ԻՐԱԶԵԿ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ․ ԴԱՍԸՆԹԱՑ ՏՍՏ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ
2021թ-ի սեպտեմբերի 10-ից «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «ՄԻԱՎ վարակի կանխարգելումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում մեկնարկեց «Իրազեկ և պաշտպանված» խորագրով դասընթացների շարքը։ Դասընթացների նպատակն է զարգացնել ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի խմբերի կարողությունները սեռականության, առաջնորդության, ՄԻԱՎ-ի կանխարգելման, առողջության իրավունքի ոլորտներում, նպաստել շահառուների շրջանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ անվտանգ սեռական վարքագծի ձևավորմանը և որոշումների կայացման գործընթացում նրանց ներգրավվածությանը։
2022 թ․-ի ապրիլի 15-ին անցկացվեց հերթական դասընթացը, որը այս անգամ նախատեսված էր 30 ՏՍՏ շահառուների համար։
Դասընթացի առաջին հատվածում փորձագետ Լևոն Չիլինգարյանը ներկայացրեց «ՄԻԱՎ-ի կանխարգելումն ու թեստավորման կարևորությունը» թեման։ Դասընթացավար-փորձագետը խոսեց ՄԻԱՎ վարակի, փոխանցման ուղիների, ՄԻԱՎ-ի թեստավորման եղանակների և կարևորության մասին։ Քննարկումների արդյունքում մասնակիցները հասկացան ՄԻԱՎ-ի նկատմամբ անվտանգ սեռական վարքագիծ ձևավորելու, ինչպես նաև պարբերաբար թեստավորվելու կարևորությունը։
Դասընթացը շարունակեց կազմակերպության իրավաբան Շուշան Խնկոյանը, որը ներկայացրեց «Առողջության իրավունք» թեման։ Նա խոսեց բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս մարդու իրավունքներից, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման տեսակներից, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների իրավունքներից և պարտականություններից, ինչպես նաև ՄԻԱՎ վարակից առաջացած հիվանդության կանխարգելման մասին ՀՀ օրենքից։
Դասընթացն անցավ ջերմ մթնոլորտում, որտեղ մասնակիցները հնարավորություն ունեցան հղելու հարցեր, կատարելու մեկնաբանություններ և ստանալ սպառիչ պատասխաններ։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ Առողջապահության նախարարության ֆինանսավորմամբ ու ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերից, ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի միջոցով: