Տեղի ունեցավ ընտանեկան բռնության թեմայով արտագնա դասընթաց

2022թ-ի դեկտեմբերի 6-ից-7-ը   «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ-ն կազմակերպել էր «Ընտանեկան բռնություն. Բռնությունը  քվիր զուգընկերների միջև» թեմայով 2-օրյա արտագնա դասընթաց։

Դասընթացի նպատակն էր բարձրացնել մասնակիցների իրավագիտակցության և իրազեկվածության մակարդակը բռնության, մարդու իրավունքի, խարանից և խտրականությունից զերծ լինելու իրավունքի վերաբերյալ, ինչպես նաև տրամադրել համապարփակ գիտելիքներ ՀՀ-ում ընտանեկան բռնության դեպքերով իրավունքների պաշտպանության ընթացակարգերի վերաբերյալ։ 

Դասընթացի առաջին օրը փորձագետ, «Նոր Սերունդ» Մարդասիրական հասարակական կազմակերպության  իրավաբան Լուսինե Գասպարյանը ներկայացրեց «Մարդու իրավունքներ» թեման՝ անդրադառնալով վերջինիս զարգացման փուլերին և տեսակներին, ապա ներկայացրեց մարդու իրավունքների պաշտպանության միջազգային և ներպետական մեխանիզմները, իրավական ակտերը, ՀՀ-ի կողմից վավերացված միջազգային փաստաթղթերը։

Դասընթացի առաջին օրը  փորձագետն ամփոփեց  «Խտրականություն և դրա տեսակները» թեմայի ներկայացումով։

Դասընթացի երկրորդ օրը փորձագետը ներկայացրեց «Ընտանեկան բռնություն» թեման, դրա տեսակները, ապա անդրադարձավ  ոլորտային միջազգային և ներպետական իրավական ակտերին, պաշտպանության մեխանիզմներին ու ընտանեկան բռնության դեպքերի վիճակագրությանը ՀՀ-ում։ Հատկանշվեց քվիր զույգերի միջև բռնությունը իր առանձնահատկություններով,  ներկայացվեցին պրակտիկ օրինակներ, օրենսդրական մեխանիզմները և իրավական ընթացակարգերը։

Դասընթացը անցավ ակտիվ քննարկումների, հարց ու պատասխանների մթնոլորտում, որի ընթացքում մասնակիցները ստացան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները։  Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվեցին վկայականներ։  

 

 

Դասընթացը կազմակերպվել է «Ընտանեկան բռնություն քվիր զուգընկերների միջև» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից Քաղաքացիական հասարակության համագործակցության, Գերմանիայի Դաշնության արտաքին գործերի նախարարության և Quarteera e. V. կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։