ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՎՈՒՄ Է «ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ

Վրաստանի Հանրապետության «Ժողովրդական իշխանություն» խմբակցությունը «Օտարերկրյա ազդեցության գործակալների մասին» օրենքի նախագիծ է ներկայացրել Վրաստանի խորհրդարան։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել է  քվեարկության ժամանակ օրենքին աջակցելու պատրաստակամության մասին։ 

Նախագծով նախատեսվում է, որ ցանկացած կազմակերպություն կամ լրատվամիջոց, որը իր ֆինանսավորման 20%-ից ավելին ստանում է արտերկրից պարտավոր է գրանցվել «Օտարերկրյա ազդեցության գործակալների ռեեստրում», հակառակ դեպքում կարող է ենթարկվել պատժամիջոցների։ 

Նախագծով նաև նախատեսվում է ռեեստրում գրանցված կազմակերպությունների նկատմամբ ստուգումների իրականացում, որով կարող են պահանջել և հասանելիություն ունենալ կազմակերպություններից ծառայություններ ստացող անձանց անձնական տվյալներին՝ խախտելով անձնական տվյալների գաղտնիության իրավունքը։ 

 

Նմանատիպ օրենք ընդունվել  և գործում է ինչպես Ռուսատանի Դաշնությունում, այնպես էլ ԱՊՀ մի քանի երկրներում, որով ճնշումներ են գործադրում կազմակերպությունների և լրատվամիջոցների նկատմամբ։  Այդ երկրներում օրենքի ընդունման հետևանքով կրճատվել են մարդու իրավունքների և առողջության պահպանմանն ուղղված ծրագրերը, որոշ ՀԿ-ներ դատարանի կողմից լուծարվել են, որոշները հարկադրված են եղել ինքնալուծարվելու։ 

 

Վրաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ և նշել, որ նախագիծը չի համապատասխանում մարդու իրավունքների միջազգային և ներքին չափանիշներին, անհամատեղելի է ժողովրդավարական պետության հիմնարար սկզբունքներին։ 

 

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն (ՆՍՀԿ) միանում է այլ տեղական և միջազգային կազմակերպություններին՝ դատապարտելով նման օրենսդրական նախագիծը, որը կարող է վատթարացնել երկրում ժողովրդավարության վիճակը և ճնշումներ գործադրել` ոտնահարելով մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքները։ ՆՍՀԿ-ն կոչ է անում Վրաստանի խորհրդարանին չընդունել օրենքը և ցուցաբերել իրավունքակենտրոն քաղաքականություն՝ հավատարիմ մնալով մարդու իրավունքների միջազգային չափորոշիչներին։