ՄԻԱՎ-ի պերինատալ փոխանցման դեպքերը Հայաստանում
2024 թ. սեպտեմբերի 16-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի համակարգող Արտյոմ Մովսեսյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ-ի պերինատալ փոխանցման դեպքերի քննարկման նպատակով կազմակերպված ազգային խորհրդատվական հանդիպմանը:
Հանդիպումը կազմակերպել էր «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ը (ԻՀԱԿ):
Բանախոսներն էին ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալը, ԻՀԱԿ-ի տնօրենն ու բուժանձնակազմը: Հանդիպման ընթացքում քննարկվել են համաճարակաբանական իրավիճակի և ՄԻԱՎ-ի պերինատալ փոխանցման կանխարգելման նպատակով հղիներին բժշկական օգնություն ցուցաբերելու կարգի հարցեր։
Հիշեցնենք, որ 2016 թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաստատել է ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի՝ մորից երեխային փոխանցման վերացումը Հայաստանում։ «Երեխաների առողջ ծնունդ ապահովելը նշանակում է կյանքի հնարավորինս լավ սկիզբ տալ նրանց: Չափազանց հուսադրող է տեսնել, թե ինչպես են երկրները հաջողության հասնում այս երկու հիվանդությունների՝ մորից երեխային փոխանցման վերացման հարցում»,- ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Մարգարեթ Չանը։ «Սա հսկայական ձեռքբերում է. հստակ ազդանշան է այլ երկրներին, որ վերացումը հնարավոր է, և որ աշխարհը ՁԻԱՀ-ից զերծ սերունդ ունենալու ճանապարհին է»: Մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ի համաճարակին վերջ տալը առողջապահության և բարեկեցության ոլորտում Կայուն զարգացման նպատակների առանցքային թիրախներից է: