«ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԿ-Ն ԿՐԿԻՆ ԹԻՐԱԽԱՎՈՐՎՈՒՄ Է, ՈՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՔԱՅԼԵՐ ԿՁԵՌՆԱՐԿԻ

2022 թ.-ի սեպտեմբերի 12-ին երեկոյան ժամը 22:30-ի սահմաններում Ֆեյսբուք սոցիալական ցանցում Vardan Ghukasyan Վարդան Ղուկասյան անունով օգտատերը ուղիղ եթեր է անցկացրել, որի ընթացքում անդրադարձ է կատարվել «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ին։  

 

Ուղիղ եթերի ընթացքում Vardan Ghukasyan Վարդան Ղուկասյան օգտատերը հեռախոսազրույց է ունեցել ոմն քաղաքացու հետ, ով չի ներկայացել։  Հեռախոսազրույցի ընթացքում անանուն անձը հրապարակային ներկայացրել է  իրականությանը չհամապատասխանող տվյալներ՝ նշելով, որ կատարվել են հանցագործություններ և որ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի (ՆՍՀԿ) նախագահ Սերգեյ Գաբրիելյանը տեղյակ է եղել և կոծկել է այդ ամենը ։ 

Այնուհետև, ՆՍՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը և ՀԿ-ի աշխատակից Արման Սահակյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իրենց անձնական էջերում  տեղադրել են հայտարարություններ՝ շեշտելով, որ Vardan Ghukasyan Վարդան Ղուկասյան օգտատիրոջ ուղիղ եթերի ժամանակ նման անհիմն հայտարարություններ կատարած անձին պետք է հայտնաբերել ոստիկանության միջոցով։ Նշված ֆեյսբուքյան հրապարակումից անմիջապես հետո նշված սոցիալական ցանցում  մեկնաբանությունների և անձնական նամակների տեսքով ակտիվ գրառումներ է սկսել կատարել տրանսգենդեր անձ ներկայացող ֆեյսբուքյան օգտատեր Larka Hovhannisyan-ը խոստովանելով, որ ինքն է ելույթ ունեցել Vardan Ghukasyan Վարդան Ղուկասյան օգտատիրոջ ուղիղ եթերում։   

 

Փաստացի, Vardan Ghukasyan Վարդան Ղուկասյան օգտատերը, գտնվելով ՀՀ-ից  դուրս, լիովին անտեղյակ լինելով իրադրությունից և զուտ հիմք ընդունելով  անանուն անձի հայտարարությունները, որոնք որևէ հիմնավորում կամ ապացույց չեն պարունակում, երեք անգամ անցկացրել է եթերներ այս թեմայով։   

 

Նման քայլերը անհարկի խոչընդոտներ են ստեղծում ՀՀ-ի կողմից իրականացվող ՄԻԱՎ-ի կանխարգելման պետական ռազմավարական ծրագրի իրականացման համար և ոտնահարում են ծրագրից  օգտվող տասնյակ հազարավոր քաղաքացիների իրավունքները։ 

 

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն վերոնշյալ դեպքի առթիվ համապատասխան քայլեր է ձեռնարկում, որոնց մասին լրացուցիչ կլուսաբանվի։