Շարունակական ատելություն ու սպառնալիք․ տրանս* անձին ծեծի են ենթարկել

2022 թ.-ի հունիսի 5-ի գիշերը, լույս 6-ի առավոտյան ժամը 02։20-ի սահմաններում «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ (ՆՍՀԿ) է զանգահարել տրանս* անձ Հ․Ա․-ն։ Վերջինս հայտնել է, որ Վանաձոր քաղաքի փողոցներից մեկում զբոսնելիս մի խումբ անձինք մոտեցել են իրեն, և Հ․Ա․-ն վերջիններիս հայտնել է, որ տրանս* անձ է։ Դրանից հետո այդ անձինք փորձել են հարձակվել Հ․Ա․-ի վրա։ Տուժողը փորձել է փախչել և թաքնվել այլ մեքենայի մեջ։ Սակայն հետապնդող անձինք մեքենայի վարորդի օգնությամբ հայտնաբերել են վերջինիս և դաժան ծեծի ենթարկել։ Տուժողը զանգահարել է ոստիկանություն, սակայն այդ անձինք խլել են բջջային հեռախոսը և նետել։ Ոստիկանության աշխատակիցները, հեռախոսից լսելով ձայները, միանգամից մեկնել են դեպքի վայր։ Իրավապահ մարմինների մեքենաները տեսնելուց հետո այդ անձինք  տուժողին թողել են անօգնական վիճակում և շտապ  հեռացել։ Տուժողը ստացել է մարմնական լուրջ վնասվածքներ։ 

 

ՆՍՀԿ իրավաբանի կողմից տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն և կապ պահպանվել վերջինիս հետ։ Տուժողին ոստիկանության աշխատակիցները տեղափոխել են Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի  բաժանմունք` գրավոր հաղորդումը ներկայացնելու համար։ 

Տուժողը նաև հայտնել է, որ մինչ ոստիկանության բաժին տեղափոխելը ոստիկանության աշխատակիցների կողմից ծաղրի է ենթարկվել։ 

Հաղորդում ներկայացնելուց հետո տուժողը վերադարձել է տուն, որտեղ նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և ՆՍՀԿ իրավաբանի աջակցությամբ վերջինս զանգահարել է շտապօգնություն, որի աշխատակիցները նրան տեղափոխել են Վանաձորի ԲԿ և ցուցաբերել   համապատասխան բուժօգնություն։   

 

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն դատապարտում է խտրականության և բռնության ցանկացած դրսևորում՝ պայմանավորված  անձի սեռական կողմնորոշմամբ և գենդերային ինքնությամբ և կոչ է անում՝  

  • իրավապահ մարմիններին իրականացնել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն։ 
  • ՀՀ Կառավարությանը և ՀՀ ԱԺ-ին ձեռնարկել գործուն քայլեր ՀՀ-ում խտրականության դեմ պայքարի օրենքի անհապաղ ընդունման համար։ 

 

Կազմակերպությունը հետամուտ է լինելու գործի արդարացի քննության ընթացքին։