«ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԿ ՓԱՍՏԱԲԱՆ ԱՐԱ ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔ

2022 թվականի հունիսի 7-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վարդան Գրիգորյանի կայացրեց դատավճիռ Գ․Մ․-ի և Ս․Հ․-ի կողմից Ա․Ա․-ին (անունը փոխված է)  ծեծի ենթարկելու գործով։ 

Դատարանի որոշմամբ գործը կարճվել է և քրեական հետապնդումը դադարեցվել՝ վաղեմության ժամկետը լրանալու հիմքով: Դատարանի կողմից խախտվել են տուժողի  ՄԻԵԿ-ով սահմանված մի շարք իրավունքներ՝ արդար դատաքննության իրավունք , խոշտանգումներից և խտրականությունից զերծ մնալու իրավունք։ Վերոգրյալի վերաբերյալ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ(այսուհետ նաև ՆՍՀԿ) փաստաբան Արա Ղարագյոզյանի կողմից բողոք է ներկայացվել ՀՀ Վերաքննիչ դատարան։ 

Կազմակերպությունը ընթացքի մասին լրացուցիչ լուսաբանում կիրականացնի։ 

 

Գործի նախապատմությունը 

2020թ․-ի հուլիսի 15-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ է դիմել ՀՀ քաղաքացի Ա․Ա․-ն։ Վերջինս հայտնել է, որ 2020 թ․-ի հունիսի 3-ին իր ընկերների հետ գտնվել է Երևան քաղաքի իրենց ամառանոցում։ Մի խումբ անձինք հարձակվել են Ա․Ա․-ի տան վրա և հայոյելով պահանջել են հեռանալ՝ կապված Ա․Ա-ի և նրա ընկերների ենթադրյալ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հետ։  Սկսվել է վիճաբանություն, որից հետո այդ անձինք հայհոյելով ձեռքերով, ոտքերով և քարերով հարվածներ են հասցրել Ա․Ա․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ գլխի շրջանում։   

Ա․Ա․-ն նույն օրը դեպքի առթիվ հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն, որի հիման վրա  նախապատրաստված նյութերով  2020 թ-ի հունիսի 29-ին ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի ավագ հետաքննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով և այն ուղարկվել է ՀՀ Քննչական կոմիտեի Շենգավիթի վարչական շրջանի քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար։ ՀՀ Քննչական կոմիտեի Շենգավիթի քննչական բաժնի կողմից 2020 թ․-ի հուլիսի 6-ին որոշում է կայացվել քրեական գործը վարույթ ընդունելու մասին։   

Գործում ներգրավվել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը։   

ԱԱ-ն ճանաչվել է գործով տուժող։    

Մեղադրյալներից մեկի՝ Գ․Ս-ի նկատմամբ 2020 թ․-ի հոկտեմբերի 14-ին նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն։ 2021 թ․-ի մարտի 3-ին ստացվել է փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի մեղադրյալը համարվում է սահմանափակ մեղսունակ և ենթակա է քրեական պատասխանատվության։   

2021թ-ի ապրիլի 6-ին ավարտվել է  գործով նախաքննությունը և այն ուղարկվել դատարան։    

 Դատարանի կողմից դատական նիստերը նշանակվել են հիմնականում 3 ամիս ընդմիջումներով, որի վերաբերյալ  Կազմակերպության փաստաբան Արա Ղարագյոզյանը բողոք էր ներկայացրել ՀՀ Արդարադատության նախարարությանը։