ԻՆՏԵՐՍԵՔՍ․ Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ, ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

«Միշտ մտածել եմ, որ իմ մարմինը չի կարող առողջ լինել, դրա համար էլ ես այդ փաստը մշտապես գաղտնի եմ պահել թե՛ հարազատներից, թե՛ ընկերներից։ Հիմա եմ հասկանում, որ երանի այդ վախերի վրա այդքան ժամանակ կորցրած չլինեի»,- ասում է Հայաստանում ինտերսեքս համայնքի ներկայացուցիչ Անդրանիկը (անունը փոխված է)։ Ըստ նրա՝ միայն գաղափարը, բառը՝ ինտերսեքս, արդեն իսկ մեկուսացնող է, թեև ինտերսեքս անձանց մասին շատ քիչ տեղեկություն է իմացել։

 

Նրա խոսքով՝ ծնողները անընդհատ տխրել են իր՝ ինտերսեքս կարգավիճակի պատճառով և իրենց վարքագծով ազդել Անդրանիկի վրա, որ վերջինս ևս ատի իր մարմինը։

 

 

Ծնողները, որոնք ունենում են ինտերսեքս երեխաներ, չպետք է որոշեն նրանց փոխարեն

Անդրանիկի խոսքով՝ կարողացել է հանդիպել մարդկանց, որոնք սովորեցրել են սիրել իր մարմինը, վերաբերվել են իրենց որպես առողջ անհատի, այլ ոչ թե հիվանդ մարդու, և նրանց հետ շփումը վերջինիս դարձրել է ինքնավստահ, սովորեցրել է չվախենալ սեփական եսից։ «Պարզվում է, որ ինչքան մենք կիսում ենք մեր փորձառությունը, այնքան մարդիկ ավելի կարեկից են դառնում»։

 

Անդրանիկն ասում է, որ վիրահատություններից, բժշկական միջամտություններից ավելի ցավոտը սեփական մարմնում մերժված լինելն է, և սեփական մարմնին չհարմարվելն է։

 

Նրա խոսքով՝ ծնողները հաճախ իրենք իրենց երեխաների փոխարեն որոշում են, բայց դա ճիշտ մոտեցում չէ․ «Ծնողները, որոնք ունենում են ինտերսեքս երեխաներ, չպետք է որոշեն նրանց փոխարեն։ Երեխան պետք է մեծանա և ինքնուրույն որոշի, թե ինչ է ուզում»,- ասում է Անդրանիկը։

 

Անդրանիկի պատմությունը  մեկն է այն պատմություններից, որոնք իրենց կյանքի ամբողջ ընթացքում վերապրում են ինտերսեքս անձինք: Նրանք մեր շրջապատում այդքան էլ քիչ չեն, սակայն հաճախ մենք նրանց չենք ճանաչում։ Հաճախ այս մարդիկ չեն հասկացվում ոչ միայն սեփական ծնողների կողմից, այլև չեն ստանում մասնագիտական, հոգեբանական-բժշկական  աջակցություն։

 

Հաճախ ծնողներն ու բժիշկները երեխայի՝ ինտերսեքս լինելու հանգամանքը թաքցնում են՝ որպես ամոթալի երևույթ, և ինչպես նաև այն պատճառով, որ ինտերսեքս անձանց մասին ինֆորմացիան բավականին քիչ է և աղավաղված։

 

Արդեն հաղթահարել եմ բոլոր վախերը, ավելին՝ օգնում եմ ինձ նման մարդկանց

 

Էլինան (անունը փոխված է) ևս Հայաստանում ապրող ինտերսեքս անձանցից մեկն է, նա ևս մեծացել է վախերով ու տարբերվող լինելու գիտակցումով շրջափակված։ Ծնվելիս նրան վերագրել են իգական սեռ, սակայն հետագայում գիտակցել է, որ ինտերսեքս է։ «Ես միշտ խուսափել եմ ընկերներիս մոտ հանվելուց։ Ես ծնողներիս վաղ տարիքում հարցեր էի տալիս իմ սեռական օրգանների մասին, ցանկանում էի իմանալ, թե ինչու է ինձ մոտ ամեն ինչ տարբեր մյուս աղջիկներից, սակայն նրանք պատասխան չունեին, որովհետև դեռևս կրթված չէին ինտերսեքս անձանց խնդիրների վերաբերյալ»,- պատմում է Էլինան։ 

 

