ԺԱՄԱՆԱԿՆ Է ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ. ՆՍՀԿ-Ն ՆՇՈՒՄ Է ՁԻԱՀ-Ի ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԸ

Յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 1-ին հիշատակվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը։ Այս օրը հռչակվել է 1988 թվականին՝ ՄԻԱՎ վարակի տարածման հետևանքով առաջացած ՁԻԱՀ-ի համաճարակի մասին իրազեկվածության բարձրացման նպատակով։

 

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն (ՆՍՀԿ) ամեն տարի անդրադարձ է կատարում օրվա խորհրդին և կազմակերպում իրազեկման տարատեսակ միջոցառումներ՝ իր աջակցությունը ցույց տալու ՄԻԱՎ-ով ապրող և ՄԻԱՎ-ից տուժած անձանց, ևս մեկ անգամ շեշտելու ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելման կարևորության մասին, միջազգային հանրության, պետական մարմինների և հասարակության ուշադրությունը հրավիրելու ոլորտի հիմնախնդիրներին, իրականացվող գործողություններին, գրանցված հաջողություններին և դեռ առկա բացերին։

 

Կազմակերպության այս տարվա միջոցառումների շարքում էր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված հանդիպում քննարկումը Հայաստանում դիվանագիտական կառույցների, պետական, միջազգային և տեղական կազմակերպությունների, ինչպես նաև բուժհաստատությունների մասնակցությամբ։

 

Հանդիպումը սեղանի շուրջ էր միավորել շահագրգիռ կողմերին՝ քննարկելու  ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի հետ կապված իրավիճակը Հայաստանում, ոլորտում գրանցված առաջընթացները, առկա խնդիրներն ու մարտահրավերները, ՄԻԱՎ-ի դեմ պայքարի և կանխարգելման նպատակով ձեռնարկվող  քայլերն ու միջոցառումները, իրականացվող ծրագրերը, անհրաժեշտ բարեփոխումները և հետագա անելիքները։

 

Հանդիպումը մեկնարկեց «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի նախագահ Սերգեյ Գաբրիելյանի բացման խոսքով։ Ողջունելով միջոցառմանը մասնակից հյուրերին և շնորհակալություն հայտնելով ներկա գտնվելու համար՝ Սերգեյ Գաբրիելյանը ընդգծեց պետական, միջազգային և տեղական կառույցների միջև հաստատված սերտ համագործակցությունը Հայաստանում ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի դեմ արդյունավետ պայքարի համատեքստում, ինչպես նաև հիմնական բնակչության շրջանում ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելման ծրագրերի շարունակականությունը ապահովելու և գրանցված առաջընթացներին զուգահեռ դեռ առկա խնդիրները մատնանշելու կարևորությունը։

 

Քննարկմանը ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն․ Գ․ Պատրիկ Սվենսոնը, Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն․ Գ․ Անն Լույոն, Թագավորության փոխդեսպան Փոլ Մորրիսը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը, ՀՀ Առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի  ծրագրերը համակարգող խմբի, ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՀՀ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ),  ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ինչպես նաև դիվանագիտական, միջազգային և տեղական կազմակերպությունների, բուժհաստատությունների և շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ։

 

ՆՍՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը բացման ողջույններից հետո խոսքը փոխանցեց Հայաստանում Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին։ Վերջինս նույնպես կարևորեց Հայաստանում ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ոլորտում առկա բացերի և խնդիրների վերհանումը և այդ խնդիրների լուծմանն ուղղված համատեղ ջանքերի ներդնումը։

 

Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկան ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն․ Գ․ Պատրիկ Սվենսոնը, Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն․ Գ․ Անն Լույոն, Թագավորության փոխդեսպան Փոլ Մորրիսը, , ՀՀ Առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի մոնիթորինգի մասնագետ Նաիրա Սերգեևան, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի ղեկավար Ռոզա Բաբայանը,  ԱՀԿ հայաստանյան գրասենյակի Վարակիչ հիվանդությունների ծրագրերի գծով պատասխանատու Գայանե Ղուկասյանը, ՄՀՀ ներկայացուցիչ  Գրետա Հարությունյանը։

 

Դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները նույնպես ընդգծեցին պետական, միջազգային և տեղական հասարակական կառույցների համագործակցության և միասնական ջանքերով անհավասարությունների, խտրականությունների, նախապաշարմունքների դեմ պայքարի կարևորությունը ՄԻԱՎ-ին, ՁԻԱՀ-ին և այլ համավարակներին հակազդման գործում՝ անդրադարձ կատարելով տարվա կարգախոսին «Ժամանակն է հավասարության»։

 

Ն․Գ․ Անդրեա Վիկտորինը, մասնավորապես նշեց, որ անհրաժեշտ է հավասարեցնել ծառայությունների հասանելիությունը՝ կանխարգելելով, աջակցելով և ապրումակցում ցուցաբերելով։ Մեծարգո դեսպանը ընդգծեց նաև, որ ծառայությունների խոչընդոտների վերացման կարևոր գործոններից են կրթությունը դպրոցներում, պատասխանատու զանգվածային լրատվամիջոցները, ինչպես նաև բուժաշխատողների իրազեկության բարձրացումը։ Դեսպանն իր խոսքը ամփոփեց միավորման կոչով՝ «Եկե՛ք միասին ցույց տանք, որ մենք միավորված ենք այս պայքարում, հատկապես այն դեպքում, երբ այժմ արդեն հնարավոր է ՁԻԱՀ-ի բուժում իրականացնել։

 

Ն․Գ․ դեսպաններ Անն Լույոն և Պատրիկ Սվենսոնը անդրադարձան ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի դեմ պայքարում իրենց երկրներում գրանցված առաջընթացին՝ նշելով, սակայն, որ ՄԻԱՎ-ը դեռ կարևորագույն առողջապահական խնդիր է, և վերջիններս իրենց դիվանագիտական առաքելությունների պատրաստակամությունը հայտնեցին իրենց երկրների փորձը և աջակցությունը ներդնել Հայաստանում ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ ի դեմ պայքարի և 90-90-90-ին հասնելու հարցում։

 

Ն․Գ․ Պատրիկ Սվենսոնը մատնանշեց, նաև խոցելի խմբերի, մասնավորապես ԼԳԲՏՔ իրավունքների պաշտպանության և նրանց հանդեպ խտրականության և կարծրատիպերը կոտրելու կարևորությունը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համատեքստում։

 

Ողջույնի խոսքերից հետո ՀՀ Առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի մոնիթորինգի և գնահատման մասնագետ Նաիրա Սերգեևան ներկայացրեց «Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ-ի, ՁԻԱՀ-ի ու COVID-19-ի դեմ պայքարի ծրագրերը, մարտահրավերներն և ակնկալիքները»։

 

Այնուհետև, «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի առողջապահական համակարգող Արտյոմ Մովսեսյանը ներկայացրեց կազմակերպության իրականացրած գործունեությունը Հայաստանի խոցելի խմբերի շրջանում ՄԻԱՎ-ի կանխարգելման ոլորտում։

 

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի ներկայացուցիչ Սարգիս Ավետիսյանը ներկայացրեց ԹՆՕ-ների ու ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց շրջանում իրականացվող ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերը։

 

ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի և ծառայությունների ներկայացմանը հաջորդեց «ՄԻԱՎ և ՁԻԱՀ-ի կանխարգելման պետական նպատակային ծրագրի թիրախ խմբերի շրջանում ՄԻԱՎ-ի տարածվածության վերաբերյալ հետազոտության» ներկայացումը ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մոնիթորինգի և գնահատման բաժնի  վարիչ Մարիետտա Միրզոյանի կողմից։

 

Այնուհետև, ՀՀ «Մաշկաբանության ազգային կենտրոն»-ի սեռավարակների բաժնի վարիչ Էմիլ Միրզոյանը ներկայացրեց կենտրոնի աշխատանքը պետական նպատակային ծրագրի հիմնական բնակչության հետ, հաջողված համագործակցությունը ՆՍՀԿ-ի հետ, ոլորտում գրանցված առաջընթացը և բարելավման ուղիները։

 

Էմիլ Միրզոյանին հաջորդեց փորձագետ Լիլիթ Գևորգյանի կողմից մշակված «ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի թիրախ խմբերի ներկայացուցիչների վրա համավարակների, մասնավորապես՝ COVID-19-ի  ունեցած առողջապահական, տնտեսական և սոցիալական հետևանքներին հակազդելու ռազմավարության» ներկայացումը և այն համավարակների հակազդման պետական ու միջազգային ծրագրերում ընդգրկելու հնարավոր ուղիների քննարկումը։

 

 

 

Քննարկումը ամփոփեց «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը՝ կրկին շնորհակալություն հայտնելով հյուրերին մասնակցության և ակտիվ քննարկումների համար։ ՆՍՀԿ նախագահը հյուրերին առանձնակի շնորհակալություն հայտնեց ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ոլորտում առկա խնդիրները ակտիվ բարձրաձայնելու համար, ինչպես նաև ևս մեկ անգամ ընդգծեց դիվանագիտական, պետական, միջազգային ու հասարակական կառույցների, բուժհաստատությունների և բոլոր այլ շահագրգիռ կողմերի միջև հաստատված կարևոր համագործակցությունը ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի դեմ արդյունավետ պայքարի հարցում։

 

Միջոցառումը կազմակերպվել է «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ-ի/ՁԻԱՀ-ի կանխարգելման պետական նպատակային ծրագրին» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից Gilead Sciences կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։