«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ»

Յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 1-ին հիշատակվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը։ Այս օրը հռչակվել է 1988 թվականին՝ ՄԻԱՎ վարակի տարածման հետևանքով առաջացած ՁԻԱՀ-ի համաճարակի մասին իրազեկվածության բարձրացման նպատակով։

Այսպիսով, 1988 թվականից ձմռան առաջին օրը միջազգային հանրությունը օգտագործում է առիթը` ուշադրություն հրավիրելու խնդրին, միավորելու ջանքերը ՄԻԱՎ-ին ու ՁԻԱՀ-ին հակազդելու համար, աջակցություն հայտնելու ՄԻԱՎ-ով ապրող և ՄԻԱՎ-ից, ՁԻԱՀ-ից տուժած անձանց։

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն նույնպես ամեն տարի անդրադարձ է կատարում օրվա խորհրդին և կազմակերպում իրազեկման տարատեսակ միջոցառումներ՝ իր աջակցությունը ցույց տալու ՄԻԱՎ-ով ապրող և ՄԻԱՎ-ից տուժած անձանց, ևս մեկ անգամ շեշտելու ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելման կարևորության մասին, միջազգային հանրության, պետական մարմինների և հասարակության ուշադրությունը հրավիրելու ոլորտի հիմնախնդիրներին, իրականացվող գործողություններին, գրանցված հաջողություններին և դեռ առկա բացերին։

Կազմակերպության այս տարվա միջոցառումների շարքում էր «Հայաստանը մարտահրավերների կիզակետում» խորագրով հանդիպում-քննարկումը՝ նվիրված ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան։

Մեծապես կարևորելով դիվանագիտական կառույցների, պետական, միջազային և տեղական կազմակերպությունների, ինչպես նաև բուժհաստատությունների համագործակցությունը Հայաստանում ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի դեմ արդյունավետ պայքարի համատեքստում՝ կազմակերպությունը սեղանի շուրջ էր միավորել շահագրգիռ կողմերին՝ քննարկելու  ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի հետ կապված իրավիճակը Հայաստանում, ոլորտում գրանցված առաջընթացները, առկա խնդիրներն ու մարտահրավերները, ՄԻԱՎ-ի դեմ պայքարի և կանխարգելման նպատակով ձեռնարկվող  քայլերն ու միջոցառումները, իրականացվող ծրագրերը, անհրաժեշտ բարեփոխումները և հետագա անելիքները։

Քննարկմանը ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն․ Գ․ Անն Լույոն, Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան  Ն․Գ․ Պատրիկ Սվենսոնը, Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Նիկո Սխերմերսը, Արգենտինայի փոխդեսպան Լաուրա Ֆրակասսան, ԵՄ պատվիրակության քաղաքական հարցերի պատասխանատու, Մարդու իրավունքների հարցերով կոնտակտային անձ Մարիա Պապամիխայիլը, Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Քրիստինա Հանսելը, ՀՀ ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը, ՀՀ Առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի  ծրագրերը համակարգող խմբի, ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ինչպես նաև միջազգային և տեղական կազմակերպությունների, բուժհաստատությունների և շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ։

Հանդիպումը մեկնարկեց ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված տեսահոլովակի անդրանիկ ցուցադրությամբ։

Այնուհետև բացման խոսքով հանդես եկավ  «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի նախագահ Սերգեյ Գաբրիելյանը, ով ողջունեց ներկա հյուրերին ու շնորհակալություն հայտնեց մասնակցության համար՝ ընդգծելով ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելման ծրագրերի շարունակականությունը ապահովելու կարևորությունը հատկապես երկրում COVID-19-ով և պատերազմական իրավիճակով պայմանավորված  մարտահրավերների կիզակետում։ Իր խոսքում Սերգեյ Գաբրիելյանը մատնանշեց նաև ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի Հայաստանի կողմից ստանձնած պատասխանատվության իրականացման համար՝ պետական, դիվանագիտական, միջազգային և հասարակական կառույցների համագործակցության կարևորությունը՝ հիմքում դնելով առավել խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությունը, մասնավորապես առողջության իրավունքի ապահովումը։

Միջոցառման բացման խոսքին հաջորդեցին ողջույնի խոսքերը Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Անն Լույոյի, Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի, Եվրոպական միության պատվիրակության քաղաքական հարցերի պատասխանատու, Մարդու իրավունքների հարցերով կոնտակտային անձ Մարիա Պապամիխայիլի, Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Քրիստինա Հանսելի, ՀՀ Առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանի կողմից, ովքեր նույնպես իրենց խոսքում ընդգծեցին պետական, միջազգային և տեղական հասարակական կառույցների համագործակցության և միասնական ջանքերով անհավասարությունների դեմ պայքարի կարևորությունը ՁԻԱՀ-ին հակազդման գործում։

Ողջույնի խոսքերից հետո ՀՀ Առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի մոնիթորինգի և գնահատման մասնագետ Նաիրա Սերգեևան ներկայացրեց 2022-2026 թթ․ ՄԻԱՎ-ի դեմ պայքարի ազգային ռազմավարական ծրագիրը, պետության և ոլորտային ՀԿ-ների համագործակցությունը ռազմավարական ծրագրում։ Նաիրա Սերգեևայի ելույթին հաջորդեց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի վիճակագրության և մոնիտորինգի բաժնի վարիչ Մարիետա Միրզոյանի զեկույցը Հայաստանում ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի հետ կապված իրավիճակի մասին։

Այնուհետև «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի առողջապահական համակարգող Արտյոմ Մովսեսյանը ներկայացրեց կազմակերպության իրականացրած գործունեությունը Հայաստանի խոցելի խմբերի շրջանում ՄԻԱՎ-ի կանխարգելման ոլորտում։

Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը և  «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ նախագահ Ժենյա Մայիլյանը խոսեցին Հայաստանում ԹՆՕ-ների շրջանում ՄԻԱՎ-ի կանխարգելման մասին, Ժենյա Մայիլյանը ներկայացրեց նաև ՄԻԱՎ-ով ապրող անձանց տրամադրվող ծառայությունները։

 Հանդիպման ավարտին «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյանը ներկայացրեց ՄԻԱՎ-ին առնչվող ծառայությունների հասանելիությունը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում։

 Քննարկումը ամփոփեց «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը՝ կրկին շնորհակալություն հայտնելով հյուրերին մասնակցության և ակտիվ քննարկումների համար, և առանձնապես ընդգծելով  դիվանագիտական, պետական, միջազգային ու հասարակական կառույցների, բուժհաստատությունների և բոլոր այլ շահագրգիռ կողմերի միասնական ջանքերի կարևորությունը ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի դեմ արդյունավետ պայքարի հարցում։  

 

 

 

 

 

 

 

 

 

Միջոցառումը կազմակերպվել է «Համայնքի առողջության իրավունքը» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Gilead Sciences կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։