
Հանդիպում-քննարկում հայ բուժաշխատողների հետ՝ ընդգծելով ներառական առողջապահության և իրավունքների վրա հիմնված մոտեցումները
2025 թվականի սեպտեմբերի 18-ին Երևանում կայացավ հանդիպում-քննարկում հայ բուժաշխատողների հետ՝ «ԼԳԲՏ+ անձանց կարողությունների զարգացում Հայաստանում՝ բարելավված իրավական պաշտպանության, իրազեկման և տնտեսական ու սոցիալական ներառման միջոցով» ծրագրի շրջանակում։
Հանդիպման նպատակն էր բարձրացնել Հայաստանում բուժաշխատողների իրազեկվածությունը և մասնագիտական կարողությունները՝ անդրադառնալով մարդու իրավունքներին, ներառական առողջապահությանը և խոցելի խմբերի հետ աշխատանքի առանձնահատկություններին և էթիկական նկատառումներին։
Միջոցառման ընթացքում մարդու իրավունքների ոլորտի փորձագետներն անցկացրեցին տեղեկատվական սեսիաներ՝ անդրադառնալով հետևյալ կարևոր թեմաներին․
![]() |
![]() |
— «Ներառական առողջապահության կարևորությունը, առանձնահատկություններն ու էթիկական նկատառումները ԼԳԲՏԻՔ+ անձանց հետ աշխատելիս» թեման ներկայացրեց իրավաբան, առողջության իրավունքի հարցերով փորձագետ Վիոլետա Զոպունյանը։,
— «Առողջության իրավունք» և «Խարանից և խտրականությունից զերծ մնալու իրավունք» թեմաները ներկայացրեց իրավաբան Շուշան Խնկոյանը։
Քննարկումները ընդգծեցին առողջապահական ծառայությունների հավասար հասանելիության ապահովման, խարանի և խտրականության վերացման, ինչպես նաև Հայաստանի առողջապահական համակարգում էթիկական պրակտիկայի ամրապնդման հիմնարար կարևորությունը։
Բացման խոսքում «ՆՍՀԿ»-ի մարդու իրավունքների և շահերի պաշտպանության համակարգող Ալինա Միրզոյանը ընդգծեց բուժաշխատողների մասնագիտական կարողությունների զարգացման կարևորությունը․
«Ներառական և հավասար առողջապահական միջավայրի խթանումը կարևոր նախապայման է յուրաքանչյուր անձի իրավունքների և արժանապատվության պաշտպանության համար։ Այսպիսի նախաձեռնությունների միջոցով մենք ձգտում ենք ձևավորել ավելի ուժեղ, առողջ և ներառական հասարակություն Հայաստանում»։
![]() |
![]() |
Հանդիպումը ևս մեկ անգամ ընդգծեց քաղաքացիական հասարակության, միջազգային գործընկերների և Հայաստանի բուժաշխատողների միջև շարունակական համագործակցության կարևորությունը՝ մարդու իրավունքների խթանման և բոլորի համար առողջապահական ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ։
Ծրագիրն իրականացվում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի (ՆՍՀԿ) կողմից՝ Ֆրանսիայի դեսպանության ֆինանսական աջակցությամբ։