
Խտրական վերաբերմունքի դրսևորում պոլիկլինիկայում՝ պացիենտի սեռական կողմնորոշմամբ պայմանավորված
2025թ.-ի ապրիլի 8-ին Ա․Հ-ն այցելել է իր նոր տեղամասային պոլիկլինիկա՝ բժշկական հետազոտություններ անցնելու նպատակով։ Պոլիկլինիկայում խորհրդատվության արդյունքում բժիշկը որոշում է կայացրել անձին ուղեգրել նեղ մասնագիտացման բժշկի մոտ՝ ելնելով անձի խնդրից։
Խորհրդատվության ընթացքում Ա․Հ.-ն բժշկից ճշտումներ է կատարել «Արմեդ» համակարգում իր անունից գրանցված այցի մասին, որի վերաբերյալ վերջինս տեղեկություն չի ունեցել։ Բժշկի խնդրանքով Ա․Հ.-ն ցույց է տվել «Արմեդ»-ի իր էջը, որտեղ, ի թիվս այլ տվյալների, արտացոլված է եղել նաև անձի սեռական կողմնորոշման մասին նշում։
Դա տեսնելուց հետո բժշկի վերաբերմունքը Ա․Հ-ի նկատմամբ կտրուկ փոխվել է։ Կոպիտ տոնով ասել է Ա․Հ-ին, թե որևէ ուղեգրման կարիք չկա, կարող է գնալ։ Ա․Հ-ն չհասկանալով բժշկի վերաբերմունքի կտրուկ փոփոխության պատճառը՝ խնդրել է մանրամասնել թե ինչու ուղեգրման կարիք չկա։ Բժիշկը, առանց բացատրություն տալու, սկսել է բղավել, ապա սենյակից դուրս է հանել Ա․Հ-ին՝ ասելով, թե այսուհետ չի պատրաստվում նրան սպասարկել։
Նույն պահին Ա․Հ-ն ահազանգել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն (ՆՍՀԿ)։ ՆՍՀԿ իրավաբանը կապ է հաստատել պոլիկլինիկայի տնօրինության, այնուհետև բժշկի հետ։ Քննարկման արդյունքում անձին տրամադրվել է համապատասխան ուղեգիրը, իսկ բժշկի կողմից ներողություն են հայցել նման պահվածքի համար։
Ուշադրություն․
ՀՀ Կառավարության 404-ն որոշման համաձայն՝ նույնասեռականությունը դասվում է հոգեկան և վարքային խանգարումների շարքին։ Այդ հիմքով անձինք ազատվում են զինվորական ծառայությունից։ Համապատասխան ախտորոշումը տրվում է հոգեբույժի կողմից։
Նույնասեռականությունը հոգեկան խանգարում համարելը և «Արմեդ» համակարգում այդ տեղեկության արտացոլումը խախտում է մարդու արժանապատվությունը, անձնական տվյալների պաշտպանության իրավունքը և հակասում է ինչպես ՀՀ օրենսդրությանը, այնպես էլ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիվանդությունների միջազգային դասակարգմանը, որով նույնասեռականությունը հանվել է հոգեկան խանգարումների ցանկից դեռևս 1990թ.-ին։
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն բազմիցս բարձրաձայնել է այս խնդրի մասին և շարունակելու է իր հետևողական աշխատանքը՝ ապահովելու առողջապահական ոլորտում հավասար և խտրականությունից զերծ վերաբերմունք՝ անկախ սեռական կողմնորոշումից կամ գենդերային ինքնությունից։