ՄԻ ԽՈՒՄԲ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ
2022 թ․-ի հունիսի 7-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նորք Նորքի նստավայրում դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ տեղի ունեցավ Գ․Մ․-ի և Ս․Հ․-ի կողմից Ա․Ա․-ին (փոխված է) ծեծի ենթարկելու գործով դատական նիստը։
Նիստի ընթացքում պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել քրեական հետապնդումը դադարեցնելու գործով վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։
Մեղադրող դատախազը չի առարկել միջնորդության դեմ։
Գործով «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը ներկայացրել է համապատասխան առարկություն։
Նույն օրը դատարանի կողմից հրապարակվել է դատավճիռը։
Դատարանի վճռով գործը կարճվել է և քրեական հետապնդումը դադարեցվել վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն գտնում է, որ՝
- Դատավորի կողմից մտածված անգործություն է ցուցաբերվել՝ հնարավորություն տալով մեղավոր անձանց խուսափել քրեական պատասխանատվությունից։ Այս ամենի հետևանքով խախտվել է տուժողի ՄԻԵԿ-ով սահմանված մի շարք իրավունքներ՝ արդար դատաքննության, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու և այլն։
- Պետության կողմից քննության առարկա չի դարձվել ատելության հիմքով կատարված հանցագործությունը, որը հանգեցրել է տուժողի դաժան վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի խախտմանը ևս։
Կազմակերպությունը հետամուտ է լինելու տուժողի իրավունքների վերականգմանը։
Գործի նախապատմությունը։
2020 թ․-ի հուլիսի 15-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ է դիմել ՀՀ քաղաքացի Ա․Ա․-ն։ Վերջինս հայտնել է, որ 2020 թ․-ի հունիսի 3-ին իր ընկերների հետ գտնվել է Երևան քաղաքի իրենց ամառանոցում։ Մի խումբ անձինք հարձակվել են Ա․Ա․-ի տան վրա և հայոյելով պահանջել են հեռանալ՝ կապված Ա․Ա-ի և նրա ընկերների ենթադրյալ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հետ։ Սկսվել է վիճաբանություն, որից հետո այդ անձինք հայհոյելով ձեռքերով, ոտքերով և քարերով հարվածներ են հասցրել Ա․Ա․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ գլխի շրջանում։
Ա․Ա․-ն նույն օրը դեպքի առթիվ հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն, որի հիման վրա նախապատրաստված նյութերով 2020 թ․-ի հունիսի 29-ին ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի ավագ հետաքննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով և այն ուղարկվել է ՀՀ Քննչական կոմիտեի Շենգավիթի վարչական շրջանի քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար։ ՀՀ Քննչական կոմիտեի Շենգավիթի քննչական բաժնի կողմից 2020 թ․-ի հուլիսի 6-ին որոշում է կայացվել քրեական գործը վարույթ ընդունելու մասին։
Գործում ներգրավվել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը։
Ա․Ա․-ն ճանաչվել է գործով տուժող։
Մեղադրյալներից մեկի՝ Գ․Ս-ի նկատմամբ 2020 թ․-ի հոկտեմբերի 14-ին նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն։ 2021 թ․-ի մարտի 3-ին ստացվել է փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի մեղադրյալը համարվում է սահմանափակ մեղսունակ և ենթակա է քրեական պատասխանատվության։
2021 թ․-ի ապրիլի 6-ին ավարտվել է գործով նախաքննությունը և այն ուղարկվել դատարան։
2021 թ․-ի ապրիլի 15-ին ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վ․Լ․Գրիգորյանը որոշում է կայացրել գործը վարույթ ընդունելու մասին։
Դատարանի կողմից դատական նիստերը նշանակվել են հիմնականում 3 ամիս ընդմիջումներով, որի վերաբերյալ Կազմակերպության փաստաբան Արա Ղարագյոզյանը բողոք էր ներկայացրել ՀՀ Արդարադատության նախարարությանը։