Հասունացման տարիների ընթացքում նա այցելել է բժշկի, որն ուսումնասիրելուց հետո ասել է, որ հասունացումը ուշ է տեղի ունենում։ Հետո պարզվել է, որ վիրահատության կարիք կա։ «Վիրահատությունը չափազանց երկար տևեց, որովհետև բժիշկս առաջին անգամ էր ունենում ինձ նման պացիենտ։ Ես մինչև վերջերս էլ չեմ իմացել, որ ինտերսեքս եմ, քանի որ անգամ բժիշկները չէին օգտագործում տերմինը»,- ասում է Էլինան ՝ հավելելով, որ վիրահատությունից հետո համացանցում ծանոթացել է իր նման մարդկանց և կազմակերպությունների հետ, ծանոթացել ինտերսեքս անձանց խնդիրներին․ «Հիմա արդեն հաղթահարել եմ բոլոր վախերը, դեռ ավելին՝ օգնում եմ ինձ նման մարդկանց ընդունել իրենք իրենց»,- զրույցի վերջում ասում է Էլինան։

 

 

Ո՞վքեր են ինտերսեքս անձինք

 

Սեռը սովորաբար բաժանում են երկու կատեգորիայի՝ արական և իգական․ յուրաքանչյուր ոք, ով ունի XX քրոմոսոմներ, էստրոգենի ավելի բարձր մակարդակ, վուլվա, արգանդ և կրծքագեղձեր՝ մի կատեգորիայում, և բոլորը, ովքեր ունեն XY քրոմոսոմներ, տեստոստերոնի ավելի բարձր մակարդակ, առնանդամ, ամորձիներ և կրծքագեղձեր չունեն՝ մեկ այլ: Սակայն սա ամբողջական ինֆորմացիա չէ, երեխաները կարող են ունենալ ֆիզիկական բոլոր հատկանիշները, սակայն սա բավարար չէ արական և իգական սեռը որոշելու համար։

 

 

Ինտերսեքս անձանց իրավունքների պաշտպանության, բարձրացված հարցերի, Հայաստանում տիրող իրավիճակի մասին զրուցել ենք «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ կարողությունների զարգացման համակարգող, սեռականության փորձագետ Հմայակ Ավետիսյանի հետ։

 

Ի՞նչ վիճակում է Հայաստանում ապրող ինտերսեքս անձը, նրա իրավունքները ինչքանո՞վ են պաշտպանված։

 

Ինտերսեքսը կարգավիճակ է, երբ անձը ծնվում է վերարտադրողական և սեռական այնպիսի անատոմիայով, որը «չի տեղավորվում» արական կամ իգական հասկացություններում։ Հայաստանում ինտերսեքս անձանց շատ դեպքերում ենթարկում են վիրահատությունների հենց ծննդյան պահին, որպեսզի նրանց մարմինը հստակորեն տեղավորվի երկուական (տղամարդ կամ կին) գաղափարի մեջ։ Նախընտրությունը տղա երեխայինն է։ Բժիշկները նրանց վերագրում են իրավական սեռ՝ արական կամ իգական, ինչը, իհարկե, չի նշանակում, որ նրանք մեծանալու են, և իրենց մարմինը համապատասխանելու է իրենց գենդերային ինքնությանն ու արտահայտմանը։ Այստեղից էլ առաջանում են խնդիրները։ 

 

Ինտերսեքս կարգավիճակը բնական երևույթ է, այլ ոչ թե բժշկական խնդիր, ուստի երեխաներին բժշկական միջամտությունների ենթարկելու կարիք չկա։ 

 

Քանի որ ինտերսեքս լինելը տարբեր մակարդակներում է արտահայտվում, անձը շատ հաճախ կարող է ապրել ողջ կյանքը՝ առանց իմանալու, որ ինքն ինտերսեքս է։ Ինտերսեքս վարիացիա կարող է դրսևորել նաև քրոմոսոմային մակարդակում, ոչ թե գոնադային կամ սեռական տեսանելի օրգանների համակցություններով, և միայն հատուկ հետազոտությունները կարող են ցույց տալ, որ անձը ինտերսեքս է (ի դեպ, հետազոտությունները բավականին թանկ են և շատերին հասանելի չեն):

 

Ինտերսեքս անձինք այնքան էլ քիչ չեն, որքան շատերը պատկերացնում են։ Նրանք աշխարհում արդեն ունեն ձևավորված համայնք, որի ակտիվիզմի շնորհիվ առաջատար երկներում արդեն հարգվում են այդ համայնքի իրավունքները, և մշակույթներ են փոխվում։ Այսօր շատ ու շատ երկրներում հավատում են, որ ինտերսեքս երեխաները չպիտի ենթարկվեն անհարկի բժշկական միջամտությունների և վիրահատությունները, ընդհակառակը՝ պետք է մեծանան և իրենք որոշեն, թե ինչ բուժման են ուզում ենթարկվել կամ արդյոք ցանկանում են որևէ բան փոխել, թե ոչ։ 

 

Հայաստանը, իհարկե, հեռու է այս իրականությունից, որովհետև մեր երկրում դեռևս ինտերսեքս մարդիկ ճանաչված չեն, պետությունը չի էլ պատկերացնում, որ այս կարգավիճակով ծնվող երեխաներ կան, որոնք ունեն իրենց յուրահատուկ խնդիրները և կարիքները։ 

 

 

Հայաստանում ապրող ինտերսեքս մարդիկ ինչի՞ կարիք ունեն, արդյոք ստանու՞մ են բավարար բժշկական և հոգեբանական աջակցություն։

 

Ինտերսեքս անձանց շուրջ մի շարք կարծրատիպեր կան, որոնք խանգարում են նրանց ճանաչելու հարցում։ 

 

Նախևառաջ՝ պետք է պայքարել մեր բառամթերքի դեմ, զերծ մնալ այնպիսի ձևակերպումներից, որոնք կարող են վիրավորական կամ խտրական լինել ինտերսեքս մարդկանց համար։ Այդպիսի բառեր են՝ ղզողլան, հերմաֆրոդիտ, որձէգ և այլն, որոնք տարածված են հայերենում և խտրական են։ 

 

Ինտերսեքսը բնական կարգավիճակ է, սակայն մարդիկ շատ հաճախ այն կապում են տրանսգենդեր անձանց հետ։ Ինտերսեքս մարդիկ կարող են լինել տրանսգենդեր, սակայն կան նաև ցիսգենդեր ինտերսեքս մարդիկ, և ընդհանրապես, նրանք կարող են լինել ցանկացած գենդերի, ինչպես՝ ոչ բինար, տղամարդ, կին, ագենդեր և այլն։ 

 

Հաջորդը կարծրատիպը այն է, որ ինտերսեքս մարդիկ մուտացիայի արդյունք են։ Այս ձևակերպումը ոչ միայն ամբողջությամբ սխալ է, այլև վիրավորական։ 

 

Այսպիսի կարծրատիպերը հաղթահարելուց հետո միայն կարելի է խոսել ինտերսեքս մարդկանց իրավունքների պաշտպանության, նրանց բժշկական և հոգեբանական աջակցություն տրամադրելու մասին։ 

 

Իհարկե, կան համայնքահեն կազմակերպություններ, որոնք զբաղվում են այս խմբի իրավունքների պաշտպանությամբ, տրամադրում են ահրաժեշտ աջակցություն, սակայն պետական մակարդակում ոչինչ չի արվում։ 

 

 

 Ի՞նչ պետք է անեն ծնողները, երբ երեխայի ծննդից հետո պարզվել է, որ նա ինտերսեքս անձ է։

 

Ծնողները կարող են և պետք է խրախուսեն իրենց երեխաներին, աջակցեն, սիրեն այնպիսին, ինչպիսին նրանք կան։ Կարելի է նաև խորհրդակցել այլ ծնողների հետ, որոնք ունեն ինտերսեքս երեխաներ,և հնարավորություններ ստեղծել երեխայի համար շփվելու և հաղորդակցվելու այլ ինտերսեքս երեխաների հետ։ 

 

Ի՞նչ խորհուրդ կտաք ՀՀ-ում ապրող ինտերսեքս անձանց, ինչպես՞ պետք է պայքարեն իրենց իրավունքների համար։ 

 

Ինտերսեքս մարդիկ նույնպիսի մարդիկ են, ինչպես և մյուսները, ունեն զգացմունքներ, արժեքներ, արժանապատվություն։ Մարդու իրավունքները բոլորի համար են, և նրանք նույնպես պիտի վայելեն իրենց ազատությունը։ Ցանկանում եմ, որ բոլոր ինտերսեքս մարդիկ պայքարեն այն գաղափարի դեմ, որ «տարբերվողը վատն է», որովհետև բոլոր մարդիկ ունեն տարբերություններ։ Եվ կարևոր է, որ ինտերսեքս մարդիկ իմանան, որ իրենց իրավունքների համար մղվող պայքարում իրենք միայնակ չեն։ 

 

 

Ինտերսեքս անձանց մասին ինֆորմացիան այդքան էլ շատ չէ, իսկ Հայաստանում հաճախ լռում են նրանց մասին, սակայն այս կարգավիճակով մարդիկ հասարակության լիիրավ անդամներ են ։ Նրանց իրավունքներն ու հուզող հարցերը ևս պետք է բարձրաձայնվեն ու լուծվեն։

 

 

Հեղինակ՝ Ա․Մ․

 

 

 

Սույն լրագրողական նյութը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս նյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի և ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ: