«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ողջունում է Համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակներում Հայաստանին ներկայացված առաջարկությունները ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ողջունում է Համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակներում Հայաստանին ներկայացված առաջարկությունները ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի (ՆՍՀԿ)՝ Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական վերանայման (ՀՊԴ) 49-րդ աշխատանքային խմբի հանդիպումներին  արդյունավետ մասնակցությունից հետո, ուրախ ենք տեղեկացնել, որ Հայաստանը ստացել է 27 առաջարկություն, որոնք վերաբերում են ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանությանը և խտրականության վերացմանը։

Այս առաջարկությունները ներկայացվել են տարբեր պետությունների կողմից և անդրադառնում են այն մտահոգություններին, որոնք բարձրացվել են հանդիպումների ընթացքում ՆՍՀԿ-ի և գործընկեր կազմակերպությունների կողմից։ Դրանք ընդգծում են օրենսդրական բացերը, ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ բռնության և խտրականության դեպքերը, առողջապահական ծառայությունների հասանելիության խնդիրները, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների գործունեության խթանման անհրաժեշտությունը։

«Մենք ոգեշնչված ենք միջազգային հանրության արձագանքով՝ Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ անհետաձգելի քայլերի անհրաժեշտության վերաբերյալ», — նշել է ՆՍՀԿ-ի նախագահ Սերգեյ Գաբրիելյանը, — «Այս առաջարկությունները հաստատում են մարդու իրավունքների պաշտպանների շարունակական ջանքերի կարևորությունը և կոչ են անում Հայաստանի կառավարությանը՝ կատարել իր միջազգային պարտավորությունները»։

 

Հայաստանի համար արված կարևոր առաջարկությունները ներառում են՝

  • Ընդունել համապարփակ հակախտրական օրենսդրություն, որը ներառում է սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով պաշտպանությունը,
  • Ապահովել ԼԳԲՏԻ անձանց պաշտպանությունը ատելության հիմքով հանցագործություններից, ինչպես նաև խթանել ոստիկանության և դատական մարմինների պատշաճ արձագանքը նման դեպքերի քննության հարցում,
  • Ապահովել առողջապահական ծառայությունների հասանելիությունը ԼԳԲՏԻ անձանց համար, ներառյալ ՄԻԱՎ-ի կանխարգելման և բուժման ծրագրերը,
  • Պայքարել ատելության խոսքի դեմ և խթանել հանդուրժողականությունը հասարակությունում, այդ թվում՝ պետական ծառայողների և իրավապահների վերապատրաստման միջոցով,
  • Ապահովել թափանցիկ և պարզեցված գործընթաց՝ գենդերի իրավական ճանաչման համար։

Այս առաջարկությունները համահունչ են այն խնդիրներին, որոնք ընդգրկվել էին 2024 թվականին ՀՊԴ-ին՝ Առողջության, իրավունքների, գենդերային և սեռական բազմազանության եվրասիական կոալիցիայի հետ համագործակցությամբ՝ ՆՍՀԿ-ի ներկայացրած՝ «Սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով մարդու իրավունքների խախտումները Հայաստանում» զեկույցում և քննարկվել 2025թ. մարտին Ժնևում կայացած հանդիպումների ընթացքում ։

 

Հետագա քայլեր

 

Մինչ Հայաստանը պատրաստվում է պատասխանել ներկայացված առաջարկություններին ոչ ուշ քան Մարդու իրավունքների խորհրդի վաթսուներորդ նստաշրջանը և կազմել իր պաշտոնական զեկույցը, ՆՍՀԿ-ն շարունակելու է հետևել գործընթացին և կոչ է անում Կառավարությանը՝ ապահովել իրական և արդյունավետ համագործակցություն քաղաքացիական հասարակության հետ առաջարկությունների իրականացման փուլերում։

Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր պետություններին՝ Հայաստանի համար արված կարևոր առաջարկությունների համար, և վերահաստատում մեր հավատարմությունը՝ հավասարության, արժանապատվության և արդարության խթանմանն ուղղված մեր առաքելությանը։