ՆՍՀԿ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ «ԼՈՒՅՍԻ ԲԱՆԱԿ» ՌԲՀԿ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ

2022 թվականի օգոստոսի 2-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն (այսուհետ նաև ՆՍՀԿ) իր պաշտոնական սոցիալական հարթակներում հայտարարություն էր տարածել «Ուղիղ եթերում բռնություն է գործադրվում տրանս* անձի նկատմամբ» վերտառությամբ, տեղեկացնելով, որ «Լույսի բանակ» ՌԲՀԿ նախագահ Կարեն Արայանը  յութուբ սոցիալական ցանցում հրապարակել էր տեսանյութ«UԱSԿԱՑՐԵՑ SՐԱՆUԳԵՆԴԵՐԻՆ ԵՐԵՎԱՆԻ ՓՈՂՈՑՈՒՄ / ԿԵՑՑԵՍ ՎԱՀԵ» վերնագրով։ Տեսանյութի ամբողջ ընթացքում վերջինս հրապարակայնորեն արդարացնելով 2022 թվականի հուլիսի 31-ին ժամը 03։35-ի սահմաններում  ֆեյսբուք սոցիալական ցանցում  «Beda Yegiazaryan» անունով  օգտատիրոջ կողմից տրանս* անձի նկատմամբ գործադրված բռնությունը, նաև շնորհակալագիր հանձնեց բռնարարին՝ «հայրենանվեր» գործ կատարելու համար։ Վերջինիս գործողությունները պարունակում են ՀՀ քրեական օրենսդրությամբ նախատեսված հանցագործության հատկանիշներ, ինչպես նաև համաձայն «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 32-րդ  հոդվածի այն հանդիսանում է հասարակական կազմակերպության լուծարման հիմք։  

ՆՍՀԿ-ն վերոնշյալի վերաբերյալ ձեռնարկել էր գործուն քայլեր՝ դեպքի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացվել ՀՀ ոստկանություն, ինչպես նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ «Լույսի բանակ» ՌԲՀԿ-ն օրենքով սահմանված կարգով լուծարելու վերաբերյալ։  

ՆՍՀԿ-ի կողմից նեկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ։ Գործը գտնվում է նախաքննության փուլում։ Միաժամանակ նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից նշյալ ՀԿ-ն լուծարելու վերաբերյալ գրությունը վերահասցեագրվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու նպատակով։ 

 

Պարզաբանում 

  • ՀՀ քրեական օրենսգիրք․ 

Հոդված 329 

 1. Անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելը ենթադրում է քրեական պատասխանատվություն։ 

  • Հոդված 330․  

Անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 136-րդ, 151-րդ 313-րդ, 328-րդ, 329-րդ կամ 422-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշները՝ ենթադրում է քրեական պատասխանատվություն։ 

  •  «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք․ 

Հոդված 32․ 

 1․Լիազոր մարմինը Կազմակերպության հարկադիր լուծարման պահանջով դիմում է դատարան, եթե` 

1) Կազմակերպությունը գործունեության ընթացքում իրականացրել է սահմանադրական կարգը բռնի տապալելու կամ ատելություն բորբոքելու կամ բռնություն կամ պատերազմ քարոզելու գործողություն.