ԻՐԱԶԵԿՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՄԱՎԱՐԱԿՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԻՋՈՑ․ ԴԱՍԸՆԹԱՑ ԽՈՑԵԼԻ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՐ

2023թ․ի հուլիսի 27-28-ը տեղի ունեցավ դասընթաց խոցելի խմբերի ներկայացուցիչների համար  COVID-19 -ի, Կ․ ծաղիկի, ՄԻԱՎ-ի, ինչպես նաև նման համավարակների ու համաճարակների կանխարգելման և հակազդման ուղիների վերաբերյալ։

Դասընթացի նպատակն էր բարձրացնել խոցելի խմբերի ներկայացուցիչների իրազեկությունը COVID-19 -ի, Կ․ ծաղիկի, ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիների և կանխարգելման միջոցների, բուժման ծառայությունների մասին, ինչպես նաև կազմակերպել  Հայաստանում հասանելի առողջապահական ծառայությունների վերաբերյալ տեղեկատվական և քննարկման հարթակ։

Դասընթացը մեկնարկեց «Առողջապահական ծառայությունների հասանելիությունը և կայունությունը Հայաստանում» քննարկման հարթակով, որի շրջանակներում մասնակիցները ծանոթացան հասանելի ծառայություններին, ապա իրենց հետաքրքրող հարցերը և կարիքները ներկայացրին պետական, միջազգային և տեղական կառույցների ներկայացուցիչ փորձագետներին՝ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի միացյալ ծրագրի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Ռոզա Բաբայանին, ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի վարակաբան Աստղիկ Դավիդյանին, Թոքաբանության ազգային կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն Լուսինե Եղիազարյանին և ավագ կլինիկական մասնագետ Լյուբով Նիկոլայանին, Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի բժկուհի Նուշիկ Հակոբջանյանին, ՆՍՀԿ ներկայացուցիչներին և այլ մասնակից փորձագետներին։

 

ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բժշկուհի, վարակաբան Աստղիկ Դավիդյանը դասընթացի մասնակիցներին ներկայացրեց «ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի,  COVID-19-ի և Կ․ ծաղիկ վիրուսի առանձնահատկությունները, փոխանցման ուղիները, կանխարգելման մեթոդները» թեման։

ՆՍՀԿ իրավական հարցերով փորձագետ Շուշան Խնկոյանը մասնակիցներին ներկայացրեց նաև «Առողջության իրավունք» թեման՝ ծանոթացնելով ներպետական և միջազգային պաշտպանության մեխանիզմներին, ՀՀ քաղաքացու առողջությանն առնչվող իրավունքներին, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքին, խտրականությունն արգելող ներպետական և միջազգային օրենսդրական կարգավորումներին։

Դասընթացի արդյունքում մասնակիցները թարմացրեցին գիտելիքները ՄԻԱՎ-ի և COVID-19 համավարակների վերաբերյալ, ծանոթացան Կ․ծաղիկի ախտանշաններին, կանխարգելման մեթոդներին, Հայաստանում հասանելի առողջապահական ծառայություններին, ինչպես նաև  հնարավորություն ստացան բարձրաձայնելու իրենց խնդիրներն ու կարիքները՝ առողջապահական ծառայությունների հասանելիության, իրավական կարգավորումների և գործընթացների առնչությամբ։

 

 Դասընթացը կազմակերպվել է «Իրազեկության բարձրացում և կանխարգելում՝ ի հակազդեցություն համավարակի բռնկմանը» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից Gilead Sciences կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։