ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄԸ ՏՐԱՆՍ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՐԵՎԱՆՈՒՄ

2022 թ.-ի հունիսի 13-ի գիշերը, լույս 14-ի առավոտյան ժամը 04։30-ի սահմաններում «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ (ՆՍՀԿ) է զանգահարել տրանս* անձ Ս․Ա․-ն (անունը փոխված է)։ Վերջինս հայտնել է, որ իր տուն այցելած անծանոթ անձը հեռանալիս ծեծի է ենթարկել իրեն, որի հետևանքով պատճառել է մարմնական վնասվածք կոտելով քիթը։ 

Անծանոթի հեռանալուց հետո Ս․Ա․-ի ընկերները նկատել են, որ վերջինս ընկած է գետնին և շտապ տեղափոխել են «Արմենիա» հանրապետական ԲԿ, որտեղ ստացել է առաջին բուժօգնություն։ Անհրաժեշտ բուժօգնություն տրամադրելուց հետո բժիշկը հայտնել է, որ կարիք կա վիրահատական միջամտության, որի համար Ս․Ա․-ին ուղեկցող անձից պահանջել են 150․000 /մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ։  

 

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ իրավաբանը անմիջապես ձեռնամուխ է եղել և դիմել Առողջապահության նախարարություն, սակայն պատշաճ արձագանք չի եղել։ 

Այնուհետև կապ է հաստատել Ս․Ա․-ին բուժող բժշկի հետ և քննարկման արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել վիրահատությունը կատարել և վճարման վերաբերյալ կնքել տարաժամկետման մասին պայմանագիր։ Պայմանագիրը կնքելուց հետո նշանակվել է վիրահատության ժամ, սակայն ժամեր անց բժիշկը մոտեցել է տեղեկացրել է, որ այն չեն կարող իրականացնել, եթե վճարը չկատարվի։ ՆՍՀԿ իրավաբանը կրկին կապ է հաստատել Առողջապահության նախարարություն, որի կողմից կրկին արձագանք չի եղել։ 

Կազմակերպության իրավաբանը կապ է հաստատել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի (ՄԻՊ) հետ։  Գործը գտնվում է ընթացքի մեջ։ 

 

ՆՍՀԿ-ի իրավաբանի հորդորով և խորհրդատվության արդյունքում տուժողը նաև ոստիկանություն հաղորդում է ներկայացրել դեպքի առնչությամբ։ 

 

 «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն խտորեն դատապարտում է շարունակական բռնությունը անձանց սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության պատճառով և կոչ է անում՝ 

  • Իրավապահ մարմիններին հետամուտ լինել և գործուն քայլեր ձեռնարկել մեղավորին հայտնաբերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար։ 
  • ՀՀ Կառավարությանը և ԱԺ-ին՝ հետագայում նմանատիպ դեպքերը բացառելու համար քայլեր ձեռնարկել խտրականության դեմ պայքարի օրենքի ընդունման ուղղությամբ։