
ՆՍՀԿ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՉԵՉՆԻԱՅԻ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՉԱՐՏԱՀԱՆՁՆԵԼ
2023թ-ի մայիսի 23-ին տելեգրամյան ալիքներով տարածվել է տեղեկատվություն, որ 2023թ-ի մայիսի 25-ին ՀՀ դատարանում քննվելու է Սալման Մուկաևի արտահանձնման հարցը։ Սալման Մուկաևը ձերբակալվել էր Չեչնիայի անվտանգության ուժերի կողմից 2020 թվականին՝ նույնասեռական լինելու կեղծ կասկածանքով։
Դեռևս 2021թ-ի հոկտեմբեր ամսին epress.am կայքը հրապարակել էր «Սալման Մուկաևի կյանքը վտանգված է․ Հայաստանը կարող է հանցակցել» վերնագրով նյութ։ Նյութում նշված էր, որ Չեչնիայի քաղաքացի Սալման Մուկաևի նկատմամբ Չեչնիայում անմարդկային ձևով են վարվել, խոշտանգել ոստիկանությունում։ Սալմանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել այլ բանի համար, սակայն իրական պատճառը եղել է այն, որ կասկածել են իր նույնասեռական լինելուն։ Չեչնիայի Գրոզնի քաղաքի ոստիկանական բաժանմունքում խոշտանգվելու ընթացքում Մուկաևը համաձայնել է բեմադրված ժամադրությունների հրավիրել տղամարդկանց և հանձնել նրանց ոստիկաններին, որից հետո նրան բաց են թողել ոստիկանության բաժանմունքից։ Տեղի իրավապաշտպանների օգնությամբ նա կարողացել է լքել Չեչնիան և հայտնվել Հայաստանում, որտեղից պետք է տեղափոխվեր երրորդ երկիր։ Քանի որ Սալման Մուկաևի նկատմամբ Ռուսաստանի Դաշնությունում հետախուզում է հայտարարվել, այդ իսկ պատճառով ՀՀ սահմանապահները նրան թույլ չեն տվել հատել Հայաստանի սահմանը և գնալ Եվրոպա։
ՆՍՀԿ-ն կոչ է անում Հայաստանի իշխանություններին չբավարարել արտահանձնման միջնորդությունը և չհանձնել Սալման Մուկաևին Ռուսաստանի Դաշնությանը, որտեղ նա կարող է ենթարկվել խոշտանգումների և կվտնագվի նրա կյանքն ու առողջությունը։