
Հայ երիտասարդները Գերմանիայում՝ ստեղծագործական ճամբարում
2025թ․-ի Հուլիս 17-ից 27-ը «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի աջակցությամբ Հայաստանից 12 երիտասարդներ մասնակցեցին Գերմանիայի Բահրետալ քաղաքում կազմակերպված միջազգային ամառային ճամբարին։
![]() |
![]() |
Ճամբարը նախաձեռնվել էր «JunOst» երիտասարդական կազմակերպության կողմից և միավորել էր մի շարք երկրների ներկայացուցիչների՝ նպատակ ունենալով խթանել միջմշակութային փոխանակումը, ստեղծագործական մտածողությունը և անձնական զարգացումը։ Ճամբարի հիմնական թեմաներն էին երիտասարդների ինքնաճանաչումը, սեփական ուժեղ կողմերի բացահայտումն ու զարգացումը՝ ստեղծագործական աշխատանքի միջոցով։
![]() |
![]() |
Այս ծրագիրը հատկապես ուղղված էր երիտասարդ ստեղծագործողներին՝ արվեստի տարբեր ճյուղերում իրենց հմտությունները զարգացնելու և միջազգային շփումների միջոցով նոր գաղափարներ ձեռք բերելու նպատակով։ Մասնակիցները ակտիվ ներգրավվածություն են ունեցել ծրագրի բոլոր բաղադրիչներում։
![]() |
![]() |
Նրանք համագործակցել են տարբեր երկրների երիտասարդների հետ՝ կիսվելով փորձով, մասնակցելով քննարկումների, թիմային աշխատանքների, ինտերակտիվ վարժանքների և մշակութային ներկայացումների։ Հայաստանի թիմի անդամները հանդես են եկել հայկական մշակույթի տարբեր ներկայացումներով։ Ոմանք մասնակցել են ազգագրական պարերի և երգերի ցուցադրությանը, իսկ մյուսները ներկայացրել են հայ նկարիչների, մասնավորապես Մարտիրոս Սարյանի արվեստը՝ ժամանակակից մեկնաբանություններով ստեղծված աշխատանքների միջոցով։
![]() |
![]() |
Բոլոր մասնակիցների համար սա առաջին այցն էր եվրոպական քաղաք, և նրանց տպավորությունները բացառիկ էին։ Նրանց խոսքով՝ եվրոպական արժեքների հետ անմիջական շփումը, կազմակերպվածությունն ու բազմազանությունը բացել են նոր հեռանկարներ և ինքնազարգացման ուղիներ։ Ճամբարի մասնակիցների համար ծրագրի իրականացումը հնարավոր դարձավ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի երկարամյա համագործակցության շնորհիվ, որն արդեն տասնյակ տարիներ իրականացնում է երիտասարդական փոխանակման ծրագրեր՝ համագործակցելով Գերմանիայի և այլ երկրների մի շարք կազմակերպությունների հետ։
![]() |
![]() |
Հայաստանյան խմբի ղեկավար Լևոն Չիլինգարյանը ճամբարին մասնակցում էր նաև որպես դասընթացավար և ջոկատավար։ Նրա խոսքերով՝ նման ձևաչափերը կարևոր հարթակ են երիտասարդների զարգացման և ինքնադրսևորման համար։ «Գալիք տարում պլանավորում ենք իրականացնել երկու նոր փոխանակման ծրագիր հայաստանաբնակ երիտասարդների համար, որտեղ նրանք կրկին կստանան միջազգային հարթակում ներգրավվելու հնարավորություն»,- նշել է Լևոն Չիլինգարյանը։