
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՈՒԹՐԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի շրջանակներում աութրիչի ծառայություն մատուցողները պարբերաբար անցնում են վերապատրաստման դասընթացներ՝ իրենց գիտելիքները թարմացնելու և բարելավելու, հմտությունները զարգացնելու և ծառայությունները առավել արդյունավետ դարձնելու նպատակով։
2024թ․-ի փետրվարի 5-ին հերթական վերապատրաստումը անցկացվեց ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների Ազգային կենտրոն» ՓԲԸ-ի (ԻՀԱԿ) պրոֆեսիոնալ թիմի կողմից՝ ընդգրկելով ինչպես նոր, այնպես էլ փորձառու աութրիչ աշխատողներին։ Դասընթացի մեկնարկին բացման խոսքով հանդես եկավ ՆՍՀԿ առողջապահական համակարգող Արտյոմ Մովսեսյանը՝ ներկայացնելով նախորդ տարիների ընթացքում կատարված աշխատանքի արդյունքները և ընդգծելով դրանց հիման վրա ծառայությունների շարունակական բարելավման կարևորությունը։
Դասընթացի շրջանակներում մասնակիցները ծանոթացան հետևյալ թեմաներին․
- ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի իրավիճակը Հայաստանում (Արուսիկ Պետրոսյան, մոնիթորինգի և գնահատման մասնագետ, ՀՀ ԱՆ ԻՀԱԿ)
- ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիները և կանխարգելման մեթոդները (Սիրանուշ Մարտոյան, բժիշկ-համաճարակաբան, ՀՀ ԱՆ ԻՀԱԿ)
- ՄԻԱՎ-ի կանխարգելում, նախա- և հետկոնտակտային կանխարգելում, ՀՌՎ բուժման սկզբունքներ, վիրուսային հեպատիտներ (Հերմինե Հովակիմյան, Ամբուլատոր կլինիկայի ղեկավար,ՀՀ ԱՆ ԻՀԱԿ)
- Տուբերկուլոզի վերաբերյալ խորհրդատվություն և կանխարգելման մեթոդներ (Աստղիկ Դավիդյան, բժիշկ-ինֆեկցիոնիստ, ՀՀ ԱՆ ԻՀԱԿ)
- Սեռավարակների վերաբերյալ ընդհանուր տեղեկացվածություն (Էմիլ Միրզոյան, բժիշկ-մաշկավեներաբան, ՀՀ ԱՆ Այրվածքաբանության և մաշկաբանության Ազգային Կենտրոն)
- ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվության սկզբունքները և աութրիչ աշխատանքի հմտությունները (Մարինե Ասրյան, ՀՀ ԱՆ ԻՀԱԿ՝ ՌԴ-ի օգնության ծրագրերի ղեկավար)
Դասընթացը ամփոփվեց գործնական աշխատանքով, որը ներառում էր ՄԻԱՎ-ի ինքնաթեստավորման թեստերի փորձարկում՝ ուսումնասիրելով հետազոտության արդյունքների մեկնաբանությունն ու տրամադրումը։ Գործնական աշխատանքները վարում էր ՀՀ ԱՆ ԻՀԱԿ Լաբորատոր ախտորոշման ծառայության ղեկավար Թամարա Հովսեփյանը։
Հիշեցնենք, որ ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի շահառուները հնարավորություն ունեն հետազոտվելու ոչ միայն ՄԻԱՎ-ի, այլ նաև սեռավարակների նկատմամբ՝ ստանալով համապատասխան խորհրդատվություն և բուժում։
Վերապատրաստման այս դասընթացը ևս մեկ քայլ էր դեպի ավելի արդյունավետ և գրագետ աութրիչ ծառայությունների մատուցում՝ հանուն հանրային առողջության բարելավման։
Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվեց հավաստագրեր։
«ՏՍՏ-ների և ԿՍԿ-ների շրջանում ՄԻԱՎ-ի կանխարգելման աշխատանքների իրականացման նպատակով» ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ Առողջապահության նախարարության, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերից` ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի հետ համագործակցությամբ։