Փոքրիկ, սակայն նշանակալից փոփոխություն ՄԻԱՎ-ի ոլորտում
Մինչև վերջերս գործող կանոնակարգերով, որոշ հիվանդություններ ունեցող անձանց չէր թույլատրվում տեղավորել բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում, որն առաջացնում էր բազմաթիվ խնդիրներ խնամքի կարիք ունեցող մեր հայրենակիցների համար՝ հաճախ հանգեցնելով անելանելի իրավիճակների:
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ սույն թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարությունը հաստատել է «Տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման կարգը, պայմանները, չափորոշիչները, աջակցության քարտի ձևը և տրամադրվող գումարի չափը սահմանելու, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը հաստատելու, ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն և հոկտեմբերի 29-ի N 1292-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծը, որով վերացվել են ՄԻԱՎ և ոչ մանրէազատ տուբերկուլոզ ունեցող տարեց եվ (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրումը մերժելու նախկինում գործող հիմքերը:
Վերոնշյալ որոշումը հնարավոր է դարձել «Համայնքների ներգրավվածություն, մարդու իրավունքներ, գենդերային հավասարություն» աշխատանքային խմբի, ՀՀ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված Միջոցառումները համակարգող հանձնաժողովին առընթեր գործող մշտական աշխատանքային խմբի, մի շարք հասարակական կազմակերպությունների ջանքերի շնորհիվ (որոնց շարքերում է եղել նաև «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն)՝ ՀՀ առողջապահության և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների միջև արդյունավետ ու հետևողական համագործակցության արդյունքում:
Օգտվելով առիթից՝ հիշեցնում ենք, որ ՄԻԱՎ-ը և ոչ մանրէազատ տուբերկուլոզը չեն փոխանցվում կենցաղային ճանապարհով, հետևաբար վերոնշյալ հիմքերով արգելքները պետք է խոչնդոտ չհանդիսանան մարդկանց բնականոն կենսագործունության համար: