«ԻՐԱԶԵԿ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ». Տեղի ունեցավ ԴԱՍԸՆԹԱՑ ԿՍԿ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ

2023թ․ի հունիսի 26-27-ը տեղի ունեցավ ԿՍԿ-ների համար նախատեսված դասընթաց, որը կազմակերպվել էր  «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից։

Դասընթացի նպատակն էր ԿՍԿ-ների շրջանում բարձրացնել իրազեկությունը ՄԻԱՎ-ի կանխարգելման և թեստավորման կարևորության, ՄԻԱՎ-ի կանխարգելման մեթոդների, փոխանցման ուղիների, սեռական ճանապարհով փոխանցվող վարակների վերաբերյալ, ինչպես նաև մեծացնել վերջիններիս իրավագիտակցությունը՝ գիտելիքներ տրամադրելով առողջության իրավունքի, խարանից և խտրականությունից զերծ լինելու իրավունքի ոլորտներից։

 

Դասընթացի մեկնարկին մասնակիցներին ողջունեց ՆՍՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը՝ ընդգծելով դասընթացի կարևորությունը և շնորհակալություն հայտնելով ներկայության համար։

Ողջույնի խոսքից հետո  Սերգեյ Գաբրիելյանը մասնակիցներին ներկայացրեց «ՄԻԱՎ-ի կանխարգելման և թեստավորման կարևորությունը» թեման, որի շրջանակներում մանրամասնորեն քննարկվեցին թե ինչ է ՄԻԱՎ-ը և ՁԻԱՀ-ը,  փոխանցման ուղիները, կանխարգելման մեթոդները։ Փորձագետը նաև տեղեկացրեց ՆՍՀԿ-ում հասանելի ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության և կանխարգելման ծառայությունների, ՍՃՓՎ-ների հետազոտության և բուժման , Հեպատիտ B, C-ի հետազոտության, ՄԻԱՎ-ի նախակոնտակտային և հետկոնտակտային կանխարգելման միջոցների համար ուղեգրման հնարավորությունների մասին։

Հաջորդ օրը իրավաբաններ Շուշան Խնկոյանը, Անահիտ Մկրտչյանը և ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Լիլիթ Անտոնյանը անցկացրեցին քննարկում «Մարդու իրավունք, մասնավորապես առողջության իրավունք, «Խարան և խտրականություն» թեմաների շուրջ։

 

 

Թեմաների շրջանակներում անդրադարձ կատարվեց  ներպետական և միջազգային պաշտպանության մեխանիզմներին, ՀՀ քաղաքացու առողջությանն առնչվող իրավունքներին, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքին, «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենքին, ՄԻԱՎ-ով ապրող անձանց իրավունքներին և պարտականությունններին, խարանի և խտրականության սահմանումներին, խտրականության դրսևորումներին ու տեսակներին, խտրականությունն արգելող ներպետական և միջազգային օրենսդրական կարգավորումներին։

Քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրին նաև այն խնդիրները, խարանն ու խտրականությունը, որոնց բախվում են առօրյա կյանքում, մասնավորապես առողջության իրավունքի իրացմնա համատեքստում, և փորձագետներից ստացան խորհուրդներ, ինչպես վարվել և ում դիմել նման իրավիճակներում։

 

Դասընթացը անցավ ակտիվ քննարկումների և հարցուպատասխանի մթնոլորտում՝ ներառելով տեսական և գործնական վարժանքներ, աշխատարաններ, թիմային վարժություններ։

 

Դասընթացը կազմակերպվել էր Gilead Sciences կազմակերպության ֆինանսական աջակցությամբ իրականացվող  «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ-ի/ՁԻԱՀ-ի կանխարգելման պետական նպատակային ծրագրին» ծրագրի շրջանակներում։