՝ խոցելի խմբերի համար ՄԻԱՎ-ի կանխարգելման ծառայությունների ապահովման առումով։

Այսպիսով, շեշտադրվեց շարունական շահերի պաշտպանության, կանխարգելման ծրագրերի ընդլայնման,ինչպես նաև առանցքային խմբերի իրավական պաշտպանության և կարողությունների զարգացման կարիքը։

2024 թվականի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումը, որը կազմակերպվել էր ՆՍՀԿ-ի կողմից՝ համագործակցելով ՄԱԿ-ի  ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի և ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի հետ, ինչպես նաև բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, կրկին հաստատեց բոլոր մասնակիցների հանձնառությունը՝ ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼՈՒ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՈՎ՝  ապահովելով, որ ՄԻԱՎ-ի կանխարգելումը, խնամքը և բուժումը հասանելի լինեն բոլորին՝ անկախ իրենց սոցիալական խմբից կամ ՄԻԱՎ կարգավիճակից:

 

Շարունակաբար կենտրոնանալով մարդու իրավունքների, ներառականության և համագործակցության վրա՝ մենք ավելի ու ավելի ենք մոտենում մինչև 2030թ․-ը ՄԻԱՎ համաճարակին վերջ դնելու նպատակի իրագործմանը:

Խորին շնորհակալություն ենք հայտնում այս տարվա ՁԻԱՀ-ի դեմ պայքարի օրվան նվիրված միջոցառման և տեղեկատվական արշավի բոլոր մասնակիցներին և աջակիցներին:

Համատեղ ջանքերն ու ցուցաբերված համերաշխությունը կրկին հաստատեցին, որ միասին մենք կարող ենք ստեղծել ավելի արդար և մարդասիրական միջավայր՝ ՄԻԱՎ-ի և այլ ծառայությունների հասանելիության, հետևաբար ՄԻԱՎ-ի արդյունավետ կանխարգելման և բուժման համար։

Բացի նկարագրված հանդիպում-քննարկումից՝ միջոցառումը նաև ներառում էր իրազեկվածության և տեսանելիության բարձրացմանն ուղղված պաստառներ, բաններներ, թռուցիկների ցուցադրություններ, լուսանկարահանումներ։ Տեսանելիության միջոցառումների շարքում էր տարբեր շահագրգիռ կողմերի, դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային և տեղական կազմակերպությունների կողմից տրամադրված լուսանկար-ուղերձներով պաստառների, ինչպես նաև 2024թ․ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա կարգախոսներով և խորհրդանիշներով պաստառների ցուցադրություն, որոնց հետ լուսանկարվելով՝ հյուրերը կրկին իրենց համերաշխությունը հայտնեցին օրվա խորհուրդին:

 

Միջոցառումը կազմակերպվել է Gilead Sciences կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։