
«ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ՀՀ ՔԿՀ-ՆԵՐՈՒՄ»․ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԴԱՍԸՆԹԱՑ ՔԿՀ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ
2024թ․ հունիսի 20-21-ը «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն (ՆՍՀԿ) կազմակերպել էր կրթատեղեկատվական դասընթաց ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների (ՔԿՀ) ոչ բժշկական անձնակազմի համար։
Դասընթացի նպատակն էր բարձրացնել ՀՀ ԱՆ ՔԿՀ ներկայացուցիչների իրազեկվածությունը և զարգացնել նրանց կարողությունները առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովման, ՄԻԱՎ-ի, ՏԲ-ի, հեպատիտների և այլ վարակների կանխարգելման և բուժման ոլորտներում, բարձրացնել նրանց զգայունությունը ՄԻԱՎ-ով ապրող ազատազրկված անձանց հետ աշխատանքի վերաբերյալ։
Դասընթացը մեկնարկեց ՆՍՀԿ ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի համակարգող Արտյոմ Մովսեսյանի բացման խոսքերով, վերջինս ողջունեց և շնորհակալություն հայտնեց մասնակիցներին՝ ներկա գտնվելու համար՝ ընդգծելով դասընթացի կարևորությունը ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում առողջապահական ծառայությունների խթանման հարցում։
Այնուհետև, ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի համաճարակաբանական հսկողության և խորհրդատվության բաժնի վարիչ Վարդան Արզաքանյանը ներկայացրեց «ՄԻԱՎ և ՁԻԱՀ. փոխանցման ուղիները, կանխարգելում և ՀՌՎ բուժում», «ՄԻԱՎ-ի նախակոնտակտային և հետկոնտակտային կանխարգելում (PrEP և PEP)», «Հեպատիտ B» թեմաները։
Ապա հաջորդեց «Սեռավարակներ․ կանխարգելում և բուժում» թեմայի ներկայացումը ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի սեռավարակների բաժանմունքի վարիչ Էմիլ Միրզոյանի կողմից։
![]() |
![]() |
Օրվա երկրորդ կեսը նվիրված էր «Տուբերկուլոզ․ Փոխանցման ուղիները, ախտանիշները և կանխարգելիչ միջոցները» և «Հեպատիտ C» թեմաներին, որոնք համապատասխանաբար ներկայացվեցին ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տուբերկուլոզի ազգային ծրագրի համակարգող/բժիշկ-ֆթիզիատոր Նաիրա Խաչատրյանի և «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության բժշկական կապերի գծով պատասխանատու Էմիլիա Ջամալյանի, նույն կազմակերպության առողջության խթանման պատասխանատու Շիրակ Քրուզյանի կողմից։
![]() |
![]() |
Դասընթացի երկրորդ օրը սկսվեց «Թմրամիջոցներ», «Մեթադոնային փոխարինող բուժում» թեմայի ներկայացումով ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի փոխարինող բուժման ծառայության ղեկավար Աննա Ասատրյանի կողմից։ Ապա փաստաբան, իրավական հարցերով փորձագետ Անահիտ Մկրտչյանը ներկայացրեց «Առողջության իրավունք. Առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովումը դատապարտյալների շրջանում» թեման, իսկ սոցիալական աշխատող Տաթևիկ Նալբանդյանը՝ «ՄԻԱՎ-ով ապրող ազատազրկված անձանց հետ աշխատանքի առանձնահակտությունները և զգայունությունը» թեման։
![]() |
![]() |
![]() |
Դասընթացը անցավ բուռն քննարկումների և ակտիվ մասնակցության մթնոլորտում, ավարտին մասնակիցներին շնորհվեցին մասնակցության վկայականներ։
Դասընթացը կազմակերպվել էր «Առողջապահական ծառայությունների հասանելիության խթանում Հայաստանի առանցքային բնակչության շրջանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից Gilead Sciences կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։