«ԻՐԱԶԵԿ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ». Տեղի ունեցավ ԼԱՅՖ-24 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿԸ ԿՍԿ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ
2023թ․ի հունիսի 26-27-ը տեղի ունեցավ ԿՍԿ-ների համար նախատեսված դասընթաց, որը կազմակերպվել էր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից։
Դասընթացի նպատակն էր ԿՍԿ-ների շրջանում բարձրացնել իրազեկությունը ՄԻԱՎ-ի կանխարգելման և թեստավորման կարևորության, ՄԻԱՎ-ի կանխարգելման մեթոդների, փոխանցման ուղիների, սեռական ճանապարհով փոխանցվող վարակների վերաբերյալ, ինչպես նաև մեծացնել վերջիններիս իրավագիտակցությունը՝ գիտելիքներ տրամադրելով առողջության իրավունքի, խարանից և խտրականությունից զերծ լինելու իրավունքի ոլորտներից։
Դասընթացի մեկնարկին մասնակիցներին ողջունեց ՆՍՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը՝ ընդգծելով դասընթացի կարևորությունը և շնորհակալություն հայտնելով ներկայության համար։
Ողջույնի խոսքից հետո Սերգեյ Գաբրիելյանը մասնակիցներին ներկայացրեց «ՄԻԱՎ-ի կանխարգելման և թեստավորման կարևորությունը» թեման, որի շրջանակներում մանրամասնորեն քննարկվեցին թե ինչ է ՄԻԱՎ-ը և ՁԻԱՀ-ը, փոխանցման ուղիները, կանխարգելման մեթոդները։ Փորձագետը նաև տեղեկացրեց ՆՍՀԿ-ում հասանելի ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության և կանխարգելման ծառայությունների, ՍՃՓՎ-ների հետազոտության և բուժման , Հեպատիտ B, C-ի հետազոտության, ՄԻԱՎ-ի նախակոնտակտային և հետկոնտակտային կանխարգելման միջոցների համար ուղեգրման հնարավորությունների մասին։
Հաջորդ օրը իրավաբաններ Շուշան Խնկոյանը, Անահիտ Մկրտչյանը և ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Լիլիթ Անտոնյանը անցկացրեցին քննարկում «Մարդու իրավունք, մասնավորապես առողջության իրավունք, «Խարան և խտրականություն» թեմաների շուրջ։
Թեմաների շրջանակներում անդրադարձ կատարվեց ներպետական և միջազգային պաշտպանության մեխանիզմներին, ՀՀ քաղաքացու առողջությանն առնչվող իրավունքներին, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքին, «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենքին, ՄԻԱՎ-ով ապրող անձանց իրավունքներին և պարտականությունններին, խարանի և խտրականության սահմանումներին, խտրականության դրսևորումներին ու տեսակներին, խտրականությունն արգելող ներպետական և միջազգային օրենսդրական կարգավորումներին։
Քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրին նաև այն խնդիրները, խարանն ու խտրականությունը, որոնց բախվում են առօրյա կյանքում, մասնավորապես առողջության իրավունքի իրացմնա համատեքստում, և փորձագետներից ստացան խորհուրդներ, ինչպես վարվել և ում դիմել նման իրավիճակներում։
Դասընթացը անցավ ակտիվ քննարկումների և հարցուպատասխանի մթնոլորտում՝ ներառելով տեսական և գործնական վարժանքներ, աշխատարաններ, թիմային վարժություններ։
Դասընթացը կազմակերպվել էր Gilead Sciences կազմակերպության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ-ի/ՁԻԱՀ-ի կանխարգելման պետական նպատակային ծրագրին» ծրագրի շրջանակներում։