
Աշխատանքի իրավունքի խախտման հերթական դեպքը
2025թ. փետրվարի 13-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ (ՆՍՀԿ) է դիմել քաղաքացի Ա.Ս.-ն/տվյալները փոխված են/՝ ներկայացնելով իր աշխատանքային իրավունքների խախտման և խտրական վերաբերմունքի ենթարկվելու վերաբերյալ տեղեկություններ։
Ա․Ս.-ն ՆՍՀԿ-ին հայտնել է, որ նա 2025թ. հունվար ամսից աշխատանքի է անցել Երևան քաղաքի ռեստորաններից մեկում՝ փորձաշրջանով։ 2025թ․-ի փետրվարի 12-ին ռեստորանի մենեջերը Ա․Ս․-ին․ հայտնել է, որ արդեն աշխատանքի է ընդունված՝ որպես հիմնական աշխատակից, իսկ մեկամսյա փորձաշրջանի համար չի վճարվելու, ինչպես նաև աշխատավարձը գոյանալու է միայն այցելուների թողած թեյավճարներից։
Ա․Ս․-ին աշխատանքի ընդունելիս վերջինիս հետ չի կնքվել աշխատանքային պայմանագիր կամ համապատասխան անհատական իրավական ակտ։
Նույն օրը երեկոյան, աշխատանքային հերթափոխից հետո մենեջերը Ա․Ս․-ին տեղեկացրել է, թե ռեստորանի տնօրենը որոշել է դադարեցնել հետագա համագործակցությունը Ա․Ս․-ի հետ։
Ա․Ս․-ի փոխանցմամբ՝ այլ աշխատակիցների հետ զրույցից պարզվել է, որ ռեստորանի մեկ այլ աշխատակից, որի հետ Ա․Ս․-ն ընդհանուր ծանոթ ունի, տնօրինությանը հայտնել է Ա․Ս․-ի սեռական կողմնորոշման մասին։
ՆՍՀԿ-ի աջակցությամբ համապատասխան գրություններ են ուղարկվել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին/Տեսչական մարմին/ և Պետական եկամուտների կոմիտեին։ Գրությունների հիման վրա՝ 2025թ․ փետրվարի 20-ին Տեսչական մարմնի որոշմամբ հարուցվել է վարչական վարույթ, իսկ փետրվարի 21-ին ստեղծվել է զննում իրականացնող աշխատանքային խումբ՝ ռեստորանում զննում իրականացնելու նպատակով։
Բողոքներից հետո ռեստորանի տնօրինությունը Ա․Ս․-ին առաջարկել է համաձայնության գալ բողոքները հետ վերցնելու պայմանով, որին Ա․Ս․-ն չի համաձայնել։
Հարուցված վարչական վարույթը ավարտվել է 2025թ․-ի մարտին։ Տեսչական մարմնի կողմից արձանագրվել են խախտումներ և տրվել համապատասխան կարգադրագրեր։
Արդյունքում ռեստորանը Ա․Ս․-ին վճարել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափով, ներառյալ փորձաշրջանի ժամանակահատվածը։
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն՝ ի դեմս ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանի, նշում է, որ Ա․Ս.-ի գործը ևս մեկ վկայություն է այն իրողության, որ աշխատանքի շուկայում խախտվում են աշխատողների հիմնարար իրավունքները՝ պայմանավորված վերջիններիս սեռական կողմնորոշմամբ։ Նման դեպքերն անթույլատրելի են իրավական պետությունում, և ՆՍՀԿ-ն շարունակելու է աջակցել տուժողներին՝ վերականգնելու նրանց խախտված իրավունքները։