ՄԻԱՎ-Ի ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԽԱՓԱՆ և ԱՊԱՀՈՎ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ Կ․ ԾԱՂԻԿԻ ԵՎ COVID-19 ՀԱՄԱՎԱՐԱԿՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ։ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԱՈՒԹՐԻՉ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ
2023թ․ի փետրվարի 22-23-ը տեղի ունեցավ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի (ՆՍՀԿ) ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի աութրիչ աշխատակիցների համար նախատեսված վերապատրաստման դասընթաց Կապիկի ծաղիկի, COVID-19-ի և ՄԻԱՎ-ի կանխարգելման աութրիչ աշխատանքի վերաբերյալ։
Դասընթացի նպատակն էր բարձրացնել աութրիչ աշխատակիցների իրազեկությունը և վերջիններիս վերապատրաստել Կապիկի ծաղիկի փոխանցման ուղիների և կանխարգելման միջոցների, COVID-19-ի, ՄԻԱՎ-ի կանխարգելման աութրիչ աշխատանքի, համավարակների պայմաններում ՄԻԱՎ-ի ծառայությունների անխափան և ապահով տրամադրման վերաբերյալ։
Դասընթացը մեկնարկեց COVID-19 համավարակի փոխանցման ուղիների և կանխարգելման միջոցների քննարկումով։ Թեման ներկայացրեց ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի (ԻՀԱԿ) ամբուլատոր կլինիկայի բժիշկ-ինֆեկցիոնիստ Ելենա Սիլկան։
Այնուհետև, ԻՀԱԿ-ի համաճարակաբանական հսկողության և խորհրդատվության բաժնի վարիչ Վարդան Արզաքանյանը մասնակիցներին ներկայացրեց «Կապիկի ծաղիկ (Կ․ ծաղիկ)» թեման, ծանոթացրեց փոխանցման ուղիներին և կանխարգելման միջոցներին։
Ավարտին ՆՍՀԿ փորձագետ Լևոն Չիլինգարյանը աութրիչ աշխատակիցների հետ քննարկեցին ՄԻԱՎ-ի կանխարգելման աութրիչ աշխատանքի առանձնահատկությունները։
Դասընթացի արդյունքում ՆՍՀԿ աութրիչները թարմացրեցին գիտելիքները Կ․ ծաղիկ և COVID-19 համավարակների վերաբերյալ, ամրապնդեցին համավարակների պայմաններում ՄԻԱՎ-ի ծառայությունների անխափան և ապահով տրամադրման հմտությունները։
Դասընթացը կազմակերպվել է «Իրազեկության բարձրացում և կանխարգելում՝ ի հակազդեցություն համավարակի բռնկմանը» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից Gilead Sciences կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։