«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն կազմակերպել էր կարողությունների զարգացման դասընթաց ՄԻԱՎ-ով ապրողների համար

2023 թ․ի փետրվարի 21-22-ը  «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն կազմակերպել էր կարողությունների զարգացման դասընթաց ՄԻԱՎ-ով ապրողների համար «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ-ի/ՁԻԱՀ-ի կանխարգելման պետական նպատակային ծրագրի» շրջանակներում։  

 Դասընթացը նպատակ ուներ բարձրացնել մասնակիցների իրազեկությունը մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների, խարանից և խտրականությունից զերծ լինելու, ինչպես նաև առողջության իրավունքի վերաբերյալ, և զարգացնել առաջնորդական հմտությունները։    

Դասընթացը մեկնարկեց «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի ծրագրերի օգնական Մամիկոն Բարխուդարյանի կողմից կազմակերպության, վերջինիս գործունեության հիմնական ուղությունների և առաքելության ներկայացումով, ապա մասնակիցները ծանոթացան միմյանց հետ ու սկսեցին դասընթացի առաջին մասը իրավական հարցերով փորձագետ, փաստաբան Անահիտ Մկրտչյանի հետ։ 

Դասընթացի առաջին մասում փորձագետը ներկայացրեց մարդու իրավունքներ թեման, որի շրջանակներում խոսեց մարդու իրավունքների ներպետական և միջազգային շրջանակից, առողջության իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների մասին։  

Օրվա մյուս կեսին փորձագետը ներկայացրեց «Խարան և խտրականություն» թեման, որի շրջանակներում քննարկվեցին խարանի և խտրականության սահմանումները, խտրականության դրսևորումներն ու տեսակները, խտրականությունն արգելող ներպետական և միջազգային օրենսդրական կարգավորումները։  

Դասընթացի երկրորդ օրը միջմշակութային հաղորդակցության և հռետորաբանության փորձագետ Հարություն Գևորգյանը ներկայացրեց առաջնորդություն թեման, ինչի շրջանակներում խոսեց առաջնորդության սկզբունքներից և մարդու վրա ազդեցության ձևերից։  


Դասընթացը անցավ ակտիվ քննարկումների և հարցուպատասխանի մթնոլորտում՝ ներառելով տեսական և գործնական վարժանքներ, աշխատարաններ, թիմային վարժություններ։ Դասընթացի ավարտին մասնակիցներին տրամադրվեցին մասնակցության հավաստագրեր։

 

 

 

Դասընթացը կազմակերպվել է Gilead Sciences կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։