
ՆՍՀԿ-Ն ՄԱՍՆԱԿՑԵՑ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ 49-ՐԴ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻՆ
2025թ․-ի փետրվարի 18-21-ը, Ժնևում տեղի ունեցան Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) աշխատանքային խմբի հանդիպումները՝ համաշխարհային ուշադրությունը հրավիրելով տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում տիրող մարդու իրավունքների հետ կապված իրավիճակին։
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ (ՆՍՀԿ) նախագահ, իրավապաշտպան Սերգեյ Գաբրիելյանը նշանակալից մասնակցություն ունեցավ հանդիպումներին՝ ներկայացնելով Հայաստանում խոցելի խմբերի, հատկապես՝ ԼԳԲՏՔԻ+ համայնքի հիմնախնդիրները։
Հանդիպումների ժամանակ, Ս․ Գաբրիելյանը ուշադրություն հրավիրեց իրավական և հասարակական արգելքներին, որոնք խոչընդոտում են ԼԳԲՏՔԻ+ անձանց լիարժեք ներառումը և պաշտպանությունը Հայաստանում։ Հատկապես մտահոգիչ են խտրականության, ատելության խոսքի, ատելության հիմքով հանցագործությունների դեմ պայքարին ուղղված նշանակալից բարեփոխումների բացակայությունը՝ չնայած այս խնդիրների լուծման համար Հայաստանի ստանձնած հանձնառությանը։ Օր․՝ չնայած 2021թ․-ին քրեական օրենսգրքի բարեփոխումներին՝ ուղղված խտրականության և ատելության հիմքով հանցագործությունների դեմ պայքարին, սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը (ՍԿԳԻ), այնուամենայնիվ, ներառված չէ՝ որպես պաշտպանված հիմք՝ ԼԳԲՏՔԻ+ անձանց զրկելով խտրականությունից և ատելության հիմքով հանցագործություններից լիարժեք պաշտպանության հնարավորությունից։ Մեկ այլ կարևոր խնդիր է, Հայաստանյան ներպետական օրենսդրական համակարգում նույնասեռականության դասակարգումը՝ որպես հոգեկան խանգարում, ինչը ոչ միայն նպաստում է խարանի ու խտրականության մեծացմանը հասարակության մեջ, այլև վտանգում է ԼԳԲՏՔԻ+ անձանց առողջությունը, խախտում նրանց իրավունքները ուսման, աշխատանքի և այլ ոլորտներում։
Սերգեյ Գաբրիելյանը նաև ներկայացրեց գենդերի իրավական ճանաչման հետ կապված խնդիրներն ու մարտահրավերները Հայաստանում, մասնավորապես՝ ոլորտին առնչվող որևէ կարգավորման բացակայությունը։
Մեջբերելով 2024 թվականին ՀՊԴ-ին ներկայացրած՝ «Սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով մարդու իրավունքների խախտումները Հայաստանում» զեկույցը՝ Գաբրիելյանը վերահաստատեց հիմնական առաջարկությունները, որոնք ներառում են․
- Ընդունել համապարփակ հակախտրականության օրենք, որը կներառի ՍԿԳԻ-ն՝ որպես պաշտպանվող հիմք բոլոր ոլորտներում, ներառյալ զբաղվածությունը, կրթությունը, առողջապահությունը և հանրային ծառայությունները,
- Վերջ դնել գեյ, բիսեքսուալ տղամարդկանց և տրանս անձանց՝ որպես հոգեկան խանգարում ունեցողների պիտակավորմանը։ Ապահովել այլընտրանքային պաշտպանության մեխանիզմներ՝ զինված ուժերում նրանց խտրականությունից և բռնությունից պաշտպանելու համար։ Չներառել ՍԿԳԻ-ի վերաբերյալ տեղեկությունները (ներառյալ՝ զինվորական ծառայությունից ազատման հիմքերը) անձի առողջական պատմության գրանցամատյաններում, այդ թվում՝ էլեկտրոնային առողջապահական համակարգերում։
- Ընդունել հակաբուլլինգային քաղաքականություն միջնակարգ և բարձրագույն կրթության համակարգում, որը կներառի ՍԿԳԻ-ն՝ որպես պաշտպանվող հատկանիշ։
- Ապահովել բավարար ռեսուրսներ մարդու իրավունքների ոլորտում ուսուցիչների կրթության և վերապատրաստման համար՝ ներառելով սեռական բազմազանության, գենդերային հավասարության ապահովման, ինչպես նաև ՍԿԳԻ և այլ հիմքերով խտրականության կանխարգելման թեմաները։
- Ներպետական հիվանդությունների միջազգային դասակարգիչը համապատասխանեցնել ՀՄԴ-11-ին (Հիվանդությունների միջազգային դասակարգման 11-րդ վերանայում) և կիրառել կիրառել վերջինիս չափանիշները՝ ապահովելով մատչելի, ոչ պաթոլոգիզացնող գենդերային ճանաչման գործընթացներ։ Ապահովել որակյալ հորմոնային թերապիա և ներառել գենդերային ինքնության հաստատման վիրահատությունները առողջապահական ծառայություններում։ Վերացնել իրավական գենդերային ճանաչման համար պարտադիր վիրաբուժական պահանջները և ստեղծել արդար, թափանցիկ և սահմանադրությանը համապատասխանող իրավական գենդերային ճանաչման համակարգ՝ համաձայն Եվրոպայի խորհրդի հանձնարարականների։
Այցի շրջանակներում ՆՍՀԿ նախագահը նաև հանդիպեց ILGA World և COC Netherlands կազմակերպությունների ներկայացուցիչների և Քենիայի, Ղրղզստանի, Լեսոտոյի, Թուրքիայի իրավապաշտպանների հետ։
Այս համագործակցային միջավայրը հնարավորություն տվեց Գաբրիելյանին՝ ներկայացնելու Հայաստանի մարտահրավերները ԼԳԲՏՔԻ+ իրավունքների ոլորտում՝ մասնավորապես ընդգծելով խտրականության, բռնության դեմ պայքարի, ՍԿԳԻ իրավական պաշտպանության ապահովման հետ կապված խնդիրները։
ՆՍՀԿ նախագահի մասնակցությունը ՀՊԴ հանդիպումներին կարևոր քայլ էր՝ բարձրացնելու համաշխարհային իրազեկվածությունը Հայաստանում խոցելի համայնքների առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ, ինչպես նաև վերահաստատելու ՆՍՀԿ հանձնառությունը մարդու իրավունքների, հավասարության և արդարության ջատագովության հարցում։