
Սեռական ծառայություն մատուցող կինը բռնության է ենթարկվել հաճախորդի կողմից
2025թ. փետրվարի 17-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն (ՆՍՀԿ) ահազանգ է ստացել սեռական ծառայություն մատուցող կնոջ՝ Ա․Մ․-ի (տվյալները փոխված են) նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ:
2025թ․-ի փետրվարի 15-ին Ա․Մ․-ի բնակարան է այցելել անծանոթ հաճախորդ՝ սեռական ծառայություններից օգտվելու նպատակով։ Ա․Մ․-ի ծառայություններից օգտվելուց հետո հաճախորդը հրաժարվել է վերջինիս վճարել պայմանավորված գումարը։ Վճարման հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում՝ այն պահին, երբ Ա․Մ․-ն սպառնացել է դիմել ոստիկանություն, վերջինս ենթարկվել է ֆիզիկական բռնության՝ հաճախորդը հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով տեսանելի մարմնական վնասվածքներ։
Ա․Մ․-ն դիմել է ոստիկանություն։ Դեպքի վայր ժամանած իրավապահները կազմել են համապատասխան արձանագրություն։ 2025թ. փետրվարի 17-ին ոստիկանության պահանջով Ա․Մ․-ն ներկայացել է բաժին՝ լրացուցիչ բացատրություն ներկայացնելու համար, սակայն վերջինիս չի տրամադրվել ուղեգիր՝ դատաբժշկական փորձաքննություն անցնելու համար։
ՆՍՀԿ-ի կողմից անձին տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն, ինչպես նաև ՆՍՀԿ-ի աջակցության արդյունքում Ա․Մ․-ն ուղեգրվել է դատաբժշկական փորձաքննության։
ՆՍՀԿ-ն դեպքի մասին լրացուցիչ կլուսաբանի։
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն դատապարտում է սեռական ծառայություն մատուցող անձանց նկատմամբ ցանկացած բռնություն ու խտրականություն և վերահաստատում է իր պատրաստակամությունը աջակցել տուժածներին՝ ապահովելով վերջիններիս իրավունքների պաշտպանությունը։