ԱՄՓՈՓՎԵՑ ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇԱՐՔԸ
2023թ․ի սեպտեմբերից դեկտեմբերը «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն (ՆՍՀԿ) իրականացրեց մի շարք դասընթացներ և տեղեկատվական հանդիպումներ՝ ուղղված ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների (ՔԿՀ) ազատազրկված անձանց կարողությունների զարգացմանը։
Դասընթացների նպատակն էր տեղեկատվական կրթական հանդիպումների միջոցով զարգացնել Հայաստանի ՔԿՀ-ների ազատազրկված անձանց կարողությունները և առաջնորդությունը ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի, հեպատիտների, տուբերկուլոզի, մեթադոնային փոխարինող բուժման և առողջության իրավունքի վերաբերյալ, ինչպես նաև տրամադրել կրթատեղեկատվական ու կանխարգելիչ նյութեր։
Դասընթացների ընթացքում ներկայացվել են հետևյալ թեմաները՝
- «ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի, հեպատիտների կանխարգելումը ազատազրկված անձանց շրջանում»;
- «Տուբերկուլոզի կանխարգելումը ազատազրկված անձանց շրջանում»;
- «Մեթադոնային փոխարինող բուժում»;
- «Առողջության իրավունք»։
Թեմաները ներկայացրել են ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն ՓԲԸ-ի (ԻՀԱԿ), ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի (ԹԱԿ), ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի (ԿԲԱԿ) և «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի փորձագետները՝
- Վարդան Արզաքանյան – ԻՀԱԿ-ի համաճարակաբանական հսկողության և խորհրդատվության բաժնի վարիչ;
- Քրիստինե Լալայան – ԻՀԱԿ-ի բժիշկ-համաճարակաբան;
- Սիրանուշ Մարտոյան – ԻՀԱԿ-ի բժիշկ-համաճարակաբան;
- Անիկ Ուլումյան – ԹԱԿ-ի մանկական բաժանմունքի ղեկավար, բժիշկ-ֆթիզիատոր/մանկաբույժ;
- Թորոս Հարությունյան – ԹԱԿ-ի ընդունարանի ղեկավար, բժիշկ-ֆթիզիատոր;
- Աննա Ասատրյան – ԿԲԱԿ-ի փոխարինող բուժման ծառայության ղեկավար;
- Անահիտ Մկրտչյան – ՆՍՀԿ փորձագետ, փաստաբան;
- Շուշան Խնկոյան – ՆՍՀԿ իրավաբան։
Դասընթացները կազմակերպվել էին ՀՀ Արդարադատության նախարարության «Արթիկ», «Սևան», «Վանաձոր», «Նուբարաշեն», «Աբովյան» «Արմավիր», «Դատապարտյալների հիվանդանոց», «Վարդաշեն» և «Գորիս» ՔԿՀ-ներում։
Դասընթացների արդյունքում հայաստանյան ՔԿՀ-ների 191 ազատազրկված անձինք զարգացրին իրենց կարողությունները և բարձրացրեցին իրենց իրազեկվածությունը ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի, հեպատիտների, տուբերկուլոզի, մեթադոնային փոխարինող բուժման և առողջության իրավունքի վերաբերյալ, ինչպես նաև ստացան կրթատեղեկատվական ու կանխարգելիչ նյութեր։
Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվել են հավաստագրեր, ինչպես նաև վերջիներս ունեցել են անհատական խորհրդատվությունների հնարավորություն թե՛ բժիշկների, թե՛ փաստաբանի ու իրավաբանի հետ։
Հաշվի առնելով գրանցված արդյունքները՝ ազատազրկված անձանց շրջանում նման դասընթացների շարքը լինելու է շարունակական։
Դասընթացները կազմակերպվել են «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «ՄԻԱՎ վարակի կանխարգելում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ՀՀ Առողջապահության նախարարության, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերից` ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի հետ համագործակցությամբ։
Դասընթացների իրականացմանը աջակցել են նաև ՀՀ Արդարադատության նախարարությունը, ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունը, ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը և ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ն։