«ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՎԱՐԱԿՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ»․ ԴԱՍԸՆԹԱՑ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

2023թ․ի ապրիլի 27-28-ը «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն կազմակերպել էր դասընթաց բուժաշխատողների համար «Հիմնական բնակչության հետ աշխատանքի կարևորությունը և առանձնահատկությունները համավարակների կանխարգելման համատեքստում»։

Դասընթացի նպատակն էր բարձրացնել բուժաշխատողների իրազեկությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման նպատակային ծրագրի հիմնական բնակչության հետ աշխատանքի առանձնահատկություններին, խոցելի խմբերին կարիքահեն և կոմպետենտ ծառայությունների տրամադրման կարևորությանը, հատկապես համավարակների կանխարգելման համատեքստում։

Դասընթացի առաջին օրը դասընթացի մասնակիցները ծանոթացան միմյանց հետ, ապա իրավական հարցերով փորձագետ Շուշան Խնկոյանը ներկայացրեց Առողջության իրավունք թեման, խոսեց խոցելի բնակչության համար առկա ներպետական և միջազգային պաշտպանության մեխանիզմներից։ Օրվա մյուս կեսին փորձագետը ներկայացրեց Խարան և խտրականության դրսևորումները և տեսակները, խտրականությունն արգելող ներպետական և միջազգային օրենսդրական կարգավորումները։ Աշխատանքային օրը ամփոփվեց առողջապահական համակարգերում խտրականության դրսևորումների և առողջության իրավունքի խախտումները թեմաներով։

Դասընթացի երկրորդ օրը սեռականության և գենդերային հարցերի, առողջապահության կոմպետենտության մասնագետ Հմայակ Ավետիսյանը մասնակիցների հետ քննարկեց առողջապահական ոլորտում իրականացված տեղական և տարածաշրջանային հետազոտությունները, ոլորտում առկա խարանն ու խտրականությունը՝ որպես ծառայություններից օգտվելու խոչընդոտներ, և դրանց վերացման հնարավոր ուղիները, սեռականության հիմնական հասկացությունները, գենդերային ինքնությունները, և խոցելի խմբերի համար առողջապահական ծառայությունների սպեցիֆիկ փաթեթների անհրաժեշտությունը։

Փորձագետը մասնակիցներին ներկայացրեց նաև «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ-ի/ՁԻԱՀ-ի կանխարգելման պետական նպատակային ծրագրին» ծրագրի շրջանակներում ՀՀ ԱՆ Առողջապահության նախարարության և ՆՍՀԿ փորձագետի համատեղ ջանքերով բուժաշխատողների համար մշակված «Խոցելի խմբերին առողջապահական կոմպետենտ ծառայությունների տրամադրման ձեռնարկը»։

 

Դասընթացը անցավ ակտիվ քննարկումների և հարցուպատասխանի մթնոլորտում՝ ներառելով տեսական և գործնական վարժանքներ։

 

 

Դասընթացը կազմակերպվել էր Gilead Sciences կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